You are here

Մանկաբարձներ․ կանանց, դեռահաս աղջիկների և նորածինների առողջապահական հերոսները

2016 թ․ Մանկաբարձների միջազգային օր

ՄԱԲՀ-ի` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը

5-ը մայիսի, 2016 թ․

Մանկաբարձների միջազգային այս օրվա առթիվ ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ողջունում է մանկաբարձների ներդրումը կանանց, դեռահաս աղջիկների և նորածինների կյանքը փրկելու գործում, որը երբեմն արվում է շատ դժվարին պայմաններում, դժվարհասանելի համայնքներում, մարդասիրական արտակարգ իրավիճակներում և բեկուն ու հակամարտություններից բզկտված երկրներում:

Համայնքներում աշխատող, լավ պատրաստված և աջակցություն վայելող մանկաբարձները հղիության և ծննդաբերության ընթացքում կանանց անհրաժեշտ կարեկից, հարգալից և մշակութապես զգայուն խնամք տրամադրելու բացառիկ դիրք ունեն: Մանկաբարձությունը հավասարապես կարևոր է և նորածինների համար՝ նրանց կյանքի առաջին, որոշիչ, ամսվա ընթացքում, և նշանակալի ներդրում է ընդհանրապես սեռական և վերարտադրողական առողջության համար:

Հետևաբար, մանկաբարձները կարևորագույն նշանակություն ունեն Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում գրեթե կիսով չափ կրճատվել է մայրական մահացությունը, բայց ամեն տարի մոտ 300.000 կին դեռևս մահանում է հղիության և ծննդաբերության ընթացքում, և գրեթե 3 միլիոն երեխա չի գոյատևում իր կյանքի առաջին չորս շաբաթը: Այս, հիմնականում կանխարգելելի, մահերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում զարգացող և ճգնաժամերից տուժած երկրներում: Ավելի մեծ թվով տեղակայվելու դեպքում վերապատրաստված մանկաբարձները կարող են կանխել այդ մահերի մոտավորապես երկու երրորդը: Նշանակալից ներդրումներն առանցքային դեր ունեն, եթե աշխարհն պիտի հասնի մայրական և նորածնային մահացությունը նվազեցնելու իր հավակնոտ նպատակներին:

Ավելի քան 100 երկրում ՄԱԲՀ-ն օգնում է վերապատրաստել և աջակցել հազարավոր մանկաբարձների: Ըստ վերջերս կատարված ուսումնասիրության, այդ երկրներից 57-ում վերջին յոթ տարիների ընթացքում ՄԱԲՀ-ն վերապատրաստել է 66,000 մանկաբարձի: Առողջապահական ծառայությունների այս առանցքային տրամադրողները ամեն տարի կարող են օգնել ավելի քան 11 միլիոն կանանց ապահով ծննդաբերել, բայց շատ ավելին դեռ պետք է արվի:

Մանկաբարձների այս միջազգային օրը ՄԱԲՀ-ն վերահաստատում է գլոբալ գործընկերների և երկրների հետ աշխատելու մեր հանձնառությունը՝ մանկաբարձական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու ուղղությամբ: Մենք երկրներին կոչ ենք անում գովաբանել և վարձահատույց լինել այն մանկաբարձներին, ովքեր աշխատում են ծանր և դժվարհասանելի վայրերում, որտեղ նրանց ծառայություններն ամենաշատն են անհրաժեշտ: Մենք նաև կոչ ենք անում երկրներին ներդրումներ կատարել որակյալ վերապատրաստման, լավ աշխատանքային պայմանների, պատշաճ աշխատավարձի, աշխատուժի համապատասխան քաղաքականությունների և մասնագիտական աճի հնարավորությունների համար:

Մանկաբարձները մեր հերոսներն են և սեռական ու վերարտադրողական առողջության ողնաշարը: Եկեք աջակցենք նրանց և նրանց խնամքի սրտում գտնվող կանանց և նորածիններին: