Go Back Go Back
Go Back Go Back

«ՄԱԿ-Կանայք»-ը, ՄԱԲՀ-ն և Եվրամիությունը մեկնարկում են հավակնոտ նախաձեռնություն՝ ուղղված «Արևելյան գործընկերության» երկրներում գենդերային հավասարությանը

«ՄԱԿ-Կանայք»-ը, ՄԱԲՀ-ն և Եվրամիությունը մեկնարկում են հավակնոտ նախաձեռնություն՝ ուղղված «Արևելյան գործընկերության» երկրներում գենդերային հավասարությանը

Press Release

«ՄԱԿ-Կանայք»-ը, ՄԱԲՀ-ն և Եվրամիությունը մեկնարկում են հավակնոտ նախաձեռնություն՝ ուղղված «Արևելյան գործընկերության» երկրներում գենդերային հավասարությանը

calendar_today 14 July 2020

Եվրոպական միության աջակցությամբ ՄԱԿ-ի երկու քույր գործակալությունները վեց երկրներում կաշխատեն կառավարական մարմինների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ մարտահրավեր նետելու խորապես արմատացած գենդերային կարծրատիպերին, մեծացնելու տղամարդկանց ներգրավվածությունը կենցաղային աշխատանքներում ու երեխայի խնամքի մեջ և աշխատելու հնարավոր բռնարարների հետ, որպեսզի կանխարգելվի գենդերային հիմքով բռնությունը։

Remote video URL

(Հուլիսի 14, 2020 թ.) – «ՄԱԿ-Կանայք» կառույցը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ մեկնարկել են եռամյա տարածաշրջանային ծրագիր՝ ուղղված գենդերային կարծրատիպերի և գենդերային հիմքով բռնության հաղթահարմանը «Արևելյան գործընկերության» (ԱլԳ) վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի և բռնության» անվամբ ծրագրի վերջնանպատակն է ամրապնդել  կանանց և տղմարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ մարտահրավեր նետելով ընտանիքում և հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ ընկալումներին և աշխատելով գենդերային հիմքով բռնության վերացման ուղղությամբ։ 

«Սա մեր առաջին տարածաշրջանային ծրագիրն է, որն անդրադառնում է գենդերային հավասարության խնդրին «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում, և մենք մեծապես հպարտ ենք դրանով»,- ասել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության տնօրեն Լոուրենս Մերեդիթը։ «Մենք կարող ենք և կանենք ավելին՝ մեր Արևելյան գործընկերների հետ զարգացնելու այս թերօգտագործված տնտեսական և սոցիալական ներուժը։ Համավարակից դուրս գալով՝ մենք կառաջարկենք, որ ապագա Արևելյան գործընկերությունը լինի առավել ներառական»։

Իր տեսակի մեջ առաջին այս ծրագրի նախագծման համար հիմք են ծառայել իրավիճակի խորքային վերլուծությունը և վեց երկրների հետ միջկառավարական խորհրդակցությունները։ Ծրագիրը նախագծված է այնպես, որ ընդգրկի կառավարական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների մեծ շրջանակ։

«Մենք սերտորեն համագործակցելու ենք վեց երկրների կառավարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ապահովելու ծրագրի հաջողությունը»,- ասում է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ալիա Էլ-Յասիրը։ «Այս աշխատանքն այժմ նույնիսկ ավելի վճռորոշ է, քանի որ COVID-19 ճգնաժամը չափազանց ակնհայտ է դարձրել ավանդական գենդերային կարծրատիպերի հիման վրա պարտականությունների անհամաչափ բաշխվածությունը»։

Ծրագիրը նպատակ ունի հասնելու իրական վարքագծային փոփոխության։ Այն հիմնվում է ռազմավարությունների վրա, որոնք կազմվել են՝ մարտահրավեր նետելու կառուցվածքային գենդերային պատնեշներին ու նորմերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային կարծրատիպերով պայմանավորված վարքագիծին, ամրապնդելով տղամարդկանց ներգրավվածությունը ծնողավարության մեջ ու կենցաղային պարտականություններում, մեծացնելով տղամարդկանց համար ծնողական արձակուրդի հնարավորությունը և նվազեցնելով գենդերային հիմքով բռնությունից տուժող մարդկանց թիվը` հնարավոր բռնարարների հետ կանխարգելման նպատակով աշխատելու միջոցով։ 

«COVID-19 ճգնաժամի ընթացքում մենք, ցավոք, ականատեսն ենք վեց երկրներում կանանց չվճարվող աշխատանքի բեռի մեծացման և գենդերային հիմքով բռնության աճի»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ալաննա Արմիթեյջը։ «Մեր ծրագիրը գալիս է ճիշտ ժամանակին՝ պայքարելու այս միտումների դեմ։ Մենք բոլորս պետք է աշխատենք ձեռք ձեռքի տված` կառուցելու ավելի արդարացի, հավասար, անվտանգ և ապահով աշխարհ բոլորի համար»։

Ծրագիրն ունի 7,875,000 եվրոյի բյուջե և խարսխված է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) շրջանակի վրա, որը Միավորված ազգերի կազմակերպությունը մեկնարկել է 2015 թվականին, և ԵՄ գենդերային հավասարության և կանանց զորացման վերաբերյալ «Փոխակերպելով աղջիկների ու կանանց կյանքը Եվրամիության արտաքին կապերի միջոցով» 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի վրա։ Սա բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրամիությանն ու վեց մասնակից երկրներին՝ ազդելու գենդերային հավասարության հետ կապված սոցիալական դիսկուրսի, ընկալումների և գործելակարգերի վրա՝ գենդերային հավասարության ու համապատասխան ԿԶՆ-ներին հասնելու վերջնական նպատակով։

***

Եվրամիության մասին

Եվրոպական միությունը կազմված է 27 անդամ պետություններից, որոնք որոշել են աստիճանաբար փոխկապակցել իրենց գործնական գիտելիքը, ռեսուրսները և ճակատագրերը։ Միասին, ընդլայնման 50 տարվա ընթացքում նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ միաժամանակ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները։ Եվրոպական միությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքներն իր սահմաններից դուրս երկրների և ժողովուրդների հետ։ Ավելին իմանալու համար այցելեք https://europa.eu/european-union/։   

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մասին

ՄԱԿ-ի Բնակաչության հիմնադրամը (ՄԱԲՀ) աշխատում է ամբողջ աշխարհում՝ հասնելու երեք փոխակերպող արդյունքների՝ հավակնություններ, որ խոստանում են փոխել աշխարհը յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երիտասարդ մարդու համար. հաղթահարել ընտանիքի պլանավորման չբավարարված կարիքը, զրոյացնել մայրական կանխարգելելի մահերն ու վերջ տալ գենդերային հիմքով բռնությանն ու վնասակար գործելակարգերին։ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԲՀ-ի աշխատանքը համակարգվում է Ստամբուլում տեղակայված տարածաշրջանային գրասենյակի կողմից։ Ավելին իմանալու համար այցելեք https://eeca.unfpa.org/en։ 

«ՄԱԿ-Կանայք»-ի մասին

«ՄԱԿ-Կանայք»-ը գենդերային հավասարության և կանանց զորացման հարցերով ՄԱԿ-ի կազմակերպությունն է։ Լինելով կանանց ու աղջիկների համաշխարհային պաշտպան՝ «ՄԱԿ-Կանայք»-ը հիմնադրվել է՝ զարկ տալու աշխարհով մեկ նրանց կարիքների բավարարման հարցում առաջընթացին։ «ՄԱԿ-Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը հիմնադրվել է 2014 թվականին Ստամբուլում։ Ավելին իմանալու համար այցելեք https://eca.unwomen.org/en։