You are here

2018 թ․ հոկտեմբերի 1-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ Տարեցների միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր / նախագահ Արթուր Թորոսյանը:

Տիկին Գևոգյանը նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ծրագրեր է նախատեսել այս ոլորտում՝ սոցիալական օգնականի ծառայություն, շուրջօրյա դայակի օգնություն, առողջ ապրելակերպի ակումբների ստեղծում: Նախարարությունը ուսումնասիրում է նաև խնամատար ընտանիքի գաղափարը, երբ որոշակի վարձատրության դիմաց ընտանիքը պատրաստ կլինի խնամել որևէ միայնակ տարեցի: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը նշեց, որ տարեցների հիմնահարցերը միշտ եղել են և կլինեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուշադրության կենտրոնում: ՄԱԲՀ-ն բազում հետազոտություններ է իրականացրել տարեցների հիմնախնդիրները բացահայտելու համար:

«Արդեն այլընտրանքային ծառայությունների մատուցման ժամանակը եկել է: Տնային սպասարկում, տուն այցի ինստիտուտի ներդրում, փոքր խնամքի տներ և այլ ծառայություններ, դրանք կարող են լինել և՛ անվճար, և՛ վճարովի, և՛ համավճարովի: Տարեցները հիմնականում ցանկանում էին ստանալ անվճար հիմունքներով: Սպասելի էր, որովհետև նրանցից շատերը ոչ լավ սոցիալական վիճակում են, ինքնուրույն ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:

«Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցիացիայի» նախագահ Արթուր Թորոսյանը կարևոր համարեց տարեցներին խնամքի ծառայություն մատուցող կազմակերպությունների թվի ավելացումը, ինչպես նաև գերոնտոլոգիայի և գերիատրիայի ներդրումը Հայաստանում:

Մամուլի ասուլիսի տեսագրությունը: