Երիտասարդ ծնողներ Մարիամն ու Հայկը գրեթե միաժամանակ են աշխատանքից վերադառնում տուն, որտեղ նրանց սպասում են իրենց երկու երեխաները։ Տանը Մարիամը դստեր հետ դասերն է անում, Հայկը խնամում է մոտ երկու տարեկան որդուն։ Կախված այն բանից, թե դուստրն ինչ հանձնարարություններ ունի, ծնողները «փոխվում են տեղերով». ով ավելի ուժեղ է տվյալ առարկայից, նա էլ օգնում է դասերը պատրաստել, մյուսն էլ զբաղվում է փոքրիկի խնամքով։ Մարիամն ու Հայկը մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, որ ընտանիքում ոչ մի անդամ չծանրաբեռնվի մյուսի հաշվին։ Այս մոտեցումը ոչ միայն ամրապնդել է նրանց ծնողական կարողությունները, այլև նպաստել է, որ երեխաները ստանան ավելի շատ ուշադրություն և հոգատարություն երկու ծնողներից էլ։
Մարիամն ու Հայկն իրենց երկրորդ երեխային էին սպասում, երբ Իջևանում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի շրջանակներում Ընտանիքի անկյուն ռեսուրսային կենտրոնը բացվեց, իսկ երիտասարդ զույգին վստահվեց կարմիր ժապավենը կտրելու գործը։
Ընտանիքի անկյունում նրանք մասնակցել են ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված ծնողավարման դասընթացներին՝ ստանալով նոր գիտելիքներ ու հմտություններ։
«Երկրորդ բալիկի դեպքում երկուսս էլ ավելի հասուն տարիքում էինք։ Այդ հասունությունը, ինչպես նաև դասընթացի արդյունքում ձեռք բերված հմտությունները նպաստեցին, որ ավելի գրագետ զբաղվենք մեր երեխաների խնամքով, ավելի հավասար բաշխենք այդ խնամքը»,- պատմում է Մարիամ Աղինյանը։
Ընտանիքի և երեխաների խնամքին ավելի ներգրավված լինելու համար Հայկը որոշել է անգամ փոխել աշխատանքը, որտեղ խիստ ծանրաբեռնվածության պատճառով այդ հնարավորությունը մեծ չէր։ Դասընթացից հետո այդ որոշումն ամրապնդվել է, և Հայկն այն կյանքի է կոչել։
«Մեզ համար կարևոր էր, որ երկուսս էլ ակտիվ դեր ունենանք երեխաների դաստիարակության մեջ։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի հոր ներգրավվածությունը երեխայի կյանքում և որքան կարևոր է ընտանիքի համար նրա ակտիվ մասնակությունը։ Այդ ամենն էլ ազդեցին նրա որոշման վրա»,- նշում է երիտասարդ կինը։
Մարիամը մասնագիտությամբ իրավագետ է, աշխատում է դպրոցում՝ որպես համակարգչային օպերատոր։ Նրա խոսքով, Հայկի աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն ընտանիքի առօրյային թույլ են տվել, որ երեխայի ծնվելուց հետո ավելի հեշտ վերադառնա աշխատանքի։
«Երբ ամուսինդ պատրաստ է կիսել ընտանիքի հոգսերը, ավելի հեշտ է վերադառնալ աշխատանքի ու կենտրոնանալ նաև անձնական զարգացման վրա։ Ես շատ կուզեմ, որ իմ նման կանայք ունենան այդ հնարավորությունը, ձգտեն անձնական աճի և փորձեն իրականացնել իրենց երազանքները»,- ասում է նա։
Մարիամը համոզված է, որ Ընտանիքի անկյուններում անցկացվող ծնողավարման դասընթացները, հայրիկների դպրոցներն ու ակումբները կարևոր են ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ հասարակության համար։
«Կարևոր է, որ կանայք ունենան ոչ միայն տնային, այլև համայնքային կյանքին մասնակցելու եւ մասնագիտական զարգացման հնարավորություններ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տղամարդիկ ևս կիսեն պատասխանատվությունը։ Մեր օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է, և ես շատ կցանկանայի, որ ավելի շատ ընտանիքներում կարծրատիպերը փոխվեին»,- ասում է Մարիամը։
29-ամյա Մարիամն ու 34-ամյա Հայկն ապացուցում են, որ ընտանիքի հաջողությունը համատեղ ջանքերի և փոխադարձ աջակցության մեջ է։
«Ընտանիքում դերերի հավասարաչափ բաշխումը դրականորեն է ազդում թե՛ կանանց հզորացման, թե՛ ընտանիքի կայունության ու բարեկեցության վրա։ Այս է պատճառը, որ միատեղել ենք ջանքերը ընտանիքների հզորացման, ու խնամքի գործին տղամարդկանց ներգրավման շուրջ»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյաում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի համակարգող Թագուհի Հարությունյանը։
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրով 2022 թվականին հրապարակված գենդերային կարծրատիպերի վերաբերյալ հետազոտության համաձայն՝ Հայաստանում կանայք դեռևս ավելի մեծ պատասխանատվություն են կրում տնային գործերի և խնամքի համար, քան տղամարդիկ։ Կանանց միայն 12%-ը և տղամարդկանց 19%-ն էր ասել, որ տնային գործերն իրենց ընտանիքում հավասար պարտականություն են։
«Ծրագիրը հիանալի հնարավորություն է կրթվելու և աշխարհընկալումը վերաիմաստավորելու, քանի որ դերաբաշխումների և գենդերային իրավահավասարության վերաբերյալ սխալ ընկալումները վերածվել են սահմանափակող համոզմունքների և կարծրատիպերի։ Ծրագրի շահառու երիտասարդ տղամարդիկ և հայրիկները նշում են, որ փոխվել է կենցաղային գործերի և երեխաների խնամքի վերաբերյալ իրենց ընկալումը։ Դա, իր հերթին, հանգեցրել է մի շարք փոփոխությունների կանանց առօրյա գործունեության մեջ. նրանք հնարավորություն են ստացել ավելի շատ ժամանակ հատկացնել ինքնախնամքին և կրթությանը»,- ընդգծում է Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը։
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի առաջին փուլի շրջանակներում ԵՆԿ և ՄԱԲՀ համագործակցությամբ մոտ 560 հայ երիտասարդ բարելավել և խորացրել է գենդերային հավասարության և դրական ծնողավարման վերաբերյալ իրենց գիտելիքները՝ մասնակցելով Հայրիկների դպրոցներին և ծնողավարման դասընթացներին։ Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Հայրիկների դպրոցները վերափոխվել են Հայրիկների ակումբների, որոնց հանդիպումներին Տավուշի, Շիրակի և Լոռվա մարզերում մասնակցել են ավելի քան 90 տղաներ և տղամարդիկ։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։