Go Back Go Back
Go Back Go Back

Չդադարող շարժում դեպի առաջ. Կանանց միջազգային օրվա մեր կոչը

Չդադարող շարժում դեպի առաջ. Կանանց միջազգային օրվա մեր կոչը

Statement

Չդադարող շարժում դեպի առաջ. Կանանց միջազգային օրվա մեր կոչը

calendar_today 08 March 2025

Belen Sanz Luque, UN Women Regional Director for Europe and Central Asia and Florence Bauer, UNFPA Regional Director for Eastern Europe and Central Asia.
Չդադարող շարժում դեպի առաջ. Կանանց միջազգային օրվա մեր կոչը

Բելեն Սանս Լյուկենի և Ֆլորենս Բաուերի ուղերձը

 

    Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ կանայք զրկված են կրթության, ընտրելու իրավունքի, սեփականության և ինքնավարության հիմնարար իրավունքներից: Աշխարհ, որտեղ անվտանգությունը, արժանապատվությունը և անկախությունը երաշխիքներ չեն, այլ ամենօրյա պայքար: Այս աշխարհը, թեև թվում է հնացած, բայց այն այսօր չափազանց մեծ թվով կանանց և աղջիկների դաժան իրականությունն է:

    Մենք մեր առաջընթացի համար պարտական ​​ենք արդարության և հավասարության համար անտրտունջ պայքարող այն բազմաթիվ կանանց, որոնք ժամանակին պահանջել են «իրենց տեղն աշխարհում»: Նրանց պայքարը գագաթնակետին հասավ 1995-ի Պեկինի նշանակալից համաժողովում, որտեղ համաշխարհային առաջնորդները ստանձնեցին հանձնառություն՝ ստեղծելու ապագա, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հզորացումը համընդհանուր նպատակ պիտի լիներ: Այնուամենայնիվ, երեսուն տարի անց մենք հայտնվել ենք վճռական մի նոր փուլում:

    Մենք ակնհայտորեն հայտնվել ենք պարադոքսալ մի իրականությունում․ մի կողմից տոնում ենք աննախադեպ առաջընթացը, մյուս կողմից՝ կանանց իրավունքների համար պայքարը երբեք ավելի հրատապ չի եղել, քան այսօր է: Կանայք հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ, աղջիկներն ավելի կրթված են և իրավական առումով ավելի պաշտպանված, բայց, այնուամենայնիվ, այս ձեռքբերումներն այժմ վտանգված են: Կանանց իրավունքների համընդհանուր այս հակազդեցությունը խորացնում է խտրականությունը՝ թուլացնելով նրանց իրավական պաշտպանվածությունը, սահմանափակելով վերարտադրողական իրավունքները և կրճատելով գենդերային հավասարությանն ուղղված ֆինանսավորումը: Ժողովրդագրական փոփոխությունները, հատկապես ծնելիության ցածր մակարդակի և բնակչության նվազման վերաբերյալ  մտահոգությունները, օգտագործվում են՝ արդարացնելու գենդերային հավասարության ոլորտում դժվարությամբ ձեռք բերված նվաճումների վերացումը և սահմանափակելու վերարտադրողական իրավունքները:

     2024 թվականին աշխարհի կառավարությունների գրեթե մեկ քառորդը հայտնել է, որ իրենց երկրներում առկա է կանանց իրավունքների հանդեպ հակազդեցություն: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ ահագնացող բարձր մակարդակի վրա. միայն վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 24 միլիոն կին ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Տեխնոլոգիաների միջոցով իրականցվող բռնությունը հանդիսանում է որպես նոր սպառնալիք, որի թիրախում հատկապես երիտասարդ կանայք են: Ուկրաինայում, որտեղ պատերազմը վերափոխել է կյանքի բոլոր ոլորտները, մոտ 2,4 միլիոն մարդ՝ հիմնականում կանայք և աղջիկներ, գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման հրատապ ծառայությունների կարիք ունեն:

     Կանանց քաղաքական ներկայացվածությունը բարելավվել է․ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք այժմ զբաղեցնում են խորհրդարանական մանդատների միջինում 32 տոկոսը (1995 թվականի՝ 11 տոկոսի համեմատ): Սակայն առաջընթացի տեմպերը դանդաղում են, իսկ որոշ երկրներում՝ հետընթաց է արձանագրվում: Գենդերային բռնությունը, վնասակար սոցիալական նորմերը և խնամքի, տնային գործերի անհավասար բաշխվածությունը շարունակում է խոչընդոտել աղքատության հաղթահարմանը և կանանց լիարժեք մասնակցությանը հասարակական-քաղաքական կյանքին: Սա հատկապես զգալի է առավել խոցելի կանանց համար, ներառյալ գյուղական բնակավայրերում ապրողները, հաշմանդամություն ունեցող կանայք, փոքրամասնությունները և տարեց կանայք: Ուկրաինայում պատերազմը սրել է նախկինում գոյություն ունեցող գենդերային անհավասարությունները՝ կանանց կանգնեցնելով բռնության և ավելի ծանր ընտանեկան բեռի առաջ, չնայած, միևնույն ժամանակ, կանայք դարձել են մարդասիրական աշխատանք իրականացնողներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, համայնքային ուժերի համախմբողներ և ձեռներեցներ. այսօր Ուկրաինայի երկու բիզնեսներից մեկի հիմնադիրը կին է։

   Ներկա տեմպերով, գենդերային հավասարությունը մնում է հեռավոր երազանք։ Այսօր ծնված աղջիկը կդառնա 40 տարեկան, մինչև կանայք խորհրդարանում կհասնեն հավասար մասնակցության։ Նա կդառնա 68 տարեկան՝ մինչև աշխարհում վերջ կդրվի մանկահասակ ամուսնություններին, և գուցե երբեք չտեսնի, որ ծայրահեղ աղքատությունը  հաղթահարված է: Մեզ համար այսպիսի ապագան անընդունելի է։

      Մենք՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որպես ՄԱԿ-ի երկու առաջատար գործակալություններ, որոնք հանձնառություն են վերցրել խթանելու գենդերային հավասարությունը, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել անտարբերության դեմ, պարտվողականությունը փոխարինելով դիմադրությամբ, հուսահատությունը՝ հույսով: Մենք պայքարի ժառանգորդներ ենք, բայց նաև այն սերունդն ենք, որը կարող է իրականություն դարձնել գենդերային հավասարությունը: Գենդերային հավասարությունը միայն կանանց և աղջիկների մասին չէ. դա ողջ մարդկությանն առաջ տանող ճանապարհն է:

     Կանանց միջազգային օրը մենք կոչ ենք անում բոլորին պայքարել բոլոր կանանց և աղջիկների իրավունքների, հզորացման և հավասարության համար: Թող պատմության մեջ 2025 թվականը մնա, որպես մի տարի, երբ մենք ամուր պահեցինք մեր դիրքորոշումը, տարի, երբ մենք թույլ չտվեցինք, որ առաջընթացը կանգնի, տարի, երբ գենդերային հավասարությունն իսկապես անկասելի դարձրինք: Եկեք միասին քայլենք առաջ՝ որպես կառավարություններ, քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված և անհատներ, որ Պեկինի խոստումն իրականություն դառնա բոլոր կանանց և աղջիկների համար:

Բելեն Սանս Լյուկեն, ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն

Ֆլորենս Բաուեր,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն