Go Back Go Back
Go Back Go Back

Մոմավառություն նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման միջազգային օրվան

Մոմավառություն նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման միջազգային օրվան

News

Մոմավառություն նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման միջազգային օրվան

calendar_today 20 Մայիս 2012

2012 թ. մայիսի 20-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։

Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցը և «Սերունդների համերաշխություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Մայիսի 20-նն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի հետևանքով մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր: Այն սահմանվել է 1983–ց՝ աշխարհի 115 երկրների 1200 հասարակական և համայնքային կազմակերպությունների աջակցությամբ:

Ամեն տարի այս միջոցառումն ունենում է իր խորագիրը: Այս տարվա մոմավառությունն անցկացվում է «Առողջության և արժանապատվության խթանումը միասին» խորագրի ներքո։ Այս խորագիրն ընդգծում է գաղափարը, որ անձի առողջությունը և բարեկեցությունը չի կարող պահպանվել` առանց հարգելու անձի արժանապատվությունը և առանց պաշտպանելու յուրաքանչյուր մարդու իրավունքները:

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` աշխարհում շուրջ 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ՄԻԱՎ-ի բուժման մատչելիության ապահովումը նպաստել է համաճարակի կայունացմանը, այնուամենայնիվ, ամեն տարի 1.8 միլիոն մարդ մահանում է ՁԻԱՀ-ին առնչվող հիվանդություններից, մոտ 2.7 միլիոն ՄԻԱՎ-ի վարակման նոր դեպք է գրանցվում: Ամեն տարի առնվազն 390.000 երեխա է ծնվում ՄԻԱՎ-ով. մի բան, որն ամբողջովին կարող է կանխարգելվել արդի բժշկական գիտելիքների շնորհիվ:

Հայաստանի Հանրապետությունում 1988 թ. մինչև 2012 թ. ապրիլի 30-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 864 մարդ (70,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 362 դեպք (29,5%): ՄԻԱՎ վարակի 23 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 56,9%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (55,1%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (35,8%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: