Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Ավստրիայում տեղակայված Կիրառական համակարգերի վերլուծման միջազգային ինստիտուտը (ԿՀՎՄԻ) Լաքսենբուրգում կնքեցին փոխըմբռնման եռակողմ հուշագիր։ Հուշագրի ընդհանուր նպատակն է խորհրդատվություն տրամադրել Հայաստանի կառավարությանը, մասնավորապես ՀՀ ԱՍՀՆ-ին՝ մեր երկրի ներկա ժողովրդագրական մտահոգությունների վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրեցին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը և ԿՀՎՄԻ գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաարսֆելդը։
Այս համագործակցության շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, աջակցություն կտրամադրվի Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության փորձագիտական գնահատման առումով, ինչպես նաև գործիքների արդյունավետ մշակման և տարբեր հետազոտական մեթոդների միջոցով լավագույն քաղաքականության լուծումների ձևակերպման գործում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի և ԿՀՎՄԻ -ի և ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի փորձի վրա։
Կիրառական համակարգերի վերլուծման միջազգային ինստիտուտն աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններից է, որը երկրներին խորհրդատվություն և հետազոտական հենք է տրամադրում քաղաքականությունների մշակման համար, մասնավորապես, ժողովրդագրության ոլորտում։ Այն ներառում է ավելի քան 400 հետազոտող աշխարհի 52 երկրից։