Go Back Go Back
Go Back Go Back

Հավասարության ուժը․ ընտանիքներ, իրավունքներ և դեմոգրաֆիական դիմակայունություն

Հավասարության ուժը․ ընտանիքներ, իրավունքներ և դեմոգրաֆիական դիմակայունություն

Statement

Հավասարության ուժը․ ընտանիքներ, իրավունքներ և դեմոգրաֆիական դիմակայունություն

calendar_today 15 Մայիս 2025

Presentation slide titled 'The Power of Equality: Families, Rights, and Demographic Resilience' by Gabriela Alvarez Minte, featuring a portrait of the author.
Գաբրիելա Ալվարես Մինտեն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու է։

Վերջին տասնամյակներին ընտանիքների կառուցվածքը զգալիորեն փոփոխվել է՝ ավանդական նուկլեար մոդելից (ամուսնացած զույգ և նրանց երեխաները)  զատ ներառելով մեկ ծնողով, որդեգրած երեխաներով, ինչպես նաև քաղաքացիական ամուսնությամբ ապրող զույգերի, որոնք ունեն երեխաներ կամ չունեն երեխաներ։ Այս փոփոխություններն ուղեկցվել են տնային տնտեսությունների թվի նվազմամբ, ինչպես նաև բարձրացել է ամուսնության և երեխա ունենալու տարիքը։  Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների մակարդակն աճել կամ տատանվում է, կանանց ներգրավվածությունն աշխատաշուկայում ավելացել է, ծնելիությունը նվազել, բայց աճել է չգրանցված ամուսնություններից ծնունդների թիվը։ Արդյունքում ստեղծվել է ավելի բարդ ու բազմազան ընտանեկան կյանքի սոցիալական լանդշաֆտ։

Շատերի համար ընտանիքը մնում է սիրո, խնամքի և հուզական ապահովության կարևոր աղբյուր։ Սակայն, հաճախ դեռևս կան  դեպքեր, երբ հենց ընտանիքներում են կանանց և աղջիկների իրավունքները խախտվում, նրանց ձայները ճնշվում՝ խորացնելով գենդերային անհավասարությունը։

Ահա թե ինչու է անհրաժեշտ ուսումնասիրել, թե ինչպես են գենդերային անհավասարությունը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականությունն ազդում ընտանեկան հարաբերությունների, որպես հետևանք նաև՝ հասարակության և աշխատաշուկայի վրա։

Վնասակար գենդերային նորմերը, կարծրատիպերը և գործելակերպերը խանգարում  են կանանց և աղջիկներին՝ սահմանափակելով նրանց հասարակական, ինչպես նաև տնտեսական առաջընթացի հնարավորությունները։ Այս խնդիրներն առկա են շատ ընտանիքներում և թողնում են շոշափելի ու երկարաժամկետ հետևանքներ։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կանանց 30%–ը  զուգընկերոջ կողմից բռնության կամ սեռական բռնության է ենթարկվում։  Տարեկան մինչև մեկ միլիարդ երեխա ենթարկվում է բռնության կամ անտեսման՝ հիմնականում սեփական ընտանիքներում։ Ավելին, կանայք օրական երեք ժամ ավելի են հատկացնում չվճարվող խնամքի աշխատանքին, քան տղամարդիկ։ Այս հանգամանքը սահմանափակում է կանանց տնտեսական հնարավորությունները և խորացնում աղքատությունը։ Մյուս կողմից, տարածված պատկերացումը, թե տղամարդը պետք է ընտանիքի հիմնական կերակրողը լինի, սահմանափակում է նրանց ներգրավվածությունը խնամքի գործում, անգամ նրանց սեփական երեխաների դեպքում։

Այս իրողությունները մեզ ստիպում են մտածել երկու առանցքային հարցի շուրջ։ Առաջին՝ երեխա ունենալու որոշումը ձևավորվում է տնտեսական, սոցիալական ու մշակութային գործոնների, ինչպես նաև անհատական նախընտրությունների համադրմամբ, որոնք սերտորեն կապված են գենդերային անհավասարության հետ։  Երկրորդ՝ կանանց վրա գործադրած ճնշումը՝ ունենալ ավելի շատ երեխաներ, ոչ միայն խախտում է նրանց իրավունքները, այլև խորացնում է գենդերային անհավասարությունը և փաստացի արդյունավետ միջոց չէ։  

Երբ խոսում ենք ընտանիքների այն մոդելի մասին, որը մարդիկ ձգտում են ունենալ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդկանց որոշումներն ու ընտրությունը հաճախ պայմանավորված են հենց գենդերային դերերի, իշխանության անհավասարակշռության և խտրականության դրսևորումների ազդեցությամբ։ Այն ներառում է երեխա ունենալ-չունենալու, ինչպես նաև՝ երբ և քանի երեխա ունենալու որոշումները։ Այս որոշումների կայացման վրա ազդում են նաև անհատի անձնական սպասումները կյանքից և, իհարկե, այն հանգամանքը, թե առկա ենթակառուցվածքներն ու համակարգերը որքանով են պատրաստ պաշտպանելու այդ որոշումը։ Այս համատեքստում ազդեցության մեծ գործոն են հանդիսանում նաև մայրության և հայրության վերաբերյալ սոցիալական ակնկալիքները։ 

Օրինակ՝ գենդերազգայուն, աջակցող ընտանեկան քաղաքականությունների պակասը, որտեղ չկա ծնողական արձակուրդ, ճկուն աշխատանքային պայմաններ կամ խնամքի ծառայություններ, շատ կանանց համար գրեթե անհնար է  դարձնում կարիերան ընտանիքի հետ համատեղելը։ Արդյունքում, կանայք ավելի քիչ երեխաներ են ունենում, քան ցանկանում էին, կամ չեն կարողանում լիովին իրացնել իրենց ներուժն աշխատաշուկայում։ Այս հանգամանքը կանանց ստիպում է բավարարվել կես դրույք, ճկուն գրաֆիկով, ցածր վարձատրվող, հաճախ ոչ կայուն և նվազագույն առաջընթացի հեռանկար ունեցող աշխատանքով, ինչը, իր հերթին, մեծացնում է ծերության շրջանում աղքատության վտանգը։

Այս համատեքստում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համար սեռական և վերարտադրողական իրավունքների վերաբերյալ գլոբալ նորմատիվ շրջանակը հիմնաքարային է։ Այն հիմնված է 1994թ․ Բնակչության և զարգացման միջազգային կոնֆերանսի Գործողությունների ծրագրի վրա, որը երաշխավորում է զույգերի և անհատների հիմնարար իրավունքը՝ ազատ և պատասխանատու կերպով որոշելու երեխաների թիվը, ծնունդների միջև ժամանակահատվածը, ինչպես նաև ունենալու համապատասխան տեղեկատվություն և միջոցներ։ 

Այն կարևորում է առանց խտրականության, հարկադրանքի և բռնության որոշումների կայացումը, այդ թվում՝ ազատ ու պատասխանատու կերպով որոշումներ կայացնելու կանանց իրավունքը՝ իրենց սեռականության, ներառյալ` սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Գենդերային անհավասարության դեմ պայքարը ենթադրում է այն կառուցվածքների և պատկերացումների վերանայում, որոնք սահմանափակում են կանանց դերը՝ պայմանավորելով այն միայն խնամքի, տնային աշխատանքի կամ մայրության շրջանակներում։ Սա ուղղակիորեն ազդում է կանանց ինքնուրույնության և ռեսուրսների հասանելիության վրա, սահմանափակում է արժեքավոր մարդկային կապիտալի հնարավոր օգտագործումը և վնասում է,  ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների բարեկեցությանը։ 

Ահա թե ինչու գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները պետք է լինեն ժողովրդագրական դիմակայունությունը խթանող հիմնական գործոններից մեկը։ Միայն գենդերային հավասարության հաստատման, կանանց իրավունքների չսահմանափակման միջոցով մենք կարող ենք դիմակայել նոր ժողովրդագրական մարտահրավերներին և ապահովել ընտանիքի բոլոր անդամների՝ ներառյալ տղաների և աղջիկների, ավագ սերնդի, աշխատող և հաշմանադամություն ունեցող անձանց բարեկեցությունը։ 

Երկրները կարող են լուրջ քայլեր ձեռնարկել՝ բարելավելու գենդերային հավասարությունը և ամրապնդելու ժողովրդագրական դիմակայունությունը։ Դրա համար անհրաժեշտ է ներդնել քաղաքականություններ, որոնք աջակցում են տղամարդկանց և կանանց, նրանց երեխաներին, խնամքի ներքո գտնվող այլ անձանց։ Սա ենթադրում է նաև պայքար ընտանիքներում առկա գենդերային բռնության դեմ, վնասակար նորմերի փոփոխում և տնային ու չվճարվող խնամքի աշխատանքներում տղամարդկանց մասնակցության խթանում։

Եկե՛ք չկենտրոնանանք վերացական ու իդեալականացված ընտանիքի մոդելի վրա։ Փոխարենը, կարևորենք ու առաջնահերթություն տանք մարդկանց, որոնք ունեն տարբեր տեսակի ընտանիքներ, տարբեր կարիքներ ու պահանջմունքներ և ապահովենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ աղջիկ, տղա և մեծահասակ անձ ստանա արժանի աջակցություն ու պաշտպանություն։ 

Գաբրիելա Ալվարես Մինտեն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու է։