2015 թ․ հոկտեմբերի 1-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Տարեցների միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:
Տիկին Կույումջյանը ներկայացրեց Հայաստանում տարեցների վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները, ինչպես նաև ինչպիսի միտումներ կան այս ոլորտում: Ըստ բանախոսի, Հայաստանը համարվում է ծերացող երկիր, և այդ միտումը շարունակվելու է:
Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԱԲՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրականացրած՝ Հայաստանի տուն-ինտերնատներում բնակվող տարեցների ու նրանց զավակների վերաբերյալ հարցման արդյունքները: Դրանք ցույց էին տալիս, որ տարեցները դառնում են տուն-ինտերնատների բնակիչ՝ անկախ տղա կամ աղջիկ երեխա ունենալու փաստից:
Տիկին Գևորգյանը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում տարեցների համար արվող աշխատանքների, ինչպես նաև տուն-ինտերնատների և տարեցներին մատուցվող ծառայություների վերաբերյալ: