You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ կանայք» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակները՝ Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ, մեկնարկել են «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության վեց երկրում ինստիտուցիոնալ և համայնքային ոլորտներում նվազեցնել կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրական վերաբերմունքը և մոտեցումները։

«Գենդերային հավասարությունը Եվրամիության արժեքների հիմնաքարն է և կայուն զարգացման հիմնական շարժիչ ուժը: «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի իրականացմամբ՝ կյանքի ենք կոչումԳ ենդերային գործողությունների III ծրագրի շրջանակներում մեր հանձնառությունը՝ ընդլայնելու գենդերային հավասարության նախաձեռնությունները Արևելյան գործընկերության տարածաշրջանում: Միասին մենք աշխատում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր կին, տղամարդ, աղջիկ և տղա հնարավորություն կունենան բարգավաճել, ձևավորել ավելի ներառական ապագա՝ զերծ գենդերային խտրական կարծրատիպերից», - ասել է ԵՄ հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենը։ 

2020 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր, ավելի քան 41 միլիոն մարդ է ներգրավվել ծրագրի թիրախային երկրներում, քաղաքացիական հասարակության և կանանց հարցերով զբաղվող 22 կազմակերպություն ստացել է փոքր դրամաշնորհներ՝ նորարարական նախաձեռնություններ իրականացնելու համար, և մոտ 4000 տղամարդ մասնակցել է նորաստեղծ 49 հայրության դպրոցների դասընթացներին:

Ծրագրի արդյունքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերի շուրջ վերաբերմունքի դրական տեղաշարժ է արձանագրվել, նաև մեծացել է այն համոզմունքը, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է հավասարապես պատասխանատու լինեն ընտանիքում խնամքի համար։ 

«Կարծրատիպերը և սոցիալական նորմերը պարզապես վնասակար խոսույթներ չեն. դրանք պատնեշներ են, որոնք խոչընդոտում են գենդերային հավասարության առաջընթացին: Այս խորը արմատացած համոզմունքներին մարտահրավեր նետելով և դրանք փոփոխելով՝ մենք կարող ենք ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը՝ անկախ սեռից, կարող են իրացնել իրենց ողջ ներուժը», - ասել է «ՄԱԿ կանայք» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բելեն Սանս Լյուկեն։

Գենդերային նորմերի և կարծրատիպերի վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է համատեղ ծրագրի առաջին փուլի շրջանակներում, ցույց է տվել, որ ծրագրի վեց երկրներում, չնայած բարեփոխումներին և որոշ խոստումնալից ցուցանիշներին, խտրական սոցիալական նորմերն ու վերաբերմունքը շարունակում են խոչընդոտել բազմաթիվ կանանց և աղջիկների առաջընթացին։ Դրանք հանգեցնում են անհավասարության տարբեր դրսևորումների, ինչպիսիք են կանանց նկատմամբ բռնությունը, չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքի անհավասար բաշխումը, վարձատրության և եկամտի տարբերությունը և կանանց թերներկայացվածությունը որոշում կայացնող պաշտոններում։

«Հիմնվելով մեր ստեղծած ամուր գործընկերության վրա՝ մենք ընդլայնում ենք աշխատանքը՝ փոփոխելու գենդերային դերերի շուրջ սոցիալական ընկալումները և կարծրատիպերը, որպեսզի նպաստենք ավելի հավասար և արդար հասարակությունների գոյությանը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում», - ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։

Ծրագրի 2-րդ փուլն իրականացվելու է 2024 թվականի հունվարից մինչև 2026 թվականի մայիսը։ Վեց երկրում իրագործվելիք ծրագրերի համար նախատեսված է 5 միլիոն եվրո բյուջե: Ծրագիրն անդրադառնում է գենդերային անհավասարության արմատական պատճառներին՝ ներգրավելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ գործընկերների լայն շրջանակ: Մեծ ուշադրություն է դարձվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությանը, հաղորդակցման նորարարական արշավների անցկացմանը և Հայրերի դպրոցների միջոցով տղամարդկանց հետ աշխատելուն:

Սույն հրապարակումը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։