Go Back Go Back
Go Back Go Back

ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցումը վերացել է Հայաստանում. ԱՀԿ

ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցումը վերացել է Հայաստանում. ԱՀԿ

News

ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցումը վերացել է Հայաստանում. ԱՀԿ

calendar_today 21 June 2016

ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցումը վերացել է Հայաստանում. ԱՀԿ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ/ԺՆԵՎ/ՍՏԱՄԲՈՒԼ, 7-ը հունիսի, 2016 թ․ — Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին:
 
«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը: «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»: Մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:
 
«Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ-ի  գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն: «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճումները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»:
 
Ձեռքբերումներ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
 
2010 թ.-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:
 
«Սա հաջողություն է այս երկրների համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը: ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելման, բուժման և խնամքի  գործում բոլորի համար իսկապես համընդհանուր հասանելիություն ապահովելով միայն, միևնույն ժամանակ հարգելով անհատական իրավունքները,  հնարավոր կլինի երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համաճարակը վերացնել»:
 
«Տարածաշրջանում երկու տասնամյակ  ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ  աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի-Պիեր Պուարեն: Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ  վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են  մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան  առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման ծրագրերին:
 
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի, այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, մենք իսկապես կկարողանանք մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է ԱՀԿ-ի, ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:
 
Եվրոպայի առաջընթացը ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման նվազեցման գործում
 
Երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով և բնածին սիֆիլիսով վարակված նոր դեպքերի թվի նվազեցումը Եվրոպայի հասած հաջողություններից մեկն է վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման պայքարի շրջանակներում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2014 թ.-ին գրանցված մորից երեխային փոխանցումը ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ընդամենը 1%-ն է կազմում:
 
ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց և նրանց երեխաներին հակառետրովիրուսային թերապիայի հասանելիությունը ապահովելու դեպքում իջեցնում է ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը 45% տոկոսից 1%-ի: Եվրոպայում ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց 95% տոկոսը հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ՄԻԱՎ-ի դրական ցուցանիշով կանանց երեխաների 70 տոկոսը թեստավորվել են ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
 
Հղիության ընթացքում սկրինինգի բուժումը էական դեր ունի կանխարգելելու մորից մանկան սիֆիլիսի փոխանցման գործում, ինչը կարող է վիժման պատճառ դառնալ, ներարգանդային մահվան կամ մեռելածին դեպքերի 80 տոկոս դեպքերում: Եվրոպական երկրների 60 տոկոսը հղի կանանց առաջարկում են սիֆիլիսի թեստավորում, և տարածաշրջանի բոլոր երկրներն առաջարկում են անվճար բուժում սիֆիլիսով վարակված հղի կանանց:
 
ԱՀԿ-ի օժանդակությունը եվրոպական երկրներին
 
ԱՀԿ-ն օժանդակում է եվրոպական երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու գործում՝ խորհուրդ տալով հակառետռովիրուսային դեղորայքի օգտագործման, ինչպես նաև՝ վերացման հաստատման գործընթացի չափորոշիչների  հարցում:
 
2015 թ.-ին երկու տարածաշրջանային խորհրդատվությունների շրջանակներում  անդրադարձ է կատարվել տեղի ունեցած առաջխաղացմանը, դեռ գոյություն ունեցող խնդիրներին  և քայլեր են առաջարկվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը  արագացնելու, ինչպես նաև դրանց վերացման հաստատման ուղղությամբ:
 
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն մինչև 2030թ.-ը կշարունակի երկրներին աջակցել մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու հարցում: