You are here

Հայաստանում արու զավակ ունենալուն արտահայտված նախապատվություն է տրվում։ Այս նախապատվությունը, գումարվելով հղիության վաղ շրջանում պտղի սեռը պարզելու տեխնոլոգիաների մատչելիությանը, հանգեցրել է նորածինների սեռերի միջև բնական հավասարակշռության խախտման։ Դրությունը բարդացրել է ծնելիության մակարդակի անկումը։ Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը 1990-ականների սկզբի՝ մեկ կնոջ հաշվով միջինը 2,62 երեխայից նվազել է մինչև այսօրվա 1,6-ը։

Ծնունդների կենսաբանորեն բնականոն սեռային հարաբերակցությունից (102-ից 106 տղա՝ 100 աղջկա հաշվով) շեղումը Հայաստանում ակնհայտ դարձավ 1990-ականներից սկսած։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, վաղ 2000-ականներին հարաբերակցությունը հասավ 120 նորածին տղայի՝ 100 նորածին աղջկա հաշվով։ Ցուցանիշը կայունացավ 2010-ականների սկզբին՝ 114 տղա/100 աղջիկ մակարդակում։

Կառավարության և զարգացման գործընկերների, այդ թվում՝ միջազգային և տեղական կազմակերպությունների համատեղ իրականացրած լայնածավալ աշխատանքների արդյունքում, նորածինների սեռերի հարաբերակցությունը (ՆՍՀ) նվազել է՝ 2016 թ.-ի դրությամբ դառնալով 112 տղա՝ 100 աղջկա հաշվով։1 Ընդ որում, ԱՎԾ 2017 թ. առաջին վեց ամիսների տվյալների համաձայն, ցուցանիշը բարելավվել է՝ կազմելով 110 տղա՝ 100 աղջիկ։ Այդքան կարճ ժամանակամիջոցում նման նվազումն, անկասկած, վկայում է հաջողության մասին։ Այդուհանդերձ, Հայաստանում ՆՍՀ-ը դեռևս շեղված է կենսաբանորեն բնականոն մակարդակից։