You are here

2014 թ․ հուլիսի 11-ին՝ Բնակչության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մամլո ասուլիս անցակցրեց «Բլից ինֆո» մամուլի ակումբում: Ասուլիսի բանախոսն էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այս տարի Բնակչության համաշխարհային օրվա թեման «Ներդրումներ հանուն երիտասարդության»-ն էր:

Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց աշխարհում և Հայաստանում երիտասարդության դրությունը: Ինչպես նշեց բանախոսը, աշխարհում այսօր ապրում է մոտ 1.8 միլիարդ երիտասարդ մարդ, ում առջև ծառացած են բազմապիսի խնդիրներ՝ գործազրկությունից և աղքատությունից մինչև ընտանիք կազմելու և վերարտադրության:

Հայաստանում երիտասարդության շրջանում աղքատության մակարդակը 34 տոկոս է` ավելի բարձր, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է երեսուներկու տոկոս: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանում գործազուրկ է մինչեւ քսանչորս տարեկանների քառասուն տոկոսը:

Պարոն Հայրապետյանը նշեց նաև, որ Հայաստանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկանների մեջ՝ յուրաքանչյուր չորրորդը: Նրա խոսքով՝ բարձրացել է ամուսնության տարիքի միջին շեմը: Տղաների համար այն դարձել է գրեթե 29 տարեկանը, իսկ աղջիկների համար՝ 25.3-ը:

Ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանվեց աշխարհի և Հայաստանի երիտասարդության վերաբերյալ համառոտ տեղեկանք, «Կինը և քաղաքականությունը» ներդիրի երիտասարդությանը նվիրված առաջնորդողով ներդիրը՝ պատրաստված ՄԱԲՀ օժանդակությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԱԲՀ Գործադիր տնօրենի ուղերձները՝ նվիրված Բնակչության համաշխարհային օրվան: