Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները

calendar_today 09 December 2011

2011 թ. դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը, 2011 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում, ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները:

Ներկայացման բանախոսներն էին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը և միևնույն կազմակերպության փորձագետ Լիլիթ Զաքարյանը, ինչպես նաև ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող Ջինա Սարգիզովան:

Ինչպես նշեցին բանախոսները, հետազոտությունն իրականացրել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԲՀ աջակցությամբ: Այն նպատակ ուներ ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

Հետազոտության տևողությունը երեք ամիս էր` 2011 թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը: Ուսումնասիրվել էր հիմնականում վեց պարբերականի` երեք թերթի և երեք լրատվական գործակալության («Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Ազգ» օրաթերթեր և «News.am», «Ա1+», «Պանորամա» լրատվական կայքեր) շուրջ 450 թողարկում և գրեթե 30,000 հրապարակում:

Արդյունքները ցույց տվեցին, որ թեև հրապարակումների հեղինակների 73%-ը կանայք են, լրատվամիջոցներում ներկայացված անձանց 86%-ը տղամարդիկ են, և ողջ տեղեկատվական հոսքի միայն 10%-ն է հատկացված կանանց: Ընդ որում, կանանց վերաբերող հրապարակումների թվի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել ոչ այնքան «կանանց միամսյակը», որքան կանանց մասնակցությամբ տեղեկատվական առիթների առկայությունը: Հետազոտված ժամանահատվածում առավել հիշատակվող կանանց առաջին տասնյակը գլխավորում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հաջորդում են ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը և այլք:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ն ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Նրա ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:


Բեռնել հետազոտության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը 

 

   
Կից ֆայլ Ծավալը
Womans_Image-brief_factsheet.docx 27.26 KB