You are here

Յուրաքանչյուր տարի աշխարհի 58 զարգացող երկրներում կարելի է խուսափել մինչև 3.6 միլիոն մահերից, եթե մինչև 2015 թ. բարելավվի մանկաբարձական խնամքը, - ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած նոր ծավալուն զեկույցում:

«Մանկաբարձներն աշխարհում 2011» զեկույցը, որը հրապարակվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում մեկնարկած Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի (ՄՄԿ) համաժողովում, նոր տվյալներով հաստատում է, որ նշանակալի ճեղքվածք է առկա գործող մանկաբարձների թվի և մանկաբարձների այն թվի միջև, որն անհրաժեշտ է մարդկային կյանքերը փրկելու համար:

«Որպեսզի յուրաքանչյուր կին իր նորածնի հետ հնարավորություն ունենա օգտվելու որակյալ մանկաբարձական խնամքից, մենք պետք է տեսանելի քայլեր կատարենք՝ ընդլայնելու համայնքներում, երկրներում, տարածաշրջաններում և աշխարհում այսօր ունեցած ձեռքբերումները», - զեկույցի նախաբանում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Ամեն տարի 358,000 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում, մոտ երկու միլիոն նորածին մահանում է կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում և տեղ է գտնում մեռելածնության 2.6 միլիոն դեպք. և այս ամենը տեղի է ունենում անբավարար կամ ոչ պատշաճ բժշկական օգնության պատճառով:

«Զեկույցը վեր է հանում ավելի մեծ թվով մանկաբարձներ պատրաստելու և համայնքներում նրանց ծառայություններից հավասարապես օգտվելու հնարավորություն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը», - ասում է ՄԱԲՀ-ի Գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը:

«Մանկաբարձներն աշխարհում 2011» զեկույցը ցույց է տալիս, որ առանց հավելյալ 112,000 մանկաբարձներ պատրաստելու, տեղավորելու և համապատասխան պայմաններով ապահովելու, հարցում անցած 58 երկրներից 38-ը հնարավոր է չկարողանան հասնել միչև 2015 թ. ծնունդների 95 տոկոսին հմուտ մանկաբարձների մասնակցությունն ապահովելու ցուցանիշին՝ ինչպես պահանջում է մայրական առողջությանը վերաբերող Հազարամյակի զարգացման նպատակ 5-ը: Ողջ աշխարհում դեռևս 350,000 մանկաբարձի պակաս կա:

Եթե բավարար հնարավորություններ առկա լինեին բարդությունների վերացման համար, երբ վերջիններս նոր-նոր են ի հայտ գալիս, հնարավոր կլիներ խուսափել ահռելի թվով մահերից՝ բոլոր մայրական մահերի 61 տոկոսից կամ գրեթե երկու երրորդից, մեռելածնության դեպքերի 49 տոկոսից կամ գրեթե կեսից և նորածինների մահերի 60 տոկոսից կամ յուրաքանչյուր 5-ից 3-ից: Զեկույցը հավելում է, որ եթե առկա լինեն բավարար թվով մանկաբարձներ, որոնք կարողանան առավել սուր բարդացումներն ուղեգրել նեղ մասնագիտական խնամքի, կարելի է կանխել մայրերի մահացության դեպքերի մինչև 90 տոկոսը:

«Մանկաբարձերն աշխարհում 2011» զեկույցը, որի մշակումը համակարգել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, թվով 30 գործընկերների համագործակցության արդյունք է: Այն հիմնված է 58 երկրներում անցկացված հետազոտության վրա, որոնց բաժին է ընկնում ողջ աշխարհում ծնունդների ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը, մինչդեռ մայրական մահացության բոլոր դեպքերի 91 տոկոսը: Մանկաբարձների առավել սուր պահանջ ունեցող 38 երկրներից 22-ը կարիք ունի մինչև 2015 թ. կրկնապատկելու նրանց թիվը, 7-ը՝ եռապատկելու կամ քառապատկելու, իսկ ինը (Կամերուն, Չադ, Եթովպիա, Գվինեա, Հայիթի, Նիգեր, Սիեռա Լեոնե, Սոմալի և Սուդան) կարիք ունի շեշտակիորեն բազմապատկելու մանկաբարձների թիվը 6-ից 15 գործակցով:

«Զեկույցը վեր է հանում բանիմաց, ակտիվ մանկաբարձների բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կաշխատի որպես արդյունավետ առողջապահական համակարգի առանցքային մաս: Ի հավելումն, մանկաբարձների վերապատրաստման և կանոնակարգման վերաբերյալ ՄՄԿ-ի նոր գլոբալ չափորոշիչները կառավարություններին և քաղաքականություն իրականացնողներին կօգնեն իրագործել զեկույցում առաջ քաշված առաջարկությունները», - ասում է Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Բրիջիթ Լինչը:

Մահերի և հաշմանդամության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ցածր եկամուտներ ունեցող երկրներում և այն պատճառով, որ կանայք՝ հաճախ աղքատ և լուսանցք մղված, հնարավորություն չունեն օգտվելու գործող առողջապահական հաստատությունների կամ որակյալ բուժաշխատողների ծառայություններից՝ հատկապես նրանց, ովքեր մանկաբարձական հմտությունների են տիրապետում:
Որակյալ մանկաբարձական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման խնդիրը հայտնվել է հղիության և ծննդաբերության ընթացքում պատշաճ խնամք ստանալու կանանց իրավունքի իրացմանն ուղղված գլոբալ ջանքերի կենտրոնում: Այն նաև գտնվում է Հազարամյակի զարգացման՝ առողջությանն առնչվող երեք նպատակների առանցքում՝ մանկական մահացության նվազում (ՀԶՆ 4), մայրական առողջության բարելավում (ՀԶՆ 5) և պայքար ՁԻԱՀ-ի, մալարիայի ու այլ հիվանդությունների դեմ (ՀԶՆ 6):

Բացի մանկաբարձների անբավարար թվից, զեկույցը բացահայտում է նաև, որ երկրների ներսում մանկաբարձների բաշխումն ու որակն անհավասարաչափ են: Մանկաբարձների համար վերապատրաստման հաստատությունների և աշխատատեղերի պակաս կա: Ի հավելումն, նշանակալի դժվարություններ կան՝ անհստակ կանոնակարգման, թույլ մասնագիտական միությունների, քաղաքականության առումով թերի դաշտի ու մոր և մանկան առողջության պահպանման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների շարքից մանկաբարձներին դուրս թողնելու տեսքով:

Զեկույցում բազմաթիվ առաջարկություններ են ներառված՝ ուղղված կառավարություններին, կանոնակարգող մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագիտական միություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք կօգնեն լուծումներ գտնել այս խնդիրներին և բարձրացնել մանկաբարձների կարգավիճակը հարցում անցած 58 երկրներում:

«Հարկ է շեշտել, որ երբ կնոջ կողքին լինում է առողջապահական գործուն համակարգի աջակցությունը վայելող մանկաբարձ, ոչ միայն կտրուկ նվազում է ծննդաբերական բարդություններից մահացության հավանականությունը, այլև մանկաբարձը կենսական կարևորություն ունեցող օղակ է դառնում երեխայի պատշաճ խնամքի և ամբողջ ընտանիքի առողջության ապահովման գործում», - նշում է Հանուն անվտանգ մայրության Սպիտակ ժապավենի դաշինքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեննի Կամվենդոն Մալավիից: «Մենք պետք է առաջնային ուշադրություն դարձնենք մանկաբարձներին ուղղվող ներդրումներին, որպեսզի նրանց կյանք փրկող խնամքը հասնի համայնքեր, որտեղ միանգամայն հնարավոր է փրկել մայրերին:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.stateoftheworldsmidwifery.org: