Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ աշխատանքը բարձր գնահատվեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան փորձը» քննարկման ընթացքում

ՄԱԲՀ աշխատանքը բարձր գնահատվեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան փորձը» քննարկման ընթացքում

News

ՄԱԲՀ աշխատանքը բարձր գնահատվեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան փորձը» քննարկման ընթացքում

calendar_today 15 March 2019

2019 թ. մարտի 15-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային եւ հայաստանյան փորձ» թեմայով քննարկում: Միջոցառումը նվիրված էր ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձևի վերաբերյալ գործողությունների առաջին ազգային ծրագրի ընդունմանը:

Միջոցառմանը մասնակցում էին կառավարության, միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, դիվանագիտական առաքելությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հաջորդ տարի մենք կնշենք 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը: Ցավալիորեն այդ բանաձևի ընդունման օրվանից ի վեր աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, աշխարհի շատ ծայրերում մարդիկ դեռ շարունակում են առերեսվել իրականությանը, ուր իշխում են բռնությունը, խտրականությունը և ատելությունը:

Մեր խորին համոզմունքն է, որ կանայք «խաղաղությանը և անվտնագությանն ուղղված փոփոխությունների հզոր դերակատարներ են», և անվտանգությանն ուղղված ջանքերն առավել կայուն են, երբ կանայք հավասար գործընկերներ են բռնի հակամարտությունների կանխարգելման, օգնության տրամադրման և վերականգնման գործողություններում, ինչպես նաև տևական և ամուր կարգավորմանը նպաստելու հարցում», - նշեց Արտաքին գործերի նախարարը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ 1325 բանաձևի վերաբերյալ գործողությունների ազգային ծրագրի ընդունմամբ Հայաստանը ցույց է տալիս, որ ամուր կանգնած է միջազգային հանրության հետ՝ բանաձևի իրականացման գործում:

Պարոն Շարփը խոսեց ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների՝ ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄԱԶԾ-ի և այլ գործակալությունների ներգրավվածության մասին: ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը բարձր գնահատեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հինգ տարվա համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ` պաշտպանական ոլորտում կանանց մասնակցության, Զինված ուժերի անձնակազմի շրջանում մարդու և կանանց իրավունքների միջազգային չափանիշների բարձրացման  և Զինված ուժերում կանանց պաշտպանվածության ու հավասար հնարավորությունների ապահովման գործում: Պարոն Շարփը նշեց նաև, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աջակցում է Պաշտպանության նախարարությանը՝ ռազմական բուհերի կին շրջանավարտների ծառայողական կարիերայի և աշխատավայրում սոցիալ-հոգեբանական հարմարեցման գործում:

«Անցյալ տարի հրավեր էի ստացել հանդիպելու Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կանանց հետ: Ես հիացած էի, թե ինչպես նրանցից շատերը, իրենց ընտանիքներում կամ նրանց ընկերների մեջ չունենալով զինվորական կանանց, ում կարող էին ընդօրինակել, քայլ առ քայլ ճանապարհ են անցել և հիմա իրենք կարող են ընդօրինակման առարկա դառնալ այլ կանանց եւ աղջիկների համար», - ասել է ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը:

Պարոն Շարփը վերահաստատեց ՄԱԿ-ի հանձնառությունը` շարունակելու արդյունավետ համագործակցությունը և աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ գործողությունների ազգային ծրագրի իրականացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց գենդերային հավասարությունը և մարդու և կանանց իրավունքների իրացումը: Նա նաև խոսեց ՄԱԿ-ի, մասնավորապես, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության մասին` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԶԾ-ի հետ:

Ողջույնի խոսքին հետևեց ՆԱՏՕ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Հաթչինսոնի ելույթը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող Կարինե Սուջյանը ներկայացրեց գործողությունների ազգային ծրագրի մանրամասները և նրա ընդունման ընթացքը:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրեց գործընթացը Պաշտպանության նախարարության տեսանկյունից: Պարոն Ավետիսյանը բարձր գնահատեց համագործակցությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ` պաշտպանական համակարգում կանանց դերի մեծացման և հավասար հնարավորությունների ապահովման գործում:

Քննարկումն անցկացվեց Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում, որին աջակցում էր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: