You are here

Վանաձորում դեկտեմբերի 24-ին բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը: Այն Լոռու մարզի երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար հանդիպումների, դասընթացների և միջոցառումների կազմակերպման հարթակ կծառայի, ինչն ուղղված կլինի կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

Ընտանիքի անկյունները հիմնադրվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան թիմի, ՀՀ Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքային իշխանության, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի, Վանաձորի ԲԿ-ի ներկայացուցիչները:

«Մենք կարևորում ենք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ աշխատանքը: Մեր առաքելությունն է, պետությունների, կառավարությունների հետ աշխատելով, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատի ներուժն ամբողջովին կօգտագործվի: Մի կողմից՝ մենք փորձում ենք հզորացնել կանանց, որպեսզի ինքնաիրացվեն, մյուս կողմից՝ աշխատում ենք տղամարդկանց հետ, որպեսզի իրենք էլ ավելի շատ ներգրավված լինեն ընտանիքի եւ երեխայի խնամքի մեջ»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աֆրաշյանն ընդգծեց, որ «Ընտանիքի անկյունը» կարեւոր ինստիտուտ է Լոռու մարզում:

«Համոզված եմ, որ «Ընտանիքի անկյունը» կլինի ապահով եւ հարմարավետ հարթակ՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներն ամրապնդելու, գենդերային հիմնախնդիրները բացահայտելու, ընտանիքների կենցաղային եւ սոցիալական խնդիրները հաղթահարելու հարցում»,- ասաց նա:

«ՄԱԿ Կանայք» կազմակերպության գենդերային հավասարության և կանանց հզորացման գծով քաղաքականության փորձագետ Մադլեն Սանդսթրյոմն ասաց, որ Հայաստանում ընտանեկան անկյունների բացումը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի էական մասն է:

Միեւնույն ժամանակ՝ ՄԱԿ-ի բնակության հիմնադրամի գործընկեր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը հույս հայտնեց, որ «Ընտանիքի անկյունը» կլինի ապահով և հարմարավետ հարթակ ինչպես կանանց և տղամարդկանց, այնպես էլ Վանաձորում գործող պետական ու հասարակական կառույցների կողմից տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների անցկացման համար:

Պաշտոնական միջոցառման ժամանակ կայացավ «Հայրիկները կարևոր են» խորագրով սոցիալական հոլովակի պրեմիերան ու «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցապաստառների մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը: 

2020 թվականից Շիրակում գործում է Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը: Ծրագրի շրջանակներում 2022 թվականին նախատեսվում է «Ընտանիքի անկյուն» բացել նաեւ Տավուշի մարզում։ 

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային  ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրոպական միության  թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։ 

Այս հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: