You are here

Տիեզերքը բացահայտողից մինչև սուպերմեն. հայրիկները կարևոր են, իսկ «կարևոր» են բառի տակ մի շարք հատկանիշներ են ամփոփված, որոնք անհրաժեշտ են ընտանիքին՝ հավասարության, հարգանքի և սիրո ներդաշնակության մեջ ապրելու համար:

Այս գաղափարը քարոզելու,ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխման նպատակով անցկացված «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցապաստառների մրցույթը 12 մասնակից է ունեցել։ Դրանցից լավագույն երկուսը՝ վեբ-դիզայներ Աննա Խաչատրյանի եւ 4-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Ալեքսանյանի աշխատանքները, արժանացել են պատվոգրերի և դրամական մրցանակների:

Աննա Խաչատրյանը և Ժաննա Ալեքսանյանի հայրը/Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Մրցույթը կազմակերպել էին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ 

«Ցուցապաստառը ստեղծելիս, նախ՝ ինքս ինձ հարց եմ տվել՝ հայրն ընտանիքում ի՞նչ դեր ունի: Երբ ինքս գտա այդ հարցի պատասխանը, դա ներկայացրեցի իմ աշխատանքում։ Հայրը՝ իր փորձով, իր երեխայի առաջ բացում է աշխարհն ու կյանքը: Իլյուստրացիայում հոր փորձը տիեզերքն է»,- ասում է Աննան, ում ցուցապաստառը Գյումրիում, Իջևանում և Վանաձորում, գովազդային վահանակների վրա, քարոզում է պատասխանատու հայրությունը։  

 

«Հայրիկները կարևոր են» մրցույթի հաղթող Աննա Խաչատրյանը/Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Աննան համոզված է՝ այժմյան հայ երիտասարդները շատ լավ գիտակցում են, որ տղամարդիկ պետք պատասխանատու ծնողներ լինեն, ներգրավվեն երեխայի խնամքում եւ տնային գործերում։ Այնուամենայնիվ, հասարակության մեջ պահպանվում են վնասակար կարծրատիպերը և պատկերացումները կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ:

«Ես շատ էի նկատում, որ հիմնականում Հայաստանում խոսում են ընտանիքում մոր դերի մասին: Երբ տեսա հայտարարությունը, մտածեցի, որ, վերջապես, հոր դերն էլ է կարեւորվում»,- ասում է 26-ամյա Աննան:

 

Ժաննա Ալեքսանյանը/Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

 

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած 21-ամյա Ժաննան ասում է, որ իր աշխատանքով ցանկանում էր ցույց տալ, թե ինչպես է վերաբերվում ընտանիքում հայրերի ներգրավվածությանը։

«Շատ կարևոր է ներկայացնել ընտանիքում հայրիկների, տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Երբ հայրիկներն ու մայրիկներն ընտանիքում ունենում են նույն ներգրավվածությունը, երեխան ավելի լիարժեք է լինում»,- նշում է նա։ Ժաննան ավելացնում է, որ մայրիկն ու հայրիկն իրենց խնամելիս առաջնորդվում են հավասարության սկզբունքով:     

Ժաննա Ալեքսանյանի հայրը վերցնում է դստեր մրցանակը/ Լուսանկարը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

«Երբ հայրիկս իմացավ, որ իմ ցուցապաստառը հաղթել է, շատ երջանիկ ու հպարտ էր: Հայրիկս կարատեի մարզիչ է, և ես միշտ շատ մոտիվացված եմ եղել նրա հաջողություններով: Այդ ամենն ինձ մոտիվացրել է ավելի լավը լինել: Ես ու հայրս միշտ մտերիմ ենք եղել, միշտ նրանից խորհուրդ եմ հարցրել, զգացել եմ նրա աջակցությունը: Այդ ամենն արտացոլված է իմ աշխատանքում։ Հայրիկի՝ այդ սուպերմենի կերպարն է, որ մոտիվացնում է երեխաներին, ավելի լավին ձգտելու ուժ տալիս»,- ասում է Ժաննան:

 

«Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցապաստառների մրցույթը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի մասն է կազմում։ Ծրագրով 2020թ-ին Գյումրիում, իսկ 2021թ-ին Վանաձորում բացվել են «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ, 2022թ-ին ևս մեկը կբացվի Իջեւանում։ Շահառուները Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկներն են:

 

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային  ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրոպական միության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։

Այս հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային  ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարները՝ հեղինակի