Հոկտեմբերի 20-ին, Վիճակագրության համաշխարհային օրը նշելու համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ հավաքվել էին ֆակուլտետի ուսանողներն ու դեկան Մանուկ Մովսիսյանը, նշված ֆակուլտետի վիճակագրության ամբիոնի դասախոսական անձնակազմը, բուհի աշխատակիցներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ներկայացնում էին «Ժողովրդագրության և զարգացման ծրագրի» ղեկավար Աննա Հովհաննիսյանն ու հաղորդակցության մասնագետ Մհեր Մանուկյանը: Միջոցառումը նախաձեռնել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը՝ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Ներկաներին ողջունեց դեկան Մանուկ Մովսիսյանը՝ վիճակագիրներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով: Դեկանը կարևորեց վիճակագրական տեղեկատվության դերը արդի ժամանակաշրջանում՝ շեշտելով, որ այն ամենաթանկ տեղեկատվություններից մեկն է:
Ողջույնի խոսք ասաց բուհի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Նա մեջբերեց մի քանի ասույթներ վիճակագրության վերաբերյալ և իր հերթին շեշտեց, թե որքան կարևոր աշխատանք են իրականացնում վիճակագիրները:
Աննա Հովհաննիսյանն իր ելույթում վստահեցրեց ուսանող-վիճակագիրներին, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել մասնագիտության հարցում և նշեց, որ առանց հավաստի վիճակագրական տվյալների ոչ մի պետություն չի կարող զարգանալ:
Ելույթներից հետո ցուցադրվեց 2 ֆիլմ. առաջին ֆիլմը պատմում էր Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գործունեության, առաքելության մասին, իսկ երկրորդը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կատարած ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի վերաբերյալ ընտրանքային հետազոտություն էր:
Առաջին ֆիլմում ԱՎԾ աշխատակիցները պատմում էին վիճակագրի մասնագիտության առանձնահատկությունների մասին: Ֆիլմի դիտումից հետո ուսանողները կրկին գիտակցեցին իրենց մասնագիտության կարևորությունը: Երկրորդ ֆիլմը ներկայացնում էր վիճակագրական հետազոտություն կատարելու հմտություններ և տեղեկույթ էր հաղորդում մեր երկրի բնակչության վերարտադրողական վարքագծի մասին. օրինակ, թե որոնք են ցածր ծնելիության հիմնական պատճառները:
Հանդիպման ավարտին միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալությունը հայտնեց տ.գ.թ., պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը: Պրոֆեսորը նշեց, որ վիճակագիրը պետք է ունենա գիտելիքների բարձր մակարդակ, քանի որ նա ոչ միայն տվյալներ է հավաքագրում, այլև՝ գիտականորեն վերլուծում է դրանք:
Հանդիպումը եզրափակեց Մանուկ Մովսիսյանը՝ նշելով, որ Վիճակագրի տոնը ամեն տարի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում նշանավորվում է հետաքրքիր և ուսանողներին օգտակար միջոցառումներով: Դեկանը հպարտորեն ընդգծեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վիճակագիրներ թողարկող միակ հայաստանյան բուհն է: