Հայաստանում ապագա երեխայի՝ պտղի սեռով պայմանավորված ընտրության հիմնախնդիրը շարունակում է մնալ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:.
2017 թ․ փետրվարի 27-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում անցկավող մամուլի ասուլիսին այս թեմային անդրադարձան բանախոսներ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թ․-ին Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը եղել է 112 տղա՝ 100 աղջկա դիմաց:
Թեև այդ ցուցանիշը դեռևս բարձր է բնական համամասնությունից (102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց), այդուհանդերձ, ինչպես նշեց պ-ն Հայրապետյանը, առկա է շարունակական դրական միտում: Համեմատության համար, 2013 թ․-ին այդ ցուցանիշը 114 տղա էր՝ 100 աղջկա դիմաց:
«Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում սկսել է ունենալ այդ դրական փոփոխության միտումը: Ոչ մի երկիր այսքան կարճ ժամանակահատվածում շարունակական դրական միտում չի ունեցել», - ասաց Գարիկ Հայրապետյանը:
Տ-ն Ավագյանը անդրադարձավ այս ոլորտում արված օրենսդրական փոփոխություններին, որոնցով սահմանվեց հղիության սեռով պայմանավորված ընդհատման արգելքը, ինչպես նաև սպասելու և մեկ անգամ ևս խորհելու եռօրյա ժամանակ սահմանվեց հղիության ընդհատում կատարել ցանկացող կանանց համար: Ըստ Գայանե Ավագյանի, Հայաստանում նվազել է նաև ընդհանուր աբորտների թիվը: Եթե 2000 թ․-ին Հայաստանում յուրաքանչյուր կնոջ բաժին էր ընկնում միջինը 2.6 աբորտ, ապա 2015 թ․ թվյալներով, այդ ցուցանիշն իջել է մինչև 0.6:
ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչը մեջբերեց նաև իր անձնական դիտարկումը, որ որոշ մարզերում ծնողներն իրենց աղջիկ երեխաներին չեն ուղարկում դպրոց՝ դասարաններում աղջիկների բացակայության կամ ծայրահեղ սակավության պատճառաբանությամբ: Այս երևույթը կարող է վերաճել հասարակությունում այդ աղջիկների հետագա լիարժեք ինտեգրման խոչընդոտի: