You are here

Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, և ամեն օր երիտասարդները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու որոշումների կայացմանն իրենց ընտանիքներում, համայնքներում և երկրներում:

Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի կառավարությունների նիստերին և Միավորված ազգերի կազմակերպությունում:

Այո՛, երիտասարդների մասնակցությունը վկայում է մարդու իրավունքների մասին և, միևնույն ժամանակ, վկայում է մեր՝ որպես մարդկության առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծումների մասին:

Այսօր երկրագնդի վրա բնակվում է 10-ից 24 տարեկան  1,8 միլիարդ երիտասարդ մարդ: Սա աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին է, և նրանց գրեթե 90 տոկոսն ապրում է զարգացող երկրներում:

Երբ հասարակությունը պատրաստ է ընդունել երիտասարդներին որպես գործընկերների, մեծանում են առավել արդիական խնդիրների համար լուծումներ գտնելու մեր շանսերը:

Այսօր շատ երիտասարդներ զրկված են հնարավորություններից, խաղաղությունից և կայունությունից: Չափազանց մեծ թվով դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց առջև են ծառացած գենդերային խտրականությունը և բռնությունը: Իսկ ոչ բարվոք սեռական և վերարտադրողական առողջությունը զարգացող երկրներում դեռահաս աղջիկների մահվան առաջատար պատճառներից մեկն է:

Դեռևս երբեք երիտասարդներն այսքան ինտենսիվորեն չեն «ռմբակոծվել» սեռական հարաբերություններ ցուցադրող պատկերներով: Երիտասարդ մարդկանց կարիքները հոգալու համար սեռական դաստիարակության և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների աճող անհրաժեշտություն կա:

Ես և ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իմ գործընկերները, վճռական ենք սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը, ինչպես նաև գենդերային հավասարությունն առաջ մղելու հարցում:

Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, և ամեն օր ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին ներգրավել երիտասարդ մարդկանց, ընդլայնել նրանց հնարավորությունները և լսել նրանց կարծիքը: Միասին աշխատելով մենք կարող ենք պաշտպանել ներկա և ապագա սերունդների իրավունքները, բարելավել նրանց առողջությունը և բարեկեցությունը: