Վերարտադրողական առողջության ոլորտի տասնյոթ ապագա մասնագետ ծանոթացել են հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության կլինիկական ուղեցույցներին։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի շրջանակում մշակված ուղեցույցները պատրաստվել են՝ համագործակցելով ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ: Դրանք հիմնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումների ու հեղինակավոր մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցների վրա։
2023 թվականի հոկտեմբերի 27-29-ին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Կլինիկական ուղեցույցների ներդրում» աշխատաժողովի նպատակն էր ոչ միայն կլինիկական օրդինատորներին ծանոթացնել այդ ուղեցույցների հիմնական դրույթներին, այլև նրանց հետ քննարկել ապացուցողական բժշկության նորագույն մոտեցումները։ Քանի որ կլինիկական օրդինատորներն իրենց ուսումնառության վերջին տարում են, այս ուղեցույցներին տիրապետելը կարևոր հիմնաքար կդառնա հետագայում գրագետ և ճիշտ ծառայություններ մատուցելու համար։
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի Վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանն ընդգծեց կազմակերպության հանձնառությունը՝ նպաստելու ժամանակակից մոտեցումների և ապացույցների վրա հիմնված բժշկական ծառայությունների մատուցմանը Հայաստանում:
«Մենք մշտապես աջակցում ենք Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջության բարելավման, ինչպես նաև առողջապահական համակարգի հզորացման գործընթացներին։ Կլինիկական ուղեցույցների մշակումը և մասնագետների շրջանում դրանց կիրառման ընդլայնումը մեկն է մեր բազմաթիվ ծրագրերից, որոնք ուղղված են քաղաքականության բարելավմանն ու մասնագետների կարողությունների հզորացմանը»։
Աշխատաժողովի մասնակիցներից Ռաֆայել Սիմոնյանն ասաց, որ ավագ գործընկերներից միշտ դրական կարծիք է լսել համաժողովի մասին, ուստի որոշել է մասնակցել։
«Ապացույցների վրա հիմնված գիտելիք և խորհուրդներ ենք ստանում, ինչը շատ անհրաժեշտ է հետագայում գրագետ աշխատելու, մեր մատուցած բուժօգնության որակը բարձրացնելու, ռիսկերը նվազեցնելու համար։ Հիվանդանոցներում և կլինիկաներում մենք հաճախ սովորում ենք այն, ինչ տեսնում ենք, որը միշտ չէ, որ կարող է գիտականորեն ճիշտ լինել։ Այստեղ գիտական մոտեցումներ ենք ուսումնասիրում, ինչը շատ կարծրատիպեր է կոտրում»։
Մարիա Նազարյանն էլ շեշտեց, որ ուղեցույցները ներկայացվել են գործնական և խմբային աշխատանքների միջոցով, ինչն ավելի ազդեցիկ և արդյունավետ էր իրենց համար․ «Հետագայում՝ որպես մասնագետ աշխատելու համար այս համաժողովը մեծ պաշար տվեց»։
Ազգային ուղեցույցների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով՝ ուղեցույցները, որպես խորհրդատվական փաստաթուղթ, զարգացած առողջապահության պարտադիր բաղադրիչներից են։
«Ուղեցույցը հեշտացնում է բժշկի՝ որոշումների կայացման գործընթացը, աշխատանքը դարձնում է առավել վերահսկելի և հաշվետու։ Ընդհանուր առմամբ՝ այսպիսի ուղեցույցների ներդնումն ու կիրառությունն ապահովում է հավասար չափանիշներ բոլոր բուժհաստատությունների համար։ Իսկ այն, որ 5 տարին մեկ ուղեցույցները թարմացվում են, ապահովում է, որ միշտ համաքայլ լինենք համաշխարհային առողջապահական զարգացումներին և նորարարություններին»,- ասաց նա։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կլինիկական ուղեցույցների մշակման և ներդրման աշխատանքներն իրականացնում է 2015 թվականից՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ու Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի հետ։ Այս տարիների ընթացում մշակվել է շուրջ 37 ուղեցույց, որոնց հիման վրա վերապատրաստում են անցել հարյուրավոր բժիշկներ և ուսանողեր։