Եթե խոսենք լոկ պաշտոնական լեզվով, ապա պիտի ասենք, որ մենք, այսինքն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության միջոցով, հաշմանդամություն ունեցող երեխաների ութ մայրիկների հնարավորություն տվեցինք ստանալ մասնագիտություն և համապատասխան գույք, որ կարողանան, իրենց բալիկներից չկտրվելով, աշխատել և վաստակել։
Բայց այս չոր պարբերության հետևում արցունք բերելու չափ հուզիչ, ջերմ, հույսով լեցուն այնպիսի պատմություններ ու մարդիկ են, որ կարելի է մի ամբողջ գիրք գրել այդ մասին։
Երբ մեր գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ թիմով մեկնեցինք Մասիս, որպեսզի հավաստագրեր հանձնենք դասընթացն ավարտած մայրիկներին, առիթ ունեցանք մոտիկից շփվելու թե՛ մեր գործընկերների ու դասընթացավարների, թե՛ հենց իրենց՝ դասընթացն անցած մայրիկների հետ։
Մեր առաջին զրուցակիցը Նարինե Մանուկյանն էր, որը տարիներ առաջ հիմնադրել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներին օգնելու համար։ Դասընթացի և գույքի տրամադրման այս նախաձեռնությունն իրականացնելու հարցում կազմակերպությունը մեր հիմնական գործընկերն էր։
Ըստ Նարինեի, ցավոք, մեր երկրում երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա է ծնվում, ընտանիքը, մանավանդ, եթե անապահով է ու մարզաբնակ, ծանր խնդիրների առջև է կանգնում. չկան համապատասխան ծառայություններ, ցերեկային խնամքի կենտրոններ, որտեղ ծնողը կարող է գոնե կես ժամով երեխային թողնել ու փորձել մի փոքր էլ իր կյանքով ապրել։ Ավելին, հաճախ է պատահում, որ երեխայի հաշմանդամության պատճառով տղամարդիկ լքեն իրենց ընտանիքները։
«Բազմաթիվ դեպքերում», - ասում է Նարինեն, - «ծնվելուց հետո, հաշմանդամություն ունեցող երեխան անընդհատ կպած է լինում մայրիկին։ Այսինքն, այն փուլերը, որ երեխան պիտի անցնի՝ սկզբից նորածին, հետո սկսում է քայլել, խախտվում են, և մայրիկը դառնում է բառիս բուն իմաստով «կցորդ»՝ նույնիսկ եթե երեխայի հաշմանդամությունը շատ լուրջ ծանրության չէ։ Իսկ եթե հաշմանդամությունը ծանր է, իսկ այս խմբում մեծ մասինը ծանր հաշմանդամությամբ բալիկներ են՝ և՛ մտավոր և՛ ֆիզիկական խնդիրներով, ընդհանրապես դառնում ես կրկնակի կցորդ, այսինքն, դու քո կյանքը չունես, դու ապրում ես երեխայիդ կյանքով։ Եվ մայրիկներին և նրանց ամուսիններին ու ընտանիքի անդամներին թվում է, որ վերջ՝ այս մարդը պիտի ամբողջ կյանքում լինի դայակի դերում՝ վերջացավ իր կյանքը։»
Նարինեն պատմում է, որ ներկա է եղել մայրիկների այս խմբի հետ առաջին հանդիպմանը և տեսել, որ նրանցից ոչ մեկի աչքերում չկա ուրախություն, չկա հույս և չկա հավատ, որ իրենք կարող են ինչ-որ բան ինքնուրույն անել։
Բայց ընթացքում ամեն ինչ փոխվել է։
«Ինձ համար այս և նման ծրագրերի կարևորագույն ձեռբերումն այն է, որ մարդիկ սկսում են հավատալ իրենց ուժերին, հասկանում են, որ իրենց կյանքը չի վերջացել։ Եվ կարծրատիպը, որ դու կցորդ ես և ուրիշ ոչինչ չես կարող անել, կոտրվում է, արմատախիլ է լինում։ Մարդը սկսում է իր տանից դուրս գալ... հետո սկսում է մի բան սովորել, հասկանում է, որ իր ձեռքերը, միտքը աշխատում են, և որ ինքը սա էլ կարողացավ անել։ Իսկ եթե կարողանում է մի բան էլ վաճառել և հետո տեսնում է ֆինանսական օգուտը՝ վերջ...», - ժպտում է Նարինեն։
Նա վստահ է, որ, հատկապես մարզերում, մենք ունենք կանանց հսկայական ներուժ, որն ընդհանրապես որևէ կերպ սպառված և օգտագործված չէ, և որ այս կանայք ոչ միայն իրենց ընտանիքների, այլև երկրի համար դառնալու են հենարան, որովհետև ուժեղ կինը հասցնում է ամեն ինչ։ Ե՛վ ընտանիքում է որակյալ, որովհետև գնահատում, վերարժևորում է շատ բաներ, և՛ որպես մայր և՛ որպես կին և՛ որպես համայնքի անդամ։ Այսինքն, ինքը ոչ միայն դայակ է իր հաշմանդամություն ունեցող երեխայի համար, այլև համայնքի լիարժեք անդամ է։
«Ի վերջո, ուժեղ համայնքը, ուժեղ գյուղը, ուժեղ քաղաքը, ինչպես ուժեղ ընտանիքը, երկրի հավաքական կերպարն է։ Ինչքան կարողանանք հզորացնել կանանց ներուժը, այնքան վաղը մենք, ուզենանք, թե չուզենանք, ունենալու ենք ուժեղ երկիր՝ անկախ ամեն ինչից։», - ասում է Նարինեն։
Դասընթացը հնարավորություն էր տալիս սովորել մատնահարդարում կամ կարուձև։ Ընդ որում, դասընթացավարները՝ Մարիամ Հովհաննիսյանը և Մարինե Գրիգորյանը, իրենք էլ հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն։ Նրանք էլ, մեծ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով, մասնագիտություն են ձեռք բերել, վարպետացել և հիմա օգնում են ոտքի կանգնել մյուսներին։
Մարիամը, որն ինքն էլ ժամանակին մատնահարդարում էր սովորել «Հայ մայրերի» օգնությամբ, և դրանից հետո աշխատել, փորձ էր ձեռք բերել ու բազում՝ այդ թվում դրսում վերապատրաստումներ անցել, հիմա դասավանդում է Երևանում՝ այն կանանց, որոնք, իր արտահայտությամբ, իր բախտակից ընկերներն են։
«Մեծ փորձ ունենք, արդեն 100-ից ավել կանայք սովորել են, բազում հաջողություններ են ունեցել, իմ աշակերտներն արդեն դասավանդում են՝ ինչի համար ես շատ հպարտ եմ, ուրախ եմ ու երջանիկ։ Ես իրենցից մեկն էի։ Ժամանակին իմ մեծ երազանքն էր՝ սովորել և սովորեցնել մյուսներին, որպեսզի հաղթահարեն կյանքի դժվարությունները ... ու ստացվեց, որի համար շնորհակալ եմ կյանքին, որ ինձ այսպիսի հնարավորությու տվեց։ Սիրում եմ իմ աշխատանքը, սիրով եմ անում, հասկանում եմ նրանցից յուրաքանչյուրին, ուզում եմ, որ նրանք էլ հաջողեն ինձ պես, ինչպես որ ես եմ ժամանակին շատ դժվարությունների միջով անցել, շատ բարդ որոշումներ ընդունել։», - ասում է Մարիամը։
Կարի դասընթացավար Մարինեն, որն ինքն էլ զրոյից է սկսել, օգնող չի ունեցել, բայց ամեն ինչի հասել է, հիմա ունի իր առանձին սենյակը, կարի արտադրական մեքենենաները և օրնիբուն աշխատում է։ Նա պատմում է, թե ինչքան հաճելի էր աշխատել այս մայրիկների հետ։
«Շատ պարտաճանաչ էին հաճախում դասընթացներին։ Սկզբում շատ ընկճված էին, հետո բացվեցին, ընդարձակվեցին, մանավանդ մեր Աննան, որի ամուսինն ընդհանրապես արգելում էր, ու նույնիսկ մի օր ասել էր՝ պետք է գամ ես ձեր կարի ուսուցչուհուն տեսնեմ՝ ով է։ Եկավ, տեսավ, արդեն հանգիստ թույլ էր տալիս, որ հաճախեր։ Սկզբում մեր աղջիկը չէր ուզում մեքենաներ գնել, ասում էր՝ արժե՞, որ այդքան թանկուկրակ տա, բայց ինձ հետ խոսելուց հետո, գնաց, լրիվ նոր մեքենաներ վերցրեց», - հիշում է Մարինեն։ Հիացմունքով պատմում է դասընթացի մասնակիցներից մեկի մասին, որը յոթ երեխաների մայրիկ է, - «Ես չգիտեմ, ոնց հասցրեց՝ համ հեռվից է գալիս, համ հասցրեց-արեց»։
Մարինեն ասում է, որ այնպես էր թռչում ժամանակը, որ չէին էլ պատկերացնում, ոնց անցավ, - «Շատ լավ էր։ Գոհ ենք, շնորհակալ ենք բոլորիցդ, որ իրենց կյանքը փոխեցիք. աչքերին փայլ եկավ, ժպիտ եկավ։ Ծնող ունեմ, նույնիսկ ասում է՝ Մարինե ջան, փողամանիցս դրամը չի պակասում. առաջ ամուսնուց էր ուզում՝ հացի փող, պամպերսի փող։ Հիմա ինքն է իր հացն էլ ստեղծում, պամպերս էլ գնում, դեռ մի բան էլ ամուսնուն կողքից օգնում է։ Եվ սա՝ երկու ամսվա ընթացքում»։
Մասիս քաղաքից 27-ամյա Աննա Մաթևոսյանը երկու բալիկ ունի, որոնցից մեկը՝ դուստրը, հաշմանդամություն։ Աննան խմբում ամենաակտիվներից է, պատմում է, թե որքան դժվար էր սկզբում, բայց և որքան մեծ էր արդյունքը.
«Դասընթացն անբացատրելի փոփոխություն բերեց կյանքումս։ Ամեն ինչ փոխվել է՝ էն, որ ասում են 180 աստիճանով, իմ կյանքը փոխվել է։ Երջանկություն է մտել ընտանիքս, անիմաստ վեճեր էլ չկան ամուսնուս հետ, արդեն ամեն ինչին ըմբռնումով է մոտենում, օգնում է շատ։ Մարդ եմ զգում հիմա ինձ, անկեղծ ասած, մարդ եմ զգում։ Հարյուր դրամ տուն է մտնում իմ արած գործով, ես ինձ շատ լավ եմ զգում։ Չգիտեմ. դա ուրիշ զգացողություն է... Այնքան շնորհակալ եմ, որ խոսքեր չեմ գտնում։», - հուզված պատմում է Աննան։
Արարատի մարզի Նոր Ուղի գյուղից 31-ամյա Կարմեն Մկրտչյանի կարծիքով, դասընթացը շատ բան փոխեց իրենց ընտանիքում և իր կյանքում՝ իրեն ավելի կազմավորված զգաց՝ թե՛ որպես կին, թե՛ որպես երեխաների մայր։
«Դու քո ընտանիքում քո ներդրումը կարողացար ունենալ՝ ինչ չափով, դա կապ չունի։ Դու գիտես, որ կարող ես թեկուզ երեխաներիդ օրվա հացը վաստակել։ Դասընթացը շատ բան տվեց։ Կյանքին ընդհանրապես ուրիշ ձևով նայեցի։ Այն ժամանակ մտածում էի, որ, օրինակ, ունես հաշմանդամություն ունեցող երեխա, դու զրկված ես ամեն ինչից՝ դու չես կարող աշխատել, չի լինի՝ դու քո երեխային թողնես, տանից դուրս գաս, գնաս աշխատանքի։ Բայց հիմա գիտես, որ այնպիսի մասնագիտություն ունես, որ ինքդ կարող ես տանը աշխատել ու վաստակել», - ասում է Կարմենը։
«Հայ մայրեր» կազմակերպությունից ծրագրի համակարգողը՝ Սահականուշ Պողոսյանը պատմում է, որ դասընթացի ընթացքում նաև հոգեբան է աշխատել կանանց հետ։ Ընդհանուր թվով չորս խմբային աշխատանք է իրականացրել՝ ամիսը երկու այց, յուրաքանչյուր պարապմունքը՝ 2 ժամ։
«Դա էլ է շատ-շատ օգնել մայրիկներին, որպեսզի, մասնագիտություն ստանալով, կարողանան իրենց ընտանեկան, հոգեբանական շատ խնդիրներ լուծել – որպեսզի սովորեն, տանից դուրս գան... քանի որ մարդիկ կան, տարիներով տանից դուրս չեն եկել, երեխայից չեն պոկվել։», - ասում է Սահականուշը։
Մեր հանդիպումն ավարտվում է. հավաստագրերը հանձնված են, փոքրիկ հուշանվերներ ենք փոխանակում ու ջերմորեն հրաժեշտ ենք տալիս այս զարմանալի, ուժեղ, կարող կանանց՝ նորանոր հանդիպումների ու նախաձեռնությունների համար ոգևորության պաշար հավաքած։