2019 թ. հունվարի 17-ին, ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակության կազմում, հանդիպում ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:
Պարոն Նազարյանը հյուրերին ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի գործունեության ուղղությունները և հիմնական նպատակները: Նա Շոմբի Շարփին տեղեկացրեց, որ փետրվարին Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպելու է «Կայուն զարգացման նպատակները և եկեղեցին» վերնագրով համաժողով: ՄԱԿ-ի մշտական համակարգողը ողջունեց նման թեմայով միջոցառումը և ընդգծեց դրա անցկացման կարևորությունը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 2010 թ.-ից սերտ համագործակցում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ: Համագործակցության գլխավոր ուղղությունները ներառում են ընտանիքում բռնությունների կանխարգելումը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումը, գենդերային հիմնահարցերը:
Այնուհետև հյուրերին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը ներկայացրեց պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը և դրա հեռանկարներին:
Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենյակի և Հայոց Եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործակալությունների և եկեղեցական կառույցների միջև ձևավորված գործակցության առիթով` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` միջկրոնական երկխոսության մեջ հետևողական ներգրավվածության և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի լայնածավալ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի և Կլոր Սեղան հիմնադրամի հետ:
Նորին Սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների գործունեությունը մասնավորապես կրթա-դաստիարակչական և սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկա ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ 2019 թվականին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռի և թեմերի կողմից կազմակերպվելու են հասարակության մեջ ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվելու են նաև աջակցության զանազան ծրագրեր: Զրույցի ընթացքում խոսվեց առկա գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին: Վերջում Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուին և ներկայացուցիչներին մաղթեց արգասավոր գործունեություն:
------
Օգտագործվել են նյութեր և լուսանկարներ ԵՀԽ ՀԿՍՀ և Մայր Աթոռի կայքերից։