2013 թ. մայիսի 24-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) հանդիպեց թվով 29 երիտասարդական կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչների հետ:
Նախաձեռնության նպատակն էր` հնարավորություն ընձեռել երիտասարդական կազմակերպություններին ծանոթանալու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործունեությանն ու այն կարևորագույն խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ ՄԱԲՀ-ն աշխատում է Հայաստանում. խոսքը, մասնավորապես վերաբերում է ժողովրդագրական հիմնախնդիրներին՝ ծնելիության անկմանը, անպտղությանը, արտագաղթին, ծերացմանը, ինչպես նաև գենդերային հավասարությանը, մայրական առողջությանը և երիտասարդության հիմնախնդիրներին՝ այդ թվում զբաղվածությանը, սեռական և վերարտադրողական առողջությանը: Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաև հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների և երկրում տղա երեխայի նախընտրության մասին:
Հանդիպմանը երիտասարդներին ողջունեցին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Այնուհետև, ՄԱԲՀ հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը, ՄԱԲՀ երիտասարդների հետ աշխատանքի համակարգող Սամվել Մխիթարյանը և «Սերունդ» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Շադունցը վարեցին հանդիպումը:
Հանդիպումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ «UN 4 You(th) - You(th) 4 UN» խորագրով նախաձեռնության շրջանակներում: Այն կազմակերպել էին ՄԱԿ ՀՏՎ-ն և «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնը: