Go Back Go Back
Go Back Go Back

Ընտանիքներին աջակցող առավել մեծ ներդրումներ են հարկավոր․ Ընտանիքի միջազգային օրվան ուղղված ՄԱԲՀ-ի կոչը

Ընտանիքներին աջակցող առավել մեծ ներդրումներ են հարկավոր․ Ընտանիքի միջազգային օրվան ուղղված ՄԱԲՀ-ի կոչը

News

Ընտանիքներին աջակցող առավել մեծ ներդրումներ են հարկավոր․ Ընտանիքի միջազգային օրվան ուղղված ՄԱԲՀ-ի կոչը

calendar_today 15 Մայիս 2025

Four individuals are posing behind a cut-out board at an event celebrating International Day of Families, with logos of the EU, UNFPA, UN Women, and YIC visible in the background.
Ընտանիքի միջազգային օրվա տոնակատարություն, «Մենք ուժեղ ենք միասին» մարզական խաղերի մասնակից ընտանիք, Աչաջուր համայնք, Տավուշի մարզ, մայիս 2022 թ. Լուսանկարը՝ ՄԱԲՀ Հայաստան/Ասպրամ Մանուկյան

Մայիսի 15-ը  Ընտանիքի միջազգային օրն է։ Այս տարի, Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, այն բարձրաձայնում է ընտանիքներին աջակցող  քաղաքականությունների կարևորության մասին, որպես «Կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030»-ին հասնելու կարևոր միջոց։

«Ընտանեկան աջակցության համապարփակ և լավ մշակված քաղաքականություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն անհատների, ընտանիքների, մասնավոր հատվածի վրա, այլև ընհանրապես հասարակությունների վրա և ամրապնդում են երկրների կարողությունները՝ դիմակայելու ժողովրդագրական փոփոխություններին»,- ասել է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը,- «Այդ քաղաքականություններն առանցքային ճանապարհներ են, որոնք օգնում են  ավելի ներառական, իսկապես արդար, դիմակայուն և, ի վերջո, ավելի բարգավաճ հասարակություններ կառուցել»: 

ՄԱԲՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ կանանց, տղամարդկանց և երեխաներին աջակցող քաղաքականությունների բացակայությունը հանգեցնում է զգալի սոցիալ-տնտեսական ծախսերի։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում խնամքի և տնային աշխատանքների հիմնական պատասխանատուն շարունակում են կանայք լինել։ Արդյունքում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսում չվճարվող խնամքի վրա, քան տղամարդիկ, երբեմն՝ հինգ անգամ ավելի։ Եվ հաճախ կանայք կանգնում են աշխատանքի և ընտանիք կազմելու միջև ընտրության առջև: Համապատասխան ռազմավարությունների պակասի արդյունքում կանայք չեն կարողանում իրացնել իրենց ողջ ներուժը, ինչն էլ  հանգեցնում է տնտեսական արտադրողականության նվազման և տնտեսության ընդհանուր աճի դանդաղման:

«Կարևոր է, որ ընտանիքի ստեղծման և կայացման բոլոր փուլերում պետությունը համակողմանի աջակցություն տրամադրի, որպեսզի երեխա ունենալու և երեխաների թվի վերաբերյալ որոշումներն ամբողջությամբ կախված կլինեն անհատների կամքից և չսահմանափակվեն կրթության, աշխատանքի կամ զարգացման այլ հնարավորությունները բաց թողնելու անհանգստությամբ»,– նշում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և հավելում,– «Ուրախ եմ, որ Հայաստանն ունի  երկու ուղենիշային փաստաթուղթ՝ Ժողովրդագրական ռազմավարությունը և Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը, որոնց մշակմանն աջակցել է նաև ՄԱԲՀ-ն և որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել այս խնդրին, ու լիահույս եմ, որ մատնանշված գործողությունները կյանքի կկոչվեն և արդյունքում կապահովվի ընտանիքներին առավել աջակցող միջավայր, որն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա հասարակության և պետության վրա»։ 

Ինչի՞ մասին է ընտանիքներին աջակցող քաղաքականությունը․

ՄԱԲՀ-ի կողմից Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 21 երկրներում անցկացված համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում ընտանեկան քաղաքականությունների հարցում կա առաջընթաց, սակայն նաև առկա են զգալի բացեր։ Դրանց վերացնելու դեպքում հնարավոր կլինի նպաստել ծնողական, խնամքի և կենցաղային պարտականությունների հավասար բաշխմանը՝ նվազեցնելով կանանց աշխատաշուկայից դուրս մնալու ռիսկը, աշխատավարձերի տարբերությունը և բարձրացնելով տնտեսական արտադրողականությունը։

Մայրության արձակուրդ

Հայաստանում մայրության արձակուրդի տևողությունը 20 շաբաթ է։ Մայրերը ստանում են 100 տոկոսանոց դրամական փոխհատուցում, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված առավելագույն չափը։ Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունն ամբողջությամբ չի կիրառվում, օրինակ՝ ինքնազբաղված կանանց համար։ Ի համեմատություն՝ հետազոտության մյուս երկրներում արձակուրդը տատանվում է 16-ից մինչև 52 շաբաթ, փոխհատուցման մեխանիզմները տարբեր են, և ինքնազբաղվածները հաճախ դուրս են մնում աջակցման համակարգից։

Հայրության արձակուրդ

Հայաստանում գործում է 5 աշխատանքային օրվա հայրության արձակուրդ, սակայն այն չի փոխհատուցվում։ Մինչդեռ, օրինակ՝ Վրաստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում այս արձակուրդն ընդհանրապես չկա, իսկ մյուս երկրներում՝ հիմնականում կարճատև է և փոքր վճարով, ինչի պատճառով հայրերը հաճախ չեն օգտվում դրանից։

Ծնողական արձակուրդ

Հայաստանում ծնողը կարող է օգտվել ծնողական արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը՝ այսինքն՝ 156 շաբաթ։ Պետությունը տրամադրում է ֆիքսված չափով նպաստ, սակայն ինքնազբաղված ծնողները զրկված են դրամական աջակցության հնարավորությունից։ Այս հարցում նույնպես Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ համակարգն առկա է, բայց համընդհանուր չէ։ Միայն Չեխիայում է, որ ծնողական արձակուրդը հասանելի է և՛ հայրերի, և՛ մայրերի համար։ 

ՀՀ Ժողովրդագրական ռազմավարության Գործողությունների ծրագրում նշված են հստակ քայլեր, որոնց նպատակն է աջակցել ծնողների միջև երեխայի խնամքի պարտականությունների հավասար բաշխմանը, ինչը ներառում է նաև օրենսդրական փոփոխությունների իրականացում՝ ուղղված երեխայի խնամքի արձակուրդի համակարգի վերանախագծմանը։

Խնամքի արձակուրդ

Հայաստանի օրենսդրությամբ աշխատողին թույլատրվում է տարեկան մինչև 30 օր չվճարվող արձակուրդ՝ ընտանիքի անդամի խնամքի նպատակով։ Թեև իրավական կարգավորումը գոյություն ունի, սակայն վճարովի աջակցությունը զրոյական է (0%)։ Իսկ տարածաշրջանի այլ երկրներից միայն վեցում է խնամքի արձակուրդը վճարովի՝ ոչ միշտ ամբողջությամբ։

Աշխատանքային ճկուն պայմաններ

Հայաստանում հղի կանանց և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ծնողների համար առկա է կես դրույքով աշխատելու իրավական կարգավորումը։ Մինչդեռ մյուս երկրներում լայն տարածում ունի նաև հեռավար աշխատանքն ու ճկուն գրաֆիկները, սակայն ոչ միշտ՝ հավասարապես հասանելի բոլոր ծնողներին։

Վաղ մանկության կրթություն և խնամք

Հայաստանում գործում է պետական նախադպրոցական համակարգ՝ սկսած 3 տարեկանից։ Այս տեսանկյունից Հայաստանը այն 14 երկրների մեկն է, որտեղ կա զգալի բաց՝ ոչ բավարար արձակուրդ և ոչ էլ մատչելի ու որակյալ խնամքի համակարգ մինչև երեխայի 3 տարեկանը։

Նպաստներ

Հայաստանում գործում են մի շարք ծրագրեր, սակայն որոշ խմբեր դուրս են մնում նպաստների շրջանակից՝ հատկապես ոչ ֆորմալ աշխատողները կամ սոցիալական կարգավիճակ չունեցող ընտանիքները։ Ավելին, երեխայի խնամքի նպաստները հասանելի են միայն մեկ աշխատող ծնողի համար: Այս միտումը բնորոշ է նաև շատ այլ երկրների։

ՄԱԲՀ-ի առաջարկները

Հիմնվելով այս ուսումնասիրության վրա՝ ՄԱԲՀ տարածաշրջանի երկրներին առաջարկում է հետևյալ քայլերը՝

  • Ընտանեկան քաղաքականությունները դարձնել պետական քաղաքականության առանցքային ուղղություն։
  • Վերացնել գործող օրենքներում առկա բացերը և ապահովել դրանց գործնական կիրառումը։
  • Բարձրացնել հանրային ընկալումը և պայքարել գենդերային կարծրատիպերի դեմ։
  • Ճանաչել և արժևորել կանանց կողմից իրականացվող չվճարվող խնամքի աշխատանքը՝ այն ներառելով սոցիալական և տնտեսական քաղաքականությունների մշակման և իրագործման մեջ։
  • Ապահովել մատչելի և որակյալ վաղ մանկության կրթություն ու խնամք։
  • Զարգացնել և արդիականացնել ընտանեկան նպաստների համակարգը՝ ներառականության սկզբունքով։
  • Ստեղծել աջակցող և ճկուն աշխատանքային միջավայր, որտեղ հայրերը նույնպես խրախուսված կլինեն օգտվելու հայրության և ծնողական արձակուրդներից։
  • Ընդլայնել պետության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ համապարփակ աջակցության համակարգերի ձևավորման համար։

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ժողովրդագրական վիճակը Հայաստանում

Տվյալները՝ ՀՀ Վիճակագրական կոմիտեի

 

Ամուսնություն 

2025 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում գրանցվել է 3032 ամուսնություն։ Եթե դիտարկում ենք 2021-2024 թվականները, ապա ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամուսնությունների քանակի նվազում է նկատվում՝ մոտ 10%-ով։

Առաջին ամուսնության միջին տարիքը

Առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում: Օրինակ, եթե 2013 թվականին տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը եղել է 29.1, իսկ կանանց դեպքում՝ 25.8, ապա 2023-ի տվյալները ցույց են տալիս, որ թե տղամարդիկ, և թե կանայք միջինում երեք տարի ավելի ուշ են ամուսնանում․ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է՝ 32.1 և 28.5։ Եթե համեմատենք առավել վաղ՝ 2003 թվականի հետ, ապա տարբերությունը էլ ավելի զգալի է դառնում․ տղամարդկանց մոտ միջին տարիքը՝ 27.4 էր, իսկ ահա կանանց մոտ՝ 22.8։ 

Տարեթիվ

Տղամարդ 

Կին 

2003

27.4

22.8 

2013

29.1

25.8

2023

32.1

28.5

«Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» զեկույցի համաձայն կանայք հակված են  ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ: Ավագ տարիքում ավելի մեծ է կանանց այրի մնալու  հավանականությունը, որն էլ հիմնականում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողությամբ և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով: Բացի այդ, կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է:

Ամուսնալուծություն

2025 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում գրանցվել է 1181 ամուսնություն։ Եթե դիտարկում ենք 2021-2024 թվականները, ապա ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամուսնալուծություններն ավելացել են մոտ հինգ տոկոսով։   

Դիտարկելով ամուսնությունների բաշխումը՝ ըստ ամուսնության տևողության, ապա պետք է նշել, որ ամենամեծ մասնաբաժինը՝ 20 և ավելի տարի համատեղ կյանքից հետ տեղի ունեցած ամուսնալուծություններն են, իսկ երկրորդ տեղում՝ մինչև մեկ տարի ամուսնությունից հետո։

Տնային տնտեսություններ 

Ըստ 2023թ.-ի տնային տնտեսության հետազոտության արդյունքների՝ մշտական բնակչության հաշվարկով, տնային տնտեսության անդամների միջին թվաքանակը կազմել է 3.5 մարդ՝ 3.2 քաղաքային բնակավայրերում և 4.1 գյուղական բնակավայրերում, իսկ առկա բնակչության հաշվարկով՝ համապատասխանաբար, 3.4, 3.1 և 3.9 մարդ:

2023թ.-ին տնային տնտեսությունների 72.8% –ը կազմել են չորս և պակաս անդամ ունեցող տնային տնտեսությանները։ Ընդ որում, վերջին տասնամյակում արձանագրվել է մեկ անդամից բաղկացած տնային տնտեսությունների մասնաբաժնի շարունակական աճ, որը 2022-2023թթ.-ին կազմել է 17.6 % ՝ 2013թ. 12.5%-ի համեմատ:

2023թ.-ին բազմանդամ (6 և ավելի անդամ ունեցող) տնային տնտեսությանները գերակշռել են գյուղական բնակավայրերում՝ կազմելով 22.6%, քաղաքայինի՝ 10.7%-ի համեմատ, իսկ քաղաքային բնակավայրերում գերակշռել են չորս և պակաս անդամներից բաղկացած տնային տնտեսությունները՝ կազմելով 78.7%, գյուղականի՝ 62.1 %-ի համեմատ։ 

2018-2023 թվականներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը` պտղաբերության գործակիցը: Սակայն Հայաստանի տնային տնտեսությունների կեսից ավելին երեխա չունի, իսկ մոտ 20%-ն ունի երկու երեխա։ 

Հայաստան. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերում երեխա ունեցող տնային տնտեսությունների բաշխումն ըստ երեխաների թվաքանակի, 2021-2023թթ.

Տնային տնտեսությունների կազմը

Քաղաքային

Գյուղական

2021թ.

2022թ.

2023թ.

2021թ.

2022թ.

2023թ.

Տնային տնտեսություններ -

ընդամենը

100.0

100.0

100.0

100.0

100.0

100.0

այդ թվում՝ ըստ երեխաների թվաքանակի.

1 երեխա

16.4

15.4

13.4

17.2

15.9

15.6

2 երեխա

12.8

13.4

14.6

16.1

18.3

18.1

3 երեխա

2.5

3.0

3.7

6.7

6.9

7.6

4 երեխա

0.4

0.2

0.7

1.5

1.6

1.9

5 և ավելի երեխա

0.1

0.0

0.1

0.1

0.3

0.4

երեխա չունեցող

67.8

68.0

67.5

58.4

57.0

56.4

Աղբյուրը. 2021– 2023թթ.-ի ՏՏԿԱՀ

 

—————————————

Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովը 1995 թվականի Կոպենհագենի հռչակագրի շրջանակներում ընտանիքը ճանաչեց որպես հասարակության զարգացման համար կարևոր միավոր և այն, հետևաբար, պետք է ստանա համապարփակ պաշտպանություն և աջակցություն։ 

Այս տարի՝ նոյեմբեր ամսին Դոհայում տեղի կունենա Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի օրակագային հարցերից են՝  ազգային զարգացման օրակարգերում ներառել ընտանիքակենտրոն քաղաքականություններ, որպեզի ընտանիքները կարողանան դիմակայել նոր մարտահրավերներին, որոնք են՝ տեխնոլոգիական վերափոխումները, ժողովրդագրական տեղաշարժերը, ուրբանիզացիան, միգրացիայի և կլիմայի փոփոխությունը։ Օրակարգում ներառված են նաև նոր քաղաքականությունների կարևորություն, որպես ընտանիքի կեսունակության նախապայման՝ բարձրաձայնելով աշխատանք-ընտանիք հավասարակշռության ապահովման հարցեր, ինչպես նաև տնային տնտեսությունում արդար ու հավասար աշխատանքի բախման անհրաժեշտությունը։

Օրվա ստեղծման մասին․ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան մայիսի 15-ը առաջին անգամ Ընտանիքի միջազգային օր է հռչակել 1993 թ.-ին։ Օրվա նպատակն է բարձրաձայնել ընտանիքներին վերաբերող խնդիրների մասին՝ մատնանշելով սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական գործընթացների ադեցությունը դրանց վրա։