Հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում Աղջիկ երեխայի միջազգային օրվա տոնակատարությունը ոգեշնչեց երիտասարդ աղջիկներին՝ միավորվելու կայուն համայնքների ստեղծման գաղափարի շուրջ և կիսվելու ավելի կանաչ, առողջ և հավասար ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով:
Օրը սկսվեց արշավով դեպի ՆԷ-ի պուրակ, որը Բերդի «Սորաններ» դենդրոպարկում ստեղծվել է «Վիննեթ Բերդ»-ի կողմից՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ։
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը միջոցառման մեկնարկին ասաց․ «Չափազանց բարձր եմ գնահատում բոլոր ջանքերը, որոնք միտված են աղջիկների, կանանց դերի բարձրացմանը և նրանց իրավունքների լիարժեք իրացմանը։ Յուրաքանչյուրիս պարտքն է խրախուսել կանանց և աղջիկների ներգրավվածությունը քաղաքական, հասարակակական կյանքի բոլոր ոլորտներում, ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացման գործընթացներին, արժևորել նրանց դերն ու ներուժը, քաջալերել և մղել նոր նվաճումների»։
Միջոցառման ընթացքում հանդիսավոր բացվեց Հայաստանում աղջիկ երեխայի խորհրդանիշ ՆԷ-ի արձանը, որը ստեղծել է քանդակագործ Աշոտ Գևորգյանը։ Արձանը Աշոտ Գևորգյանի հետ միասին բացեց Բերդից Նելի Ներսիսյանը, որը ճանաչվել է աղջիկ երեխայի՝ ՆԷ-ի դեսպան։ Նելին իր ելույթում հույս հայտնեց ունենալու այնպիսի աշխարհ, որտեղ աղջիկները կգլխավորեն սոցիալական և բնապահպանական փոփոխությունները․ «Ուզում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող աղջիկների համար, բոլոր մարդկանց համար ստեղծվեն հնարավորություններ, որ լինենք ակտիվ, վստահ մեր ուժերի վրա։ Այնպիսի բարձունքների հասնենք, որ մենք էլ մի օր օգնենք Նէ-ին դրական փոփոխություն բերել աղջիկների կյանքում»։
Միջոցառմանը Տավուշի մարզի աղջիկները ներկայացրին իրենց նորարարական բնապահպանական գաղափարները, որոնցից լավագույնները պարգևատրվեցին «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության բաղադրիչներով, ինչպես նաև The Body Shop Armenia-ի կողմից։
«Այս աղջիկները ցույց տվեցին, թե ինչ հաղթանակներ կգրանցեն, եթե մենք ներդրում կատարենք նրանց տեսլականի և կարողությունների մեջ։ Նրանց գաղափարները մեզ ոգեշնչում են՝ շարունակելու ավելի մեծ ջանքեր գործադրել գենդերային հավասարության և բնության պահպանության ուղղությամբ։ Երիտասարդ աղջիկներին հզորացնելով՝ մենք ապահովում ենք, որ նրանք ոչ միայն կերտեն իրենց ապագան, այլև վերափոխեն իրենց համայնքները»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի համակարգող Թագուհի Հարությունյանը։
Բերդ համայնքում կազմակերպված միջոցառումը ոչ միայն ընդգծեց աղջիկների՝ բնապահպանական նախաձեռնություններում առաջնորդելու ներուժը, այլև շեշտեց նրանց հզորացնելու կարևորությունը՝ կարծրատիպերին մարտահրավեր նետելու և ավելի պայծառ, կայուն ապագա կառուցելու համար։
ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը շեշտեց․ «Հայաստանը, ցավոք, դասվում է այն երկրների շարքին, որտեղ կատարվում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ՝ ամեն տարի հանգեցնելով մոտ 1500 աղջիկ երեխայի կորստի։ Այս միտումների երկարաժամկետ հետևանքները շատ մտահոգիչ են։ Յուրաքանչյուրիս համընդհանուր պարտքն է անել այնպես, որ մեր աղջիկ երեխաները լինեն պաշտպանված և ունենան երազելու, իրենց խիզախ երազանքներն իրականացնելու հնարավորություն»։
Օրը եզրափակվեց աղջիկների և տղաների մասնակցությամբ սպորտային խաղերով, որոնք նպաստեցին թիմային ոգուն և ընդգծեցին համայնքի երիտասարդների միասնականությունը։
Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Կանանոց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակն ու «Վիննեթ Բերդը»՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության» ծրագրի (երկրորդ փուլ) շրջանակներում։ Միջոցառմանն աջակցել է նաև The Body Shop Armenia-ն։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։