You are here

Այսօր, 2014 թ․ հոկտեմբերի 1-ին, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան: Ասուլիսին բանախոսում էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Ինչպես նշեց պարոն Հայրապետյանը, այսօր աշխարհում 60 և ավելի տարիքի մարդիկ կազմում են բնակչության 12%-ը: Մինչդեռ Հայաստանում տարեցները կազմում են բնակչության 12.8%-ը: Սա նշանակում է, որ մենք ունենք ծերացող հասարակություն:

«Այսօր Հայաստանում 60-ից ավելի տարիք ունեցող բնակչության թիվը հասնում է մոտ 13 տոկոսի: 13 տոկոսը ծերացող ազգերի վերին շեմն է: Մենք շուտով կհատենք այդ շեմը», - նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:

Ըստ կանխատեսումների, եթե ոչինչ չփոխվի, ապա մինչև 2050 թվական Հայաստանում 65+ բնակչությունը կկազմի 23 տոկոս:

«Այդ հանգամանքները նկատի ունենալով՝ անտրամաբանական կլինի չմտածել ապագայի և դրա ազդեցության մասին, ինչպես նաև բաց թողնել այդ մեծ բանակի ներուժն արդյունավետ օգտագործելու և տարեցներին զարգացման պրոցեսներում ներգրավելու հնարավորությունը», - ասաց Գարիկ Հայրապետյանը:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը, այսօր պետությունը տարեցներին ուղղված ծառայությունները տրամադրելու համար տարեկանհատկացնում է ավելի քան 2.5 մլրդ դրամ՝ շուրջօրյա խնամքի, ցերեկային կենտրոնների համար: Երկրում կա տարեցների տնային սպասարկման երկու խոշոր կառույց՝ մեկը պետական, մյուսը՝ մասնավոր, որոնք միասին տներում սպասարկում են շուրջ 4000 միայնակ ծերերի: Տուն ինտերնատներում այսօր բնակվում են 1250 տարեց անձինք: