Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նշեց Բնակչության համաշխարհային օրը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նշեց Բնակչության համաշխարհային օրը

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նշեց Բնակչության համաշխարհային օրը

calendar_today 11 July 2012

2012 թ. հուլիսի 11-ին, Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակն անցկացրեց միջոցառում՝ նվիրված 2012 թ. Բնակչության համաշխարհային օրվան: Մասնակիցների թվում էին ՀՀ կառավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև առնվազն մեկ երիտասարդ, տաղանդավոր լուսանկարիչ և «Նա/Նե 2011» մրցույթի հայտատու հեղինակ-լրագրողներ:

Միջոցառման բացմանը ներկաներին ողջունեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ողջույնի խոսքին հետևեց «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը: Գիրքը ներառում է երկու բաղադրիչ. առաջինը 2011 թ. «Նա/Նե» լրագրողական մրցույթին ներկայացված այն հոդվածներն են, որոնք առնչվում էին Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, իսկ երկրորդը երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքներն են՝ նվիրված տղա երեխայի նախընտրությանը Հայաստանում:

«Արդեն այսօր արու զավակի նախընտրության և, արդյունքում, հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով մեր երկրում գոյանում է տղա երեխաների ավելցուկ, որը մեկ-երկու տասնամյակ հետո լուրջ խնդիրներ է առաջացնելու: Եվ սա տեղի է ունենում մեր բոլորի լուռ համաձայնությամբ, մինչդեռ հանրությունը կարող է և, կարելի է ասել, պարտավոր է փոխել իրավիճակը», - շնորհանդեսին նշեց Գարիկ Հայրապետյանը:

Այնուհետև, ««Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Մերի Խաչիկյանը ներկայացրեց «Ինչով է պայմանավորված բեղմնականխման միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը: Այն անդրադառնում էր նշված տարածաշրջանի յոթ երկրներում՝ ներառյալ Հայաստանը, 2011 թ. վերջին իրականացված որակական հետազոտությանը, որի նպատակն էր պարզել բեղմնականխման ժամանակակից միջոցների նվազ օգտագործման պատճառները, ինչպես նաև տարածաշրջանում դրանց գործածության վրա ազդող հիմնական գործոնները:

Միջոցառման ավարտին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը պատվո անվանատախտակ հանձնեց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանին՝ ՀՀ-ում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի զարգացման մեջ ունեցած նշանակալի ներդրման և այդ ոլորտում երկարամյա արգասավոր համագործակցության համար:


Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը նվիրված Բնակչության համաշխարհային օրվան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը նվիրված Բնակչության համաշխարհային օրվան

Լուսանկարներ միջոցառումից

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագիծը