Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում:
Մեր հիմնական նպատակն է այս գրքույկի օգնությամբ Ձեզ հնարավորություն ընձեռել՝ խորհելու Ձեր առողջության ու հիգիենայի պահպանման գործում Ձե՛ր իսկ անմիջական դերակատարման և գործուն մասնակցության շուրջ և ընկալելու դրանց կարևորությունը: