You are here

ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը 2022 թ. Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Խարանն ու գենդերային խտրականությունը բաղադրում են նրանց իրավունքների և ընտրությունների մերժումը: Հաշմանդամություն ունեցող կանայք մինչև 10 անգամ ավելի հաճախ են ենթարկվում գենդերային բռնության, և հաճախ նրանց թույլ չեն տալիս օգտվել սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվությունից և ծառայություններից: Շատերը ենթարկվում են հարկադրական առողջապահական պրակտիկաների, ներառյալ հարկադիր ստերջացումը և աբորտը, ինչպես նաև դաժան վերաբերմունքի:

Մինչ աշխարհը հատում է 8 միլիարդ մարդկանց նշաձողը և գիտակցում այն առաջընթացը, որը հանգեցրել է ավելի երկար, ավելի առողջ կյանք ունենալուն, ժամանակն է վերացնել այն խորը անհավասարությունները, որոնց դեռևս բախվում են հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք: Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է բարգավաճել՝ հասանելիության խոչընդոտներից կամ արժանապատիվ կյանքի իր իրավունքի իրացման որևէ այլ խոչընդոտից զերծ:

ՄԱԲՀ-ում մենք կանգնած ենք «Մենք որոշում ենք» նախաձեռնության թիկունքում, որը գլոբալ ջանք է՝ ներառելու և հզորացնելու հաշմանդամություն ունեցող կանանց և երիտասարդներին: Գործընկերների հետ միասին, մենք խթանում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին նպաստող նորարարությունն ու տեխնոլոգիաները: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք մնում են թվային անջրպետի սխալ կողմում: COVID-19 համաճարակի ժամանակ, օրինակ, հեռավար ուսուցման շատ հարթակներ, այդ թվում՝ համապարփակ սեռական կրթության համար, լիովին հասանելի չէին, չնայած հաշմանդամություն ունեցող դեռահասները և երիտասարդները սեռական և վերարտադրողական առողջության մասին տարիքին համապատասխան տեղեկատվության կարիք ունեն, ինչպես ցանկացած այլ երիտասարդ:

Թվային աշխարհի խոստումը հսկայական է: Բջջային հեռախոսները, օրինակ, կարող են մուտք բացել տեղեկատվության և ծառայությունների հասանելիության համար՝ կյանքը փոխող օգուտներ բերելով: Այնուամենայնիվ, մուտք բացելը բավարար չէ. մենք պետք է ապահովենք համագործակցությունն ու մասնակցությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական գործընկերների հետ համախմբելը համատեղ նորարարության և ծառայությունների լուծումներ ստեղծելու մեր հանձնառության մի մասն է՝ ականջալուր լինելով կոչին. «ոչինչ մեր մասին՝ առանց մեզ»:

Սա մեր ուզած աշխարհ տանող բազմաթիվ քայլերից մեկն է, որն աշխատում է բոլորիս՝ բոլոր 8 միլիարդի համար: Դա հնարավոր չի լինի, եթե հաշմանդամություն ունեցող ավելի քան 1 միլիարդ մարդ մնան հետևում: Այսօր եկեք վերահաստատենք հանձնառությունն առ աշխարհ, որտեղ բոլորը ներառված են և ունեն բարգավաճման հավասար հնարավորություններ: Եկեք անենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու և հարգելու բոլորի իրավունքները, ընտրությունը և արժանապատվությունը։