2024 թվականի դեկտեմբեր ամսին առոջապահության ոլորտի գործընկերներին ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մշակված «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակը։
Կլինիկական ուղեցույցը նախատեսված է բուժաշխատողների համար և մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
Ձեռնարկի ստեղծման համար հիմք են հանդիսացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Մանկաբարձների ու գինեկոլոգների քոլեջի ձեռնարկները և UpToDate շտեմարանի արդի տվյալները։ Ձեռնարկի հեղինակներն են Բժշկական Գիտությունների թեկնածու Վահե Գյուլխասյանը և կլինիկական հոգեբան Սիրանուշ Դավթյանը։
Հանդիպմանը հեղինակները ներկայացրեցին ուղեցույցի հիմնական բաղադրիչները, որին հաջորդեց հարց ու պատասխան մասնակիցների հետ։
Թագուհի Հարությունյան, ՄԱԲՀ Գենդերային ծրագրերի պատասխանատու․
«Սեռական բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների ընդլայնման նպատակով ՄԱԲՀ–ի կողմից նախաձեռնվել է սեռական բռնության դեպքերով կլինիկական վարում իրականացնելու ստանդարտացված ընթացակարգերի մշակումը։ Նախաձեռնության նպատակն է բժշկական հաստատությունների կողմից պացիենտների հետազոտումը և հետևանքների կանխարգելումն իրականացնել միասնական մոտեցմամաբ, միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ուղեցույցի ներդրմամբ հնարավոր կլինի ապահովել մատուցվող ծառայությունների համալիր բնույթը՝ սկսած առաջնային աջակցության տրամադրումից, մինչև հոգեբանական աջակցություն, անվտանգ միջավարի ապահովում և հետագա խնամքի տրամադրում»։
Խոսելով ուղեցույցում ներառված՝ սեռական բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի հոգեբանական ասպեկտների մասին Սիրանուշ Դավթյանը կարևորեց այդ հանգամանքը․
«Ինչու՞ է կարևոր, քանի որ սեռական բռնությունը համարվում է լուրջ հոգեբանական տրավմատիկ իրողություն մարդու կյանքում և միայն բժշկական աջակցությունն ամոքման պրոցեսին բավարար չի կարող լինել։ Ուղեցույցում կան հստակ խորհուրդներ մասնագետներին՝ ինչ անել և ինչ չանել, որոնք կօգնեն խուսափել երկրոդային տրավմատիզացիայից։ Կարևոր է նաև հետագա հսկողությունը, որպեսզի հասկանանք, արդյոք հոգեկան առողջության տեսանկյունից ունենք լրացուցիչ ուղղորդման կամ աջակցության կազմակերպման կարիք»։
Ուղեցույցի նախնական տարբերակն առաջիկայում կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ։