You are here

Մամուլի հաղորդագրություն

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարել է «Համատեղ նորարարական մարտահրավերներ» նախաձեռնության հաղթողներին. տասը ծրագիր, որ կփոխեն կանանց և աղջիկների կյանքը։

 

Նյու Յորք, օգոստոսի 4, 2022

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, ուրախությամբ ներկայացնում է «Համատեղ նորարարական մարտահրավերներ» առաջին մրցույթի հաղթողներին։ Այն ֆինանսական աջակցություն կտրամադրի սոցիալական ձեռնարկություններին, որոնք ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների հզորացմանը նպաստելու նորարական լուծումներ են առաջարկում։ Հաղթած նախածերն առաջարկում են մի շարք նորարարություններ՝ նախաէկլամպսիայի համար շարժական ախտորոշման համակարգից մինչև սեղանի խաղ, որը տեղեկատվություն է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:

 

2022 թվականի մրցույթը, որը ֆինանսավորվում է ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդի կողմից և իրականացվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ, կպարգևատրի կանանց կողմից ղեկավարվող 10  կազմակերպությունների, որոնք ներկայացնում են աշխարհի հինգ տարբեր տարածաշրջաններ։ 

 

«Ստեղծագործական մտածողությունը և նորարարական լուծումներն առանցքային են ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների առաջընթացը խթանելու համար», - ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմը,- ««Equalizer»-ի միջոցով ՄԱԲՀ-ն ուրախ է աջակցելու ձեռնարկատերերի ակտիվ խմբերին և նրանց «իրավիճակ փոխող» գաղափարների իրականացմանը։ Շնորհիվ Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունների ֆինանսական աջակցության, կյանքեր փոխող նման ծրագրերի իրականացումը հնարավոր դարձավ»։

 

Մրցույթի ընթացքում ստացվել է 300 հայտ՝ 61 երկրից: Եզրափակիչ փուլում 20 մասնակիցներ փորձագիտական խմբին են ներկայացրել իրենց գաղափարները, որից հետո ՄԱԲՀ-ն 10 հաղթողների հետ ստորագրել է ինը ամսվա պայմանագիր և տրամադրել 60,000 ԱՄՆ դոլար՝ առանց նախապայմանների: Ֆինանսավորումը թույլ կտա այս կազմակերպություններին փորձնական փուլից անցնել ծրագրի մասշտաբային իրականացման: ՄԱԲՀ-ն և գործընկեր կառույցները կշարունակեն հետագայում ևս աջակցել սոցիալական ձեռնարկություններին` նպատակային մենթորությամբ, վերապատրաստման հնարավորություններով, ինտերակտիվ սեմինարներով և տրամադրելով բացառիկ հասանելիություն ՄԱԿ-ի ցանցին:

 

ՄԱԲՀ-ի «Հավասարության աքսելերատոր» ֆոնդը, որը հիմնադրվել է 2021 թ.-ին, աջակցում է կանանց և աղջիկների համար մայրական առողջության ծառայությունների և բեղմնականխման միջոցների հասանելիությանը և գենդերային բռնության վերացմանը նպաստող ծրագրերին։ Հիմնադրամը առանց նախապայմանների աջակցություն է տրամադրում այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ղեկավարում կամ համաղեկավարում են կանայք, և որոնք կարող են փաստարկված ցույց տալ իրենց ծրագրերի իրական ազդեցությունը՝ նրանց հնարավորություն ընձեռելով փորձարկել և ընդլայնել այդ նախագծերը։

 

«Համատեղ նորարարական մարտահրավերներ» մրցույթի հաղթողներն են.
 

«Paniamor» հիմնադրամ, Կոստա-Ռիկա.

  • Հիմնադրամը մշակում է նոր թվային գործիքակազմ դեռահաս աղջիկների համար՝ օգնելու կանխել առցանց բռնությունը։

 

«GerHub», Մոնղոլիա.

  • «GerHub»-ը շարժական կլինիկաների և հեռաբժշկության համակարգի միջոցով հեռավոր շրջանների կանանց և աղջիկներին տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մասին:

 

Նախաէկլամպսիային ուղղված գլոբալ նախաձեռնություն, Ուգանդա.

  • Դյուրակիր ախտորոշիչ համակարգ, որն օգնում է հղիների մոտ վաղ հայտնաբերել, ժամանակին ուղղորդել և արդյունավետ կառավարել նախաէկլամպսիան՝ կյանքին սպառնացող հիպերտոնիկ հիվանդություն, որը Աֆրիկայում հղիության հետ կապված մահերի մինչև 10%-ի պատճառն է։

«Hillspring Diagnostics» ախտորոշիչ ընկերություն, Նիգերիա.

  • Արտարգանդային հղիությունը հայտնաբերելու հեղափոխական մեթոդ, որը ժամանակին չախտորոշվելու և չբուժվելու դեպքում վտանգավոր հետևանքներ է ունենում, այդ թվում՝ հանգեցնելով մահվան։

«Իմփակտ ինովացիաների ինստիտուտ», Հայաստան.

  • «SafeYou» հավելվածը բացառիկ  թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց և աղջիներին պաշտպանվելու բռնությունից, ինչպես նաև առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։

«KızBaşına», Թուրքիա.

  • Իմերսիվ տեխնոլոգիաների կիրառում, որը նպատակ ունի կանխելու գենդերային բռնությունը՝  մարդկանց առաջարկելով սիմուլյացիոն իրավիճակներ՝ հիմնված կանանց կյանքի փորձի վրա:

«Tirando X Colombia», Կոլումբիա.

  • Ժամանակակից չաթ-բոթ, որը դեռահաս աղջիկներին տրամադրում է սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ որակյալ տեղեկություններ և ծառայություններ՝ օգնելով վերջ դնել դեռահասության շրջանում հղիությամբ պայմանավորված աղքատության շրջապտույտին։ =

«ToguMogu», Բանգլադեշ.

  • Ընտանիքի առողջության և բարեկեցության «մեկ պատուհան» հարթակ, որը ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկություններ և ծառայություններ է տրամադրում երիտասարդ կանանց և նորածիններ ունեցող մայրերին:

 

«Urukundo» նախաձեռնություն, Ռուանդա.

  • «Urukundo» կյանքի հմտությունների սեղանի խաղը ցածր տեխնոլոգիական լուծումներով առաջին արտոնագրված կրթական խաղն է Ռուանդայում, որը տեղեկություններ է տրամադրում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին:

 

Կանայք և ձեռներեցության ու տեխնոլոգիաների ոլորտում (WETECH), Կամերուն.

  • Համայնքային հաբ և կանանց նորարարական կենտրոն, որն առաջարկում է թվային գործիք, որը թույլ է տալիս բռնություն վերապրածներին և գենդերային բռնության ռիսկային գոտում գտնվող անձանց անվտանգ և կոնֆիդենցիալ հաղորդագրությունների հարթակի միջոցով կապ հաստատել միմյանց հետ:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մասին

 

ՄԱԲՀ-ն ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունն է: ՄԱԲՀ-ի առաքելությունն է ստեղծել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծննդաբերություն՝ ապահով և յուրաքանչյուր երիտասարդի ներուժ՝ իրացված: ՄԱԲՀ-ն ջանք է դնում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր վերարտադրողական իրավունքները և աջակցում է սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների լայն շրջանակի, ներառյալ՝ ընտանիքի կամավոր պլանավորման, մայրական առողջության որակյալ ծառայությունների և համապարփակ սեռական կրթության հասանելիությանը:

 

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`

Մհեր Մանուկյանին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող
Հեռ.` (+37491) 42 90 29; (+37477) 03 25 25
Էլ. փոստ`
manukyan@unfpa.org

Կայք՝ armenia.unfpa.org