2015 թ․ նոյեմբերի 5-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպեցին աշխատանքային քննարկում՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի իրականացմանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԳՆ, Ազգային Ժողովի, ՆԱՏՕ-ի և միջազգային ու դիվանագիտական այլ կառույցների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Պրն․ Ավետիսյանը ներկայացրեց 1325 բանաձևի իրականացման ընթացքը Հայաստանում՝ նշելով, որ երկիրը բավականին առաջ է շարժվել այդ ուղղությամբ, թեև անելիքներ դեռ, իհարկե, կան: Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավարի տեղակալ Քրիստինա Բալեյշիտեն խոսեց խնդրո առարկայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի լավագույն փորձի և տեսլականի մասին:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Վահան Ասատրյանը խոսեց պաշտպանության համակարգում կանանց ներգրավման վերաբերյալ ՄԱԲՀ օգնությամբ իրականացված հետազոտության մանրամասները, իսկ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը ներկայացրեց հրապարակման նախապատրաստվող «Կինը և բանակը» գրքի մասին տեղեկություններ:
Հանդիպումն ավարտվեց, սակայն աշխույժ քննարկումը դեռ երկար շարունակվեց նախասրահում:
ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը, որը վերաբերում է կանանց, խաղաղությանը և անվտանգությանը, Անվտանգության խորհուրդն ընդունել է 2000 թ․-ին: Այն վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման, խաղաղապահության, մարդասիրական արձագանքի եւ հետկոնֆլիկտային վերակառուցման հարցերում և կարևորում է նրանց հավասար մասնակցությունն ու լիարժեք ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության պահպանման ու խթանման բոլոր ջանքերի համար: Բանաձևը բոլոր դերակատարներին կոչ է անում բարձրացնել կանանց մասնակցությունը և ՄԱԿ-ի՝ խաղաղությանն եւ անվտանգությանն ուղղված բոլոր գործողություններում ներառել գենդերային տեսանկյունը: Այն նաև հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում հատուկ միջոցներ ձեռնարկել զինված հակամարտություններում կանանց և աղջիկներին սեռական բռնությունից պաշտպանելու համար: Բանաձևը նաև մի շարք կարևոր գործառնական մանդատներ է շնորհում, ինչը որոշակի հետևանքներ ունի անդամ պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միավորների համար: