Սույն զեկույցը մշակվել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ CISPop «Ավելի լավ տվյալներ՝ ավելի լավ քաղաքականությունների համար» ծրագրի օժանդակությամբ, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային ծրագիր է՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ։
Զեկույցում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Ծրագրի կամ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետներին:
Ազգային փոխանցումային հաշիվները (ԱՓՀ) նշանակալի կարևորություն ունեն աշխարհի տնտեսությունների համար և շարունակաբար ավելի ու ավելի են կարևորվում ու ընկալվում: Այն «ապահովում է երկրի բնակչի/ռեզիդենտի ստացած և փոխանցած տնտեսական հոսքերի հաշվառում` դասակարգված ըստ նրանց տարիքի: Հաշիվները համապարփակ են այն առումով, որ բոլոր տնտեսական հոսքերը, որոնք ձևավորվում են տարվա ընթացքում ապրանքների և ծառայությունների արտադրությունից, ներառվում են այդ հաշիվներում:» Ազգային հաշիվների համակարգը (ԱԱՀ) ծառայում է որպես արդյունավետ վերլուծական գործիք` տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջև քանակական հարաբերությունները հասկանալու համար: Այն կազմված է հաշիվների շարքից, որոնք հավաքականորեն ապահովում են երկրի տնտեսության և գործունեության համապարփակ պատկեր: Այս հաշիվները տրամադրում են համապարփակ և հետևողական հասկացողական կառուցվածք՝ երկրի տնտեսական գործունեությունը չափելու համար: Մասնավորապես, տնտեսության հատվածների հաշիվները հանդիսանում են տնտեսական գործունեության համակարգված նկարագրություն` դասակարգված ըստ ինստիտուցիոնալ հատվածների : ԱՓՀ-ի նպատակն է ընդլայնել բնակչության աճի և բնակչության փոփոխվող տարիքային բաշխվածության` տնտեսական աճի, սեռերի և միջսերնդային հավասարության, հանրային ֆինանսների և մակրո տնտեսության այլ կարևորագույն տարրերի վրա ազդեցության մասին պատկերացումը: ԱՓՀ-ը կազմելով հնարավոր է գնահատել, թե ինչպես են տարբեր տարիքային խմբերը ստեղծում, սպառում և բաշխում ռեսուրսները, ինչպես նաև թե ինչպես են դրանք խնայում ապագայի համար:
Զեկույցի MS Excel ձևաչափով հավելվածը կարելի է ներբեռնել ՀՀ ֆինանսների նախարարության կայքից։