«Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության շուրջ քսան բժիշկներ, հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության․ Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին ուսումնասիրեցին գենդերային հիմքով բռնության կանխարգելման քաղաքականություններն ու մեխանիզմները։
«Շատ հաճախ բռնության ենթարկված անձինք չեն բացահայտում իրենց իրական պատմությունը և պարզապես դիմում են բժշկական օգնության՝ առանց նշելու բռնության դրվագները։ Մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ նման դեպքերը, ճանաչել բռնության հետևանքները և ուղորդել համապատասխան մասնագետների մոտ։ Բժիշկների համար չափազանց կարևոր է ունենալ ոչ միայն ընդհանուր բժշկական գիտելիքներ, այլև հատուկ հմտություններ՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատելու համար։ Մյուս կողմից կարևոր է համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, որը իր հերթին նպաստում է բռնության դեպքերի բարձրաձայնմանը, արձագանքմանն ու կանխարգելմանը», ասաց մասնակիցներից Միքայել Ափինյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է։
Աշխատաժողովի մասնակիցները գործնական քննարկումների միջոցով վերլուծեցին վերապրածներին աջակցելու արդյունավետ մեթոդներն ու տվյալների հավաքագրման և մշտադիտարկման մեխանիզմները։
«Տեղեկացվածությունը շատ կարևոր գործիք է, որով կարող ենք ապահովել դեպքերին գրագետ արձագանքը։ Բռնության դեպքերի հետ աշխատանքը հատկապես բարդ է մարզերում, որտեղ սոցիալական կարծրատիպերի ենք բախվում։ Այս քննարկմանն անդրադարձանք նաև դրանց փոփոխման հնարավորություններին։ Ինձ համար կարևոր էր նաև աշխատաժողովի բովանդակության իրավական բաղադրիչը, քանի որ բռնության ենթարկված անձինք հաճախ ունենում են անարդարության զգացում և պաշտպանված լինելու կարիք։ Եթե հոգեբանը հաճախ դառնում է միակ անձը, ում հանդեպ բռնության ենթարկվածը ձևավորում է վստահություն, ապա նա պետք է կարողանա նաև ճիշտ իրավական ուղղորդում տրամադրել։ Այս քննարկումը հնարավորություն տվեց ոչ միայն գիտելիքներ ստանալու, այլև տարբեր ոլորտների մասնագետների հետ համատեղ քննարկելու սոցիալական և հոգեբանական մոտեցումները»,- ասաց հոգեբան Մարինա Աղումյանը։
Աշխատաժողովն անդրադարձավ դրական ծնողավարմանը և ընտանիքում առողջ փոխհարաբերություններին՝ ընդգծելով ակտիվ և պատասխանատու հայրության ազդեցությունը վնասակար սոցիալական նորմերի վերացման գործում: Մասնակիցները ուսումնասիրեցին, թե ինչպես կարող են համատեղ խնամքի պարտականությունները նպաստել կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, նաև թե ինչպես կարող են հայրերը լինել իրենց երեխաների ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության մոդելներ:
Սոցիալական աշխատող Գայանե Մեսրոպյանը կարևորեց պետական և համայնքային կառույցների հետ ճիշտ համագործակցությունը։ «Բռնության ենթարկված կանայք հաճախ դժվարանում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Այս դասընթացը հնարավորություն տվեց ուսումնասիրելու տարբեր դեպքեր, կիսվելու մեր փորձով և ստանալու ավելի արդյունավետ գործնական հմտություններ։ Երկար տարիներ զբաղվել եմ երեխաների պաշտպանությամբ, իսկ այժմ նաև կանանց պաշտպանության ոլորտում եմ աշխատում, և այս գիտելիքները կօգնեն ինձ ավելի որակյալ աջակցություն տրամադրել»։
Մասնագետները կարևորեցին նման վերապատրաստումների շարունակականությունը՝ ապահովելու գիտելիքների և փորձի պարբերական թարմացումը։
«Նման վերապատրաստումները չափազանց կարևոր են «առաջնագծում» աշխատող մասնագետներին անհրաժեշտ գործիքներով զինելու համար, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն արձագանքել գենդերային բռնության դեպքերին և խթանել դրական փոփոխություններ համայնքներում», – նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի համակարգող Թագուհի Հարությունյանը։
Աշխատաժողովն ավարտվեց լավագույն փորձի քննարկմամբ և մասնակիցների հանձնառությամբ՝ ձևավորելու Հայաստանում գենդերային բռնության դեմ ավելի ընդգրկուն ու աջակցող մոտեցում:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։