Հունիսի 14-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը մասնակցեց Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի մեկնարկային միջոցառման պանելային քննարկմանը:
«Երիտասարդների առաջնորդություն» թեմայով պանելային քննարկման մասնակիցների թվում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, հետազոտող Մարինա Գալստյանը, EU4YOUTH ցանցի շրջանավարտ Ռազմիկ Մնացականյանը և ուսանող Շարմաղ Տոնոյանը:
Պանելային քննարկումն անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ երիտասարդ առաջնորդների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներին, հետպատերազմական Հայաստանում անորոշությունների, պետության, քաղաքացիական կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից երիտասարդների առաջնորդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը նպաստելուն, երիտասարդ առաջնորդների ամենակարևոր հատկություններին և այլն:
«Փորձեք առաջնորդել ձեր օրինակով, գործողություններով, ոչ թե խոսքերով։ Առաջնորդեք ազնվությամբ, չկորցնելով ձեր իսկությունը և որպես առաջնորդ դրսևորելով այն վարքագիծն ու արժեքները, որոնք ցանկանում եք տեսնել ուրիշների մեջ»,- դիմելով երիտասարդներին ասաց Աննա Բարֆյանը:
Պանելային քննարկման մասնակիցները ամենամեծ մարտահարվերներից մատնանշեցին որոշումների կայացման հարցում երիտասարդ առաջնորդների համար ծագող խոչընդոտները: ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավարը նկատեց, որ մեծ մարտահրավերներից է այն, որ հանրային ընկալումներում դժվար է երիտասարդության առաջնորդությունը ճանաչելը կամ ընդունելը։
«Մեր ջանքերը պետք է ոչ թե ուղղված լինեն երիտասարդ առաջնորդներ «ստեղծելուն», այլ ավելի շուտ երիտասարդների՝ արդեն իսկ գոյություն ունեցող առաջնորդությունը ճանաչելուն, նրանց ուժեղացնելուն և աջակցելուն»,- ասաց Աննա Բարֆյանը:
Միջոցառումը կազմակերպել էին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Վորլդ Վիժն Հայաստանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը։ Ներկա էին ակտիվ երիտասարդներ, կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրականության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային կովկասում» ծրագրի ղեկավար Շտեֆան Մարիուսը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները և համագործակցությունը՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։