Ընտանիքի անկյունների լուսավոր և ջերմ պատերից մինչև մարզերում համայնքային հավաքատեղիներ՝ հավասարությանն ուղղված համատեղ ջանքերը վերաձևում են ընտանեկան հարաբերությունները և փոփոխում ընկալումները Հայաստանում։ Այս փոփոխության հիմքում Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության կողմի իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագիրն է։
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը Հայաստան կատարած այցի ընթացքում ԵՄ Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լենա Կառլսոնը հանդիպեց օրենսդիր և գործագիր մարմնի ներկայացուցիչների, համայնքային ակտիվիստներին, ծրագրի շահառու հայրիկներին և երիտասարդներին՝ ականատես լինելով, թե ինչպես է հավասարությունը կառուցվում՝ զրույց առ զրույց, ընտանիք առ ընտանիք։
«Գենդերային հավասարությունը հեռավոր նպատակ չէ, այն մարդու իրավունքների հիմնարար սկզբունք է, և մի բան, որը մենք ամեն օր միասին ենք կառուցում: Այն առաջնային է Եվրոպական միության համար և անհրաժեշտություն՝ կայուն զարգացման առումով», - ասաց Լենա Կառլսոնը։
«Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդկանց մոտ վերաբերմունք փոփոխվում, և տղամարդիկ ակտիվ ներգրավվում են ու պայքարում գենդերային հավասարության հասնելու համար։ Երբ ընտանիքները բարգավաճում են, համայնքներն էլ են բարգավաճում։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն այս առաջընթացի կենտրոնում է», - ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Երևանում և մարզերում հանդիպումներն ընդգծեցին ծրագրի հիմնական ուղղություններով աշխատանքները՝ քաղաքականությունների բարելավում, ծնողավարման կրթություն, բռնություն վերապրածների աջակցություն և հաշմանդամություն ունեցող կանանց համար իրականացված նախաձեռնություններ։
«Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված ծրագրերում ներդրումներ կատարելը կարևոր է իրական գենդերային հավասարության հասնելու և բռնությունը կանխարգելելու համար: Այս մարդիկ հաճախ բախվում են խտրականության բարդ ձևերի և գենդերային հիմաքով բռնության բարձր ռիսկի գոտում են: Նպատակային ֆինանսավորումը հնարավորություն է տալիս մշակել ներառական քաղաքականություններ, մատչելի ծառայություններ և կարողությունների զարգացման նախաձեռնություններ՝ ուղղված նրանց եզակի կարիքներին: Նման ներդրումներին առաջնահերթություն տալով՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքներն ու արժանապատվությունը, այլև կառուցում ենք ավելի արդար և ներառական հասարակություն բոլորի համար»,- ընդգծեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանը։
Հայրիկները՝ վերաիմաստավորելով իրենց դերերը
Գյումրու Ընտանիքի անկյունում, որին աջակցում է ծրագիրը, երիտասարդ հայրիկները հավաքվում են՝ սովորելու համատեղ ծնողավարության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և ակտիվ հայրության մասին։ Նրանցից Մկրտիչ Հովհաննիսյանը, ով Հայրիկների ակումբի վարողն է, առաջին ձեռքից գիտի այս ճանապարհորդության ազդեցության մասին։
«Իմ ճանապարհը սկսվեց որպես Հայրիկների դպրոցի մասնակից՝ ծրագրի առաջին փուլի ընթացքում, իսկ հիմա ես այն առաջնորդ տղամարդկանցից եմ, որոնք ձգտում են փոփոխություն բերել։ Ուժեղ ընտանիքը կառուցվում է հավասարության հիմքի վրա, և ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են երիտասարդ տղամարդիկ վերաիմաստավորում իրենց դերը»։
Երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում, ծրագրով հիմնվել են Ընտանիքի անկյուններ՝ ապահով տարածքներ, որտեղ ընտանիքները, երիտասարդ և ապագա ծնողները քննարկում են տնային գործերում պատասխանատվությունը կիսելու լավագույն ուղիները։
«Երիտասարդները փոփոխության «սրտի» զարկերն են։ Ընտանիքի անկյուններում և Հայրիկների ակումբներում ծավալվող քննարկումներն ուժեղացնում են ընտանիքները, ամրապնդում կապերը, փոխում կանանց և տղամարդկանց դերերի շուրջ եղած կարծրատիպերը և խթանում հավասար ծնողավարությունը՝ ձևավորելով ավելի պայծառ, ներառական ապագա Հայաստանի համար», ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
Հոգևոր առաջնորդները՝ փոփոխության դեսպաններ
Ծրագրի յուրահատկություններից մեկն այն է, որ այն գենդերային դերերի և ընտանեկան հարաբերությունների շուրջ երկխոսության մեջ ներգրավում է հոգևոր առաջնորդներին։ Ծրագրի շրջանակում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը համագործակցում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ աջակցելով հայ եկեղեցու հոգևորականներին և սոցիալական աշխատողներին՝ խթանելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և կանխարգելելու բռնությունը։
«Մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը բռնության դեմ պայքարն է», - ասում է քահանա Տեր Մամբրե Ոսկանյանը Լոռու մարզից, ով մասնակցել է ծրագրի կողմից կազմակերպված կարողությունների զարգացման վերապատրաստումներին։ «Բռնության կանխարգելումը վերաբերում է այնպիսի մշակույթի ձևավորմանը, որտեղ հավասարապես գնահատված է ընտանիքի յուրաքանչյուր անդամը։ Մեր համայնքում ավելի ու ավելի է ամրապնդվում գաղափարը, որ բռնությունը տեղ չունի ընտանիքում։ Բոլոր անդամների հավասարությունն էլ խաղաղության հիմքն է»։
Բռնությունը հաղթահարածների ձայներն ու կարեկցանքի ուժը
Լենա Կառլսոնը մասնակցեց նաև ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության աջակցությամբ իրականացվող երկու հիմնական նախաձեռնություններին՝ «Լինել նրա տեղում» սիմուլյացիոն վարժանքին և «Ձայներ ընդդեմ բռնության» դասընթացին, որոնք իրականացվում են ՕքսեՋեն հիմնադրամի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի կողմից։
««Լինել նրա տեղում» մեթոդաբանության միջոցով մենք օգնում ենք մասնակիցներին անցնել այն ճանապարհով, որով անցնում են բռնության ենթարկվող կանայք։ Այստեղ իրական պատմություններ են ` հիմնված զուգընկերների կողմից բռնության ենթարկված կանանց կենսափորձի վրա։ Սա պարզապես վարժանք չէ, այլ հզոր գործիք՝ հասարակության շրջանում բռնությունը վերապրածների նկատմամբ ապրումակցում արթնացնելու և ցույց տալու մեզանից յուրաքանչյուրի դերն ընտանեկան բռնությանը հակազդելու գործում։»,- ասաց դասընթացավար Հրանուշ Եսայանը։
«Ձայներ ընդդեմ բռնության» դասընթացը երիտասարդներին տրամադրում է նորարարական գործիքներ՝ մարտահրավեր նետելու վնասակար գենդերային նորմերին իրենց ընտանիքներում, դպրոցներում և համայնքներում։ «Ես տեսել եմ, թե ինչպես են գենդերային կարծրատիպերի և հարգանքի շուրջ բաց քննարկումները բերում իրական փոփոխության։ Աղջիկները դառնում են ավելի ինքնավստահ իրենց իրավունքները պաշտպանելիս, իսկ տղաները՝ ճանաչում իրենց դերը բռնության կանխարգելման գործում։ Այս ծրագիրը ձևավորում է մի սերունդ, որն իրապես հավատում է հավասարությանն ու գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել այն»,- ընդգծեց դասընթացավար Անեթ Շամիրյանը։
«Երիտասարդների և համայնքների համար նախատեսված նորարարական իրազեկման գործիքների միջոցով «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ առկա օրենքները, կանխարգելման ռազմավարությունները և աջակցման մեխանիզմները Հայաստանում։ Այս մոտեցումն ամրապնդում է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը, ինչպես նաև կանանց հանդեպ բռնության ու ընտանեկան բռնության շուրջ զգայունության բարձրացմանն ուղղված ջանքերը»,- ասաց Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավան։
Չափելի փոփոխություն
Տարածաշրջանային մակարդակում ծրագրի ազդեցությունն արդեն տեսանելի է։ Ուղղակի նախաձեռնություններից զատ, միլիոնավոր մարդիկ ներգրավվել են իրազեկման արշավների, վերապատրաստումների և համայնքային համագործակցության նախագծերի միջոցով։
«Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում, խտրական սոցիալական նորմերն ու գենդերային կարծրատիպերը դանդաղեցնում են կանանց և տղամարդկանց իրավահավասարության առաջընթացը»,- ասում է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Օլգա Օսաուլենկոն։
Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր տասը կանանցից ինը (89 տոկոսը) նշում են, որ հիմնականում իրենք են պատասխանատու չվճարվող տնային գործերը կատարելու համար: Հայ կանանց և տղամարդկանց մոտ կեսը (47 տոկոս) կարծում է, որ բռնությունը, թեև անընդունելի է, միշտ չէ, որ պետք է պատժվի օրենքով: «Ծրագիրն օգնում է փոխել դա՝ աջակցելով տղամարդկանց դառնալ ներգրավված հայրեր, նպաստելով կանանց համար հնարավորությունների հասանելիությանը և աշխատելով երիտասարդների և կրոնական առաջնորդների հետ՝ կարծրատիպերը փոփոխելու համար», - ընդգծեց Օլգա Օսաուլենկոն:
Ծրագրի գործընկերները հավատում են, որ գենդերային հավասարությունը հեռավոր նպատակ չէ, այլ համատեղ պատասխանատվություն, որը սկսվում է յուրաքանչյուրի տնից, զարգանում համայնքներում և ամրապնդվում է ինստիտուցիոնալ մակարդակում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։