Հունիսի 16-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին ՄԱԲՀ և ՀՊՏՀ միջև: Հուշագիրը սահմանեց երկու կողմերի միջև համագործակցության շրջանակ` ի նպաստ Հայաստանում սոցիալական քաղաքականության և ծրագրերի զարգացման ներուժի բարելավման:
Հաշվի առնելով երկրում առկա ժողովրդագրական մարտահրավերներն ու ներկայիս հետպատերազմյան իրավիճակը՝ ՀՊՏՀ ռեկտորը և ՄԱԲՀ գրասենյակի ղեկավարը շեշտեցին ոլորտին առնչվող տվյալների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը և ողջունեցին համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը:
Այս համագործակցության շրջանակներում համատեղ ջանքերով կիրականացվի «COVID-19-ի և ԼՂՀ պատերազմի ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա» ուսումնասիրությունը: Այն կիրականացնի ՀՊՏՀ-ին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնը` ներգրավելով երիտասարդ և մրցունակ թիմ:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, կենտրոնի ավագ հետազոտող Ալբերտ Հայրապետյանը, Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ռուբեն Ղանթարչյանը , ինչպես նաև ՄԱԲՀ «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։
Ներկաները պատրաստակամություն հայտնեցին քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները և ժողովրդագրական խնդիրներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները: