Առողջ ընտանիքը ոչ միայն ֆիզիկապես առողջ ամուսիններն ու երեխաներն են, այլ նաև ամուսինների միջև հարաբերություններում փոխադարձ վստահությունը և սերը: Սերն ու վստահությունը հոգեկան ու սեռական ներդաշնակ միջավայր են ձևավորում ընտանիքում, ուր ամուսինները կարող են լիարժեքորեն իրացնել իրենց հոգևոր ու ֆիզիկական միասնությունը, ուր կարող է ծնվել և դաստիարակվել առողջ ու հաջողակ սերունդ՝ սպասված և ցանկալի երեխաներ:
Իդեալական կլիներ, եթե կինը հղիանար այն ժամանակ, երբ ցանկանում է: Ավաղ, միշտ չէ, որ այդպես է: Դարեր շարունակ մարդիկ անցանկալի հղիությունից խուսափելու միջոցներ են փնտրել: Ձևավորվել է թյուր կարծիք, որ շատ ավելի հեշտ է աբորտի դիմել, քան ջանքեր ու միջոցներ գործադրել անցանկալի հղիությունը կանխելու համար: Մինչդեռ, հղիության արհեստական ընդհատումը (աբորտը), հատկապես անօրինական կատարված կամ կնոջ կողմից հրահրված, կարող է առաջացնել կնոջ սեռական օրգանների վնասում, բորբոքային հիվանդությունների զարգացում, ինչպես նաև անպտղություն, արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ և անգամ՝ մահ։
Անցանկալի հղիության նկատմամբ վախը հաճախ հոգեբանական սթրեսի լուրջ գործոն է հանդիսանում և ուղեկցվում զույգի սեռական ու հոգեբանական աններդաշնակությամբ: Վարքագծային նման դրսևորումները պարունակում են անցանկալի և լուրջ վտանգներ ո՛չ միայն սեռական, վերարտադրողական, այլ նաև ընդհանուր առողջության համար:
Հո՛գ տարեք Ձեր, ամուսնու (զուգընկերոջ), երեխաների առողջության պահպանման մասին:
Բեղմնականխման մեթոդը ճիշտ ընտրելու ևօժանդակություն ստանալու համար խորհրդակցե՛ք տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կամ ընտանեկան բժշկի հետ: