Երիտասարդները և դեպի 2030 թ․ճանապարհը
12-ը օգոստոսի, 2016 թ․
ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ վերահաստատելով և ճանաչելով երիտասարդների կենտրոնական դերն իրենց ընտանիքների, համայնքների և ազգերի բարեկեցությանը նպաստելու գործում: Այս տարվա թեման՝ «Դեպի 2030 թ. ճանապարհը․ աղքատության վերացում և կայուն արտադրություն ու սպառում» չէր կարող ավելի տեղին և ժամանակին լինել:
Ամբողջ աշխարհում ավելի քան 500 միլիոն երիտասարդներ ապրում են աղքատության մեջ և հաճախ չեն կարողանում հոգալ իրենց տարրական կարիքները: Նրանք չունեն կենսական անհրաժեշտության ռեսուրսներից օգտվելու հնարավորություն և աշխարհի աղքատների կազմում անհամաչափ մեծ բաժին են կազմում: Նրանք ամենաշատը կշահեն, եթե մենք կարողանանք վերացնել աղքատությունը և ամենաշատը կկորցնեն, եթե չկարողանանք: Լավ նորությունն այն է, որ երիտասարդները խնդիրը չեն, ինչպես հաճախ կարծում են, այլ, ըստ էության, լուծումը:
Անցյալ տարի Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «2030 թ․ կայուն զարգացման օրակարգը», որը մեզնից պահանջում է հավասարակշռել ներկա և ապագա սերունդների կարիքները, ստեղծել տնտեսական աճ՝ առանց ոչնչացնելու բնական ռեսուրսները և նվազեցնել սպառումը՝ միևնույն ժամանակ ապահովելով բարեկեցություն ու արժանապատիվ կյանք:
Այդ նպատակներին հասնելու համար հիմնարար փոփոխություն է անհրաժեշտ: Մենք պետք է որոշումներ կայացնենք ռեսուրսների բաշխման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ մտքում ունենալով ապագա սերունդների շահերը: Մենք պետք է ներդրումներ կատարենք սոցիալական ոլորտներում, որոնք բարելավում են անհատների և համայնքների դիմացկունությունը: Եվ մենք պետք է մարդու իրավունքների իրացումը դնենք զարգացման կենտրոնում:
Ողջ աշխարհում երիտասարդ բնակչության ծավալուն առկայությունը պատմական հնարավորություն է տալիս նշված փոփոխության խթանմանն ուղղված առաջընթաց գրանցելու և նորարարական լուծումներ ներդնելու համար: Դրա համար կարևորագույն նշանակություն ունի երիտասարդների՝ իրենց համայնքների և երկրների քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին մասնակցելու իրավունքների իրականացումը, և առանց խտրականության, բռնության կամ հարկադրանքի սեփական մարմինների, սեռականության և վերարտադրության վերաբերյալ ազատորեն տեղեկացված որոշումներ ընդունելու հնարավորությունը:
Երիտասարդներին զորացնել՝ նշանակում է նրանց տալ իրենց հասարակություններում էլ ավելի ազդեցիկ, արդյունավետ դերակատարներ դառնալու գործիքներ: Դրան հասնելու համար երկրները պետք է վերջ դնեն երիտասարդների՝ հատկապես դեռահաս աղջիկների առջև ծառացած խտրականության բոլոր ձևերին, ինչպիսիք են բռնի և մանկական տարիքում ամուսնությունը, սեռական բռնությունը, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հղիության, անապահով աբորտների և ՄԻԱՎ-ով վարակման, և սպառնալ շեղելու նրանց ապագան:
Այդ ջանքերի կենտրոնում պետք է լինի կրթությունից և առողջապահական՝ այդ թվում սեռական ու վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայություններից օգտվելու հնարավորության խթանումը: Այս համակցված քայլերը առանցքային նշանակություն ունեն աղքատության միջսերնդային շղթան քանդելու, բոլոր մարտահրավերներին հանդիման բնակչության դիմացկունությունն ամրապնդելու և նոր տնտեսության բերած հնարավորություններից օգտվելու համար:
Երիտասարդներն արդեն իսկ առաջ են մղում նորամուծությունները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, կայացնում են գիտակցված որոշումներ, որոնք էական ազդեցություն են ունենում սպառման և արտադրության պատկերի վրա, և միավորում են ջանքերը, որպեսզի ընկերությունները, կազմակերպությունները և կառավարություններն սոցիալապես և էկոլոգիապես ավելի պատասխանատու դառնան: Այնտեղ, որտեղ նրանք կարողանում են տեղեկություններ, տեխնոլոգիաներ, ֆինանսավորում, խորհրդատվություն և համագործակցության հարթակներ գտնել, երիտասարդ նորարարները կարողանում են իրենց գաղափարները վերածել փոխակերպող լուծումների:
ՄԱԲՀ-ն հպարտ է, որ համագործակցում է երիտասարդների հետ աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում՝ խթանելով նրանց մասնակցությունը և առաջնորդությունը, հնարավորություն տալով նրանց հաղթահարելու խոչընդոտները, նորարարություններ նախաձեռնելու և իրացնելու սեփական ողջ ներուժը:
ՄԱԲՀ-ն կոչ է անում կառավարություններին, զարգացման գործընկերներին և այլ ազդեցիկ դերակատարների՝ ընդունելու այնպիսի քաղաքականություններ, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը և մարդու իրավունքներին, և դեռահասների ու երիտասարդների առումով չափելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացը: Երիտասարդները պետք է որպես գործընկերներ ներգրավված լինեն այդ նպատակներին հասնելու գործին, քանի որ նրանք են այն սերունդը, որը ժառանգելու է մեր մոլորակը:
Այսօրվա 10 տարեկան աղջիկը 2030-ին՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակային տարեթվին կլինի 24 տարեկան չափահաս մարդ: Մենք պետք է ապահովենք, որ պատանեկության և երիտասարդության միջով նրա ճանապարհը թե՛ նրա, թե՛ նրա համայնքի և ողջ աշխարհի համար հանգեցնի պայծառ ապագայի և պատված լինի հարգված իրավունքներով, իրացված հնարավորություններով և կատարված խոստումներով:
***