You are here

Հայաստանում կանանց հզորացման ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված նախաձեռնությունները կբարելավվեն ինտեգրելով հաջողված միջազգային փորձը և քաղաքականությունները: Դա հնարավոր է դարձել 2023թ.-ի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի՝ Շվեդիայում կազմակերպած ճանաչողական այցի շնորհիվ, որն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Այցին մասնակցում էին ծրագրի շրջանակներում ձևավորված ՎԻՆՆԵԹ ցանցի նոր անդամների` «ՎԻՆՆԵԹ Բերդի», «ՎԻՆՆԵԹ Վանաձորի» և «ՎԻՆՆԵԹ Գյումրիի» ներկայացուցիչները: «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցը երկրում ունի ինը կանանց ռեսուրս կենտրոններ, որոնք ուղղված են աջակցելու կանանց տնտեսական և քաղաքական զարգացմանը Հայաստանում:

«Շվեդիա կատարած ճանաչողական այցը բացահայտեց կանանց հզորացման և կանանց սոցիալական ձեռներեցության խթանման հաջող ռազմավարություններ: Այս գիտելիքներով ՎԻՆՆԵԹ ցանցը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը և նպաստել Հայաստանում կանանց հզորացմանը: Մենք վստահ ենք, որ դա ճանապարհ կհարթի նոր նախաձեռնությունների համար, որոնք կհանգեցնեն Հայաստանում կանանց հզորացմանը և գենդերային հավասարությանը», - ընդգծեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը:

Մալմյոյում մասնակիցները փորձի փոխանակման հանդիպումներ ունեցան Կանանց միջազգային կազմակերպության (IKF), տեղական սոցիալական ձեռնարկատիրություններին խորհրդատվություն մատուցող Coompanion, Մալմյո քաղաքի սոցիալական ծառայությունների և աշխատանքային հարցերով զբաղվող բաժնի աշխատակիցների հետ։ Այս հանդիպումների արդյունքում մասնակիցներն ուսումնասիրեցին պետական հատվածի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության և աջակցության մոդելները: Բացի այդ, քննարկումներ տեղի ունեցան FemNet-ի, WINNET Sweden-ի և JUS-ի (նախկինում՝ WINNET Skane) հետ՝ ներկայացնելու ինչպես ՎԻՆՆԵԹ Հայաստանի, այնպես էլ WINNET Sweden-ի գործունեությունը և քննարկելու հնարավոր համագործակցությունը:

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն այցը որակեց որպես անգնահատելի հնարավորություն ցանցի նորաստեղծ անդամների համար:

«Ուսումնական այցը «ՎԻՆՆԵԹ» ցանցի նոր անդամների համար գիտելիքների փոխանակման, նորարարական մոտեցումները և լավագույն փորձը բացահայտելու հնարավորություն էր։ Ակտիվ գործող կազմակերպություններին այցելելը մեր կենտրոնների ներկայացուցիչների մոտ ոգևորություն է առաջացրել, ստեղծագործական նոր մոտեցումներ ու գաղափարներ առաջ բերել, որոնք կարող են էապես բարելավել մեր կենտրոնների աշխատանքները»։ 

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի անդամները ծանոթացան միգրանտ և խոցելի կանանց աջակցող «Yalla Trappan» կազմակերպության  սոցիալական ձեռնարկությունների բիզնես մոդելներին, ֆինանսավորման աղբյուրներին և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության փորձին, ինչի շնորհիվ գործազուրկ կանանց համար մասնագիտական ուսուցում է ապահովվում: Ուսումնական այցը հնարավորություն տվեց ծանոթանալ սոցիալական ձեռնարկության նմանատիպ մոդելի Rag2Rug կարի արտադրամասում, որը կենտրոնացած է տեքստիլ թափոնների և գործազրկության խնդիրների, ինչպես նաև ավանդական արհեստագործության վրա: Այս արհեստանոցում արտասահմանում ծնված կանայք օգտագործում են թափոն տեքստիլ՝ նոր ապրանքներ հյուսելու համար, ինչպիսիք են գորգերը և բարձերը:

Ստոկհոլմում մասնակիցները հանդիպեցին ForumCIV-ի ներկայացուցիչների հետ (կազմակերպություն, որն աջակցում է քաղաքացիական հասարակությանն ավելի քան 70 երկրներում) և ծանոթացան Շվեդիայի գործընկերության ծրագրին և միջազգային ֆինանսավորման տարբեր հնարավորություններին, այդ թվում՝ Հայաստանում: Թիմը նաև հնարավորություն ունեցավ այցելել Շվեդիայի խորհրդարան՝ ուսումնասիրելու Շվեդիայի կառավարության աջակցության առաջնահերթությունները: Շվեդիայի ինստիտուտում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ինչի ժամանակ ինստիտուտը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին՝ կրթաթոշակների և ծրագրերի իրականացման միջոցով: Շվեդական ինստիտուտը նախատեսում է 2023 թվականի աշնանը համագործակցության նախագծերի մրցույթ հայտարարել: Շվեդական ինստիտուտի գործընկերները խորհուրդ տվեցին սկսել սկզբնական ֆինանսավորման հայտերից՝ ապահովելով շվեդական կազմակերպության մասնակցությունը նախագծում։

«Հատկապես տպավորված եմ Շվեդիայի ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության մոդելներով։ Համոզված եմ, որ հետագայում դրանք կհարմարեցնենք և կկիրառենք նաև մեր տարածաշրջանում, ինչից մեծապես կշահեն մեր կանայք ու աղջիկները»,- ասաց «ՎԻՆՆԵԹ Բերդ» սոցիալական հիմնադրամի նախագահ Հասմիկ Ղալումյանը։ 

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչությունը ներկայացրեց գենդերային հավասարության իր առաջնահերթությունները Շվեդիայում և արտասահմանյան երկրներում, ներառյալ՝ Հայաստանում ֆինանսավորման հնարավորությունները: Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունում (SIDA) մասնակիցները ծանոթացան Հայաստանում SIDA-ի ընթացիկ ծրագրերին և համագործակցության հնարավորություններին:

Ուսումնական այցից հետո «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ը նախատեսում է Շվեդիայի գործընկեր կազմակերպությունների հետ մշակել առաջարկություն և ֆինանսավորման համար դիմել Շվեդական ինստիտուտին: «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ը նաև մտադիր է կապ հաստատել Հայաստանում Շվեդիայի դեսպանատանը SIDA ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները: 2023 թվականի հոկտեմբերին էլ նախատեսվում են Շվեդիայի ինստիտուտի և ForumCIV թիմերի առանձին այցերը Հայաստան, որոնք նպատակ ունեն ուսումնասիրելու գործընկերության հնարավորությունները և հանդիպելու ՄԱԲՀ-ի հայաստանյան գործընկերներին:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ

Լուսանկարները՝ ՄԱԲՀ