Ուղեցույցի նպատակն է. բարելավել դեռահասության շրջանում ՊԿՁՀ վարումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալիական գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրների, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:
Մեթոդաբանություն
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում » ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել 2017 թ. Հորմոնների հետազոտությունները մանկաբուժության մեջ, Կլինիկական Պրակտիկայի Խորհրդի հրապարակում (2017, Hormone Research in Paediatrics, Clinical Practice Committee Publication), Մարդու վերարտադրության և սաղմնաբանության Եվրոպական Միության և Ամերիկայի վերարտադրողական բժշկության կազմակերպության ՊԿՁՀ աշխատանքային խմբի կողմից առաջարկված կոնսենսուս 2012 թ. (Rotterdam ESHRE/ASRM-Sponsored PCOS Consensus Workshop Group) ինչպես նաև PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները:
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել GRADE համակարգի կողմից առաջարկվող դասակարգումը (Տես Հավելված 1): Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն միջազգային ADAPTE մեթոդաբանության:
Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողականության աստիճանները՝ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի: Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդրման արդյունքում քաղած դասերից: Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների, մանկաբարձ- գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, մանկական էնդոկրինոլոգների և մանկաբույժների համար: