2017 թ․ նոյեմբերի 30-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում, Եվրոպական միության պատվիրակությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (ՄԱԲՀ) և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ներկայացրեցին նոր որակական հետազոտություն, որը դիտարկում է Հայաստանում հիմնական ինստիտուցիոնալ դերակատարների և քաղաքացիների ընկալումները, վերաբերմունքը և գործելակերպերը ընտանեկան բռնության (ԸԲ) առումով:
ԵՄ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորած և ՄԶՄԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները կընդլայնեն Հայաստանում ԸԲ-ին ուղղված քաղաքականությունների ապացուցային հենքը և կօգնեն քաղաքականությունը տեղ հասցնելու համար յուրաքանչյուր թիրախային խմբին հարմարեցված արդյունավետ միջոցներ մշակել:
Ներկաներին ողջունեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը:
«Այս հետազոտությունը կարևոր գործիք կդառնա Հայաստանում գենդերային բռնությանը բազմակողմանի արձագանքի արդյունավետության բարձրացման համար», - նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Հետազոտության արդյունքները ներկայացրեց ՄԶՄԿ-ից Քրիստինա Սարգսյանը: Հետազոտության բաղադրիչներից մեկը 13 ֆոկուս խմբային քննարկումներն էին, որոնք ընդգրկում էին 135 տղամարդ և կին (ներառյալ ընտանեկան բռնության զոհերը) Երևանից, ինչպես նաև Շիրակի երկու և Գեղարքունիքի չորս համայնքներից:
Ֆոկուս խմբերի արդյունքները համալրելու նպատակով, կազմակերպվել էին 30 փորձագիտական հարցազրույցներ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հետազոտությունը դիտարկել էր ընկալումները ընտանեկան բռնության դրսևորումների վերաբերյալ, ընտանեկան բռնությանը նպաստող պատճառների և գործոնների, ընտանեկան բռնությանը միջամտության վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են հանրային իրազեկումը, ծառայությունների մատչելիությունը, կանոնակարգման դաշտը և ԸԲ հիմնախնդրի բազմաթիվ այլ կողմեր:
Որակական ուսումնասիրության արդյունքների հիման վրա, հետազոտական թիմը Մարտունի, Երևան և Արևշատ համայնքների ավելի քան 200 անդամների հետ անց էր կացրել նաև համահամայնքային երեք քննարկում (ՀՔ): ՄԶՄԿ-ից Մանե Թորոսյանը ներկայացրեց այդ քննարկումների արդյունքների վերլուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում: