Հասմիկ Խաչատրյանի պատմությունը Հայաստանում շատերը գիտեն: Հասմիկն ամուսնացել էր 19 տարեկանում և, այնուհետև, ինը տարի շարունակ ենթարկվել էր ընտանեկան բռնության: Այնուամենայնիվ, նա կարողացավ դուրս պրծնել,ոտքի կանգնել և նույնիսկ թխվածքի արտադրության սեփական գործը սկսել:
Գնահատելով այդ ճանապարհին նրա ցուցաբերած կամքի անհավատալի ուժը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հասմիկին հատուկ մրցանակ շնորհեց, որը հանձնեց ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» ամենամյա վեցերորդ մրցանակաբաշխության ժամանակ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կաջակցի Հասմիկին՝ հրուշակագործի հմտությունները բարելավելու դասընթաց անցնելու հարցում:
Մրցանակաբաշխության ժամանակ ՄԱԲՀ ծրագրերի համակարգող Ծովինար Հարությունյանը մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը բևեռեց Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի վրա և կոչ արեց սատար կանգնել Հասմիկի նման կանանց:
«Մենք հիացած ենք Հասմիկի կամքի ուժով, որը թույլ տվեց նրան ոտքի կանգնել: Ես հավատում եմ, որ Հասմիկն անպայման լինելու է հիմնական մրցույթի հաղթողներից մեկը», - ասաց Ծովինար Հարությունյանը:
Մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով, մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այս տարի մրցույթի հիմնական անվանակարգերն էին «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող»:
«Մեր հույսը դուք եք», - դիմեց Վարչապետը կին գործարարներին:
Բացի ՄԱԲՀ-ից, հատուկ մրցանակներ էին սահմանել նաև ԱՄՆ ՄԶԳ-ն, ԳՄՀԸ-ն, ՄԱԱԶԿ-ն, ՄԱՓԳՀ-ն և այլ գործընկերներ: