You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ

25-ը նոյեմբերի 2021 թ.

Բռնությունն առցանց աշխարհում իրական է: Այն նույնպես սխալ է, և պետք է վերջ դրվի դրան։

Կարող է թվալ, թե առցանց աշխարհն անվտանգ է կանանց և աղջիկների համար: Ի՞նչ կարող է պատահել տանը, դպրոցում կամ գրասենյակում՝ պարզապես համակարգչի առջև նստած:

Պարզվում է՝ շատ բան: Թվային բռնությունն ահավոր տարածում ունի: Այն անողոք է, սահմաններ չի ճանաչում և հաճախ անանուն է: Հաշվարկներից մեկի համաձայն, առցանց կանանց 85 տոկոսն այն զգացել է կամ դրան ականատես է եղել: Թվային բռնության ենթարկվածները կարող են վախեր, ընկճախտ և ինքնասպանության մտքեր ունենալ՝ ճիշտ այնպես, ինչպես բռնության այլ ձևերի դեպքում:

Թվային բռնությունը տարբեր ձևեր ունի: Հանցագործները կարող են առցանց սպառնալ և հետապնդել կանանց: Նրանք կարող են, առանց թույլտվության, կանանց և աղջիկների դեմքերի նկարները կցել սեռականացված  մարմինների նկարների և տարիներ շարունակ դրանք լայնորեն տարածել սոցիալական ցանցերում: Ատելության խոսքի և նախատինքի արատավոր առցանց արշավները թիրախավորում են հանրային դեր ունեցող կանանց, ինչպիսիք են քաղաքական գործիչները և լրագրողները, նաև կանանց իրավունքների պաշտպանները:

Թեև մենք գիտենք, որ թվային բռնությունը մեծ ծավալ ունի, դեռ բավականաչափ գիտելիք չունենք դրա մասին։ Թվային բռնությանը վերջ դնելու համար պետք է ավելին անենք՝ այն սահմանելու և չափելու համար: Պետք է ավելի լավ հասկանանք, թե այն ինչ ձևեր է ընդունում, ինչ ազդեցություն է ունենում և ինչն է աշխատում դրան արձագանքելու և կանխելու առումով:

Ուր էլ տեղի ունենա կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը, դա մարդու իրավունքների խախտում է։ Ամեն տարի նոյեմբերի 25-ին՝ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Միավորվենք (UNiTE) մինչև 2030 թվականը կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու համար» արշավի միջոցով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) հանդես է գալիս բռնության բոլոր ձևերի դեմ: Այս տարի մենք կոչ ենք անում մարդկանց ամենուրեք դադարեցնել բռնությունը թվային ոլորտում:

Մեր գնալով առցանց դարձող աշխարհում չափազանց շատ ռիսկեր կան այդպես չանելու համար: Բացի հոգեկան առողջությանը և ֆիզիկական անվտանգությանն ակնհայտ սպառնալիքներից, թվային բռնությունը կանանց դուրս է մղում ցանցից, քանի որ նրանք այլ կերպ չեն կարող պատսպարվել դրանից: Երբ աղջիկներն ընդհատում են իրենց կրթությունը կամ ընտրված կին պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները առցանց հարձակումների տարափի պատճառով, ապա ոտնահարվում են նրանց իրավունքները: Մենք բոլորս մեր հասարակություններում զրկվում ենք նրանց կարողություններից և առաջնորդությունից։

Այս պատճառներով, ՄԱԲՀ-ն կառավարություններին և տեխնոլոգիական ընկերություններին մղում է թվային բռնության դադարեցման գործում առաջնորդության ստանձնելուն: Մենք կոչ ենք անում օրենսդիրներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությանը և ազդեցիկ մարդկանց բարձրացնել իրենց ձայնը, ոտքի կանգնել և քայլեր ձեռնարկել։ Պարզ, բայց ահավոր փաստ է, որ ներկայում ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ եղանակներ ունեն առցանց պաշտպանելու իրենց, քան հեղինակային իրավունքով պաշտպանված մտավոր սեփականությունը: Հեղինակային իրավունքի խախտումը կարող է հանգեցնել նյութերի անհապաղ հեռացման և քրեական և վարչական պատիժների: Առանց համաձայնության իրենց նկարների տարածմանը բախվող կանայք և աղջիկները պետք է ավելի ուժեղ պաշտպանություն ունենան:

Թվային բռնությունը հատում է սահմանները և կանոնակարգող համակարգերը: Դրա դադարեցումը կպահանջի մտածելու և համագործակցելու նոր ձևեր՝ կարգավորողների, տեխնոլոգիական ընկերությունների, թվային ակտիվիստների և կանանց իրավունքների պաշտպանների միջև: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխոնոլոգիաներն արագ յուրացնող երիտասարդներին, որոնք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Նրանք՝ հատկապես երիտասարդ աղջիկները, պետք է իրենց լիարժեք պաշտպանելու համար համապատասխան տեղեկություններ և միջոցներ ունենան։

Ամեն օր ավելի շատ մարդիկ, ծառայություններ և աշխատանքներ են դառնում առցանց: Դա նշանակում է, որ ավելի շատ բռնություն է տեղի ունենում ավելի շատ կանանց և աղջիկների նկատմամբ: Մենք պետք է ճանաչենք այս ճգնաժամի ծավալը և գեթ մեկ օր չհետաձգենք մեր անելիքը։ Բռնությունից զերծ ապրելու իրավունքը գործում է ամենուր և չի անհետանում ինտերնետ կապի դեպքում։ Վիրտուալն իրական է։ Այն պետք է ապահով լինի: