2023 թ. դեկտեմբերի մեր ամենակարևոր նախաձեռնություններից մեկը «Համընդհանուր դիզայն՝ զարգացման նոր փուլ» երկօրյա համաժողովն էր։
Համաժողովի նպատակն էր Հայաստանում մատչելի և ներառական միջավայրի ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունների քննարկումը և լուծումների մասնակցային նախագծումը։
Հրավիրված էին պետական կառավարման համակարգի մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ոլորտային պատասխանատուներ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի Ճարտարապետություն և դիզայն ֆակուլտետների դասախոսներ, ուսանողներ, հաշմանդամություն ունեցող անձիք:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը, Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական և «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ներկայացվեցին Հայաստանում մատչելի և ներառական միջավայրի ապահովման ուղղությամբ քաղաքաշինության բնագավառում իրականացրած գործողություններն ու հետագա քայլերը։
Նաև ամփոփվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանողների հետ կայացած «Ունիվերսալ դիզայն, մատչելիություն և խելամիտ հարմարեցումներ» մեկշաբաթյա հանդիպումների արդյունքները, որոնք վարում էին Սուրեն Մաղաքյանը և ճարտարապետ, ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու Նարեկ Մինասյանը։
Պանելային քննարկման դրվեցին համընդհանուր դիզայնի, ներառական միջավայրի ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունների առումով իրականացվող աշխատանքներն ու մարտահրավերները։ Իսկ խմբային աշխատանքի միջոցով վեր հանվեցին իրավական դաշտի, կրթական համակարգի բացերը և կարիքները, մատչելիության ապահովման գործընթացում տարբեր գերատեսչությունների գործառույթների և լիազորությունների բովանդակային կրկնություններն ու տարբերությունները։
Համաժողովի մասնակիցները նաև միասին խաղացին բոչիա՝ պարալիմպիկ մարզաձև, որը խաղում են ավազով լցված գնդակներով` փորձելով գնդակները նետել թիրախ համարվող սպիտակ գնդակին որքան հնարավոր է մոտ։
Համաժողովն իրականացվեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ ﬕջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում։