Go Back Go Back
Go Back Go Back

Կարինե Գրիգորյան. Քաղաքացիական հասարակության դերը գենդերային հավասարության գործում

Կարինե Գրիգորյան. Քաղաքացիական հասարակության դերը գենդերային հավասարության գործում

Video

Կարինե Գրիգորյան. Քաղաքացիական հասարակության դերը գենդերային հավասարության գործում

Remote video URL

Կանանց ու տղամարդկանց, այսինքն՝ գենդերային հավասարության համար իմ պայքարը սկսվել է դեռ քառասունհինգ տարի առաջ, երբ մայրիկիս ծանր ծննդաբերության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերեցի։ Տարիներ անց ծնողներիս գաղտնի խոսակցության ժամանակ իմացա, որ բժիշկները նրանց առաջարկել էին ինձ թողնել ծննդատանը՝ ասելով, որ իմ հաշմանդամությամբ երկար չեմ կարող ապրել, իսկ եթե նույնիսկ ապրեմ, մտավոր խնդիրներ եմ ունենալու։ Ավելին, նրանք պնդել էին, որ ծնողներիս համար առավել դժվար է լինելու, քանի որ աղջիկ եմ. եթե տղա լինեի, գուցե կարողանայի կյանքս որևէ կերպ դասավորել։ Հայրս ու մայրս, իհարկե, հրաժարվել էին բժիշկների առաջարկից և ասել, որ նույնիսկ եթե ես ունենամ ծանր մտավոր խնդիրներ, իրենք չեն կարողանա ապրել՝ լքելով ինձ։

 

Այդ օրվանից ծնողներս բնազդաբար, առանց գիտակցելու խտրականության խոր արմատները մեր երկրում, ինձ հետ միասին սկսեցին պայքարել։ Հիշում եմ, թե ինչ ջանասիրաբար էին աշխատում շեղել իմ ուշադրությունը, որ չնկատեի հարևանների կամ անցորդների կարեկցական կամ ծաղրական հայացքները։

 

Երբ ընդունվեցի դպրոց, սկսեցի գիտակցել, որ տարբերվում եմ իմ հասակակիցներից, քանի որ անընդհատ նկատում էի այլ դասարանների աշակերտների զարմացած հայացքները, նրանց ծաղրը, երբ նմանակում էին ինձ։ Իմ համադասարանցիները, սակայն, շատ արագ հասկացան և գնահատեցին իմ մարդկային հատկանիշներն ու ընդունեցին ինձ այնպիսին, ինչպիսին կայի։

 

Համալսարանի սկզբնական շրջանում տուն վերադառնալով՝ փակվում էի սենյակումս, որ ընտանիքս չզգար իմ ապրումները։ Սակայն այստեղ նույնպես շատ արագ հաղթահարեցի խոչընդոտները և ձեռք բերեցի հրաշալի ընկերներ։

 

Բուհը գերազանց ավարտելուց հետո գործատուները հրաժարվում էին ինձ աշխատանքի ընդունել`պատճառաբանելով, որ աշխատանքի գրաֆիկը ծանր է ու իմ կարողություններին չի համապատասխանում։ Սակայն ես չէի հիասթափվում կամ չարանում, ընդհակառակը, ավելի ուժեղ և վճռական էի դառնում, քանի որ վստահ էի, որ եթե կարողացել եմ փոխել ինձ հետ շփված մարդկանց կարծրատիպերն ու վերաբերմունքն իմ հանդեպ, ուրեմն պետք է ձգտեմ ավելիին՝ քայլ առ քայլ փոխելու ամբողջ հասարակությունը։

2006-ին ինձ վիճակվեց ԱՄՆ-ում մասնակցել «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտ» երեքշաբաթյա դասընթացին, որը համախմբել էր աշխարհի շուրջ 30 երկրների հաշմանդամություն ունեցող առաջնորդ կանանց։ Ծրագիրը լիովին փոխեց և՛ ինձ, և՛ իմ ճակատագիրը։ Դարձա ինքնավստահ, սկսեցի հավատալ ուժերիս ու երբ վերադարձա Հայաստան, զգում էի, որ նույնը չեմ և այլևս իրավունք չունեմ պայքարել միայն իմ իրավունքների ու նպատակների համար։

 

Իմ առաքելությունը դարձավ Հայաստանում ստեղծել կազմակերպություն, որը կհամախմբի հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի ոչ միայն բարձրաձայնենք հաշմանդամության և գենդերային հիմքով անհավասարության մասին, այլ համատեղ պայքարենք խնդիրները լուծելու համար։ Կազմակերպությունն անվանեցի «Ագաթ»`կանանց նմանեցնելով ագատ կիսաթանկարժեք քարին։

 

Կազմակերպության հիմնադրման առաջին տարին էր։ Ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ ես ստեղծում նոր կազմակերպություն, նման կազմակերպությունները շատ են, պատկերացնո՞ւմ ես քեզ նման սկսնակի համար որքան շատ կլինեն դժվարությունները»։

 

Երբ այդպիսի մի կազմակերպության ղեկավարի ասացի, որ նպատակս հաշմանդամություն ունեցող կանանց հզորացնելն է՝ նրանց իրազեկելով իրենց իրավունքների մասին և զարգացնեով առաջնորդական հմտությունները, որպեսզի Հայաստանում ստեղծենք մեր շահերն առաջ մղող շարժում, նա քմծիծաղով ասաց. «Սիրելիս, հաշմանդամություն ունեցող կանանց պետք չեն նման դասընթացներ, եթե կարող եք, նրանց սնունդ կամ ֆինանսական օգնություն տվեք, ձեր առաջարկածը ոչ մեկին հետաքրքիր չէ»։

Ես համոզվեցի, թե որքան կարևոր է գրագետ և իրավունքի վրա հիմնված քաղհասարակության կազմակերպությունների դերը երկրի ներառական զարգացման գործում։ Նաև ամրապնդվեց գիտակցությունը, որ ինքներս պետք է լինենք մեր իրավունքների, շահերի և արժանապատվության պաշտպանները։

 

Հպարտ եմ, որ գործունեության շուրջ 13 տարվա ընթացքում «Ագաթը» կարողացել է փոխել հաշմանդամություն ունեցող հարյուրավոր կանանց կյանքեր: Կազմակերպության աջակցությամբ ձեռք բերած հմտությունների շնորհիվ նրանք այժմ շարունակում են իրենց կրթությունը բուհերում, աշխատում են, ամուսնացել են և ունեն հրաշալի ընտանիքներ, սիրում են ու սիրված են, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները։

 

Իմ կարծիքով մեր` քաղհասարակության կազմակերպությունների դերը երկկողմանի է։

 

Մի կողմից՝ մենք աշխատում ենք հասարակության կողմից անտեսված անձանց հետ` հզորացնելով նրանց և նրանց ձայնը հասցնելով որոշում կայացնողներին։

 

Մյուս կողմից՝ ակտիվորեն շահերի պաշտպանություն ենք իրականացնում ազգային ու միջազգային մակարդակներում, որ մեր երկրում մշակվեն ու իրականացվեն ավելի արդյունավետ և ներառական քաղաքականություններ։

 

Կարծում եմ՝ հաջողությունն ու առաջընթացը կախված են մի քանի գործոնից։

 

Նախ՝ մի՛ վախեցեք լինել նորարար և բարձրացնել այնպիսի հարցեր, որոնց մասին մինչ այժմ ոչ մեկը չէր համարձակվել խոսել։

2013 թվականին մեր կազմակերպությունն առաջին անգամ բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի և վերարտադրողական առողջության մասին։ Թեման այդ ժամանակ տաբու էր համարվում Հայաստանում։ Առողջապահական գրքի հրատարակման ժամանակ պարզեցինք, որ խմբագիրն առանց մեր թույլտվության գրքից կրճատել էր սեռական կյանքին վերաբերող կարևոր թեմաներ։ Երբ բողոքեցինք, նա սպառնաց, թե բոլորին հայտնելու է, որ մենք այլասերվածություն ենք տարածում Հայաստանում։ Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մեկ տարի անց ամուսնանալու եմ, և երբ ամուսնուս հետ երջանիկ զբոսնելիս լինենք Գյումրիում, հանդիպելու ենք այդ նույն խմբագրին, որը փախչելու է մեր կողքով։

 

Հաջորդը՝ շատ կարևոր է, որ չսահմանափակվենք միայն մեր շահառու խմբերի շահերի պաշտպանությամբ՝ անտեսելով մյուսների իրավունքները։ Իրական հավասարության հասնելու համար կարևոր է համագործակցել այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հետ։

Միայն այդ համագործակցության շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվեց հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները ներառել տարբեր կազմակերպությունների օրակարգում և զարգացման ծրագրերում, ռազմավարություններում ու քաղաքականություններում։

 

Եվ վերջապես՝ եղե՛ք դրական, մի՛ հիասթափվեք անհաջողություններից, միշտ ձգտեք գտնել այլընտրանքային լուծումներ։

Եկեք բոլորս մի պահ խորհենք։

 

Այսօր ամբողջ աշխարհում կանայք շարունակում են բախվել գենդերային խտրականության ու բռնության, խախտվում են առողջապահական տարբեր ծառայություններից օգտվելու նրանց իրավունքները, բռնության ենթարկված կանանց աջակցող ծառայություններն ու ապաստարանները շարունակում են անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող կանանց տարբեր խմբերին։

 

Ճիշտ պահն է մտածելու՝ իսկ հենց անձամբ Դուք ի՞նչ եք անում հավասար, առանց արգելքների և ոչ խտրական հասարակություն կերտելու համար։

Երբ հետ եմ նայում իմ անցած ճանապարհին, դժվարություններին և մարտահրավերներին, ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե տղա լինեի։ Համոզված եմ՝ այդքան արտահայտված խտրականության տարբեր ձևերի չէի ենթարկվի։ Սակայն վայրկյան անգամ չեմ ափսոսում և հպարտ եմ, որ կին եմ, այլապես հնարավոր է՝ չձգտեի հասնել այն ամենին, ինչին հասել եմ՝ փոխելով շատ-շատերի կյանքը։

***

Հոլովակը նկարահանվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։