Go Back Go Back
Go Back Go Back

Հայաստանի բոչիայի բաց առաջնության – 2022

Հայաստանի բոչիայի բաց առաջնության – 2022

News

Հայաստանի բոչիայի բաց առաջնության – 2022

calendar_today 13 March 2022

Boccia Open Championship – Armenia 2022

«Սա մի փոքր տեղ է, որտեղ կարճ ժամանակով մոռանում ես անհարամությունների ու խոչընդոտների մասին, բայց շատ կուզեի, որ մեր հասարակությունը, միջավայրը, որտեղ ապրում ենք նույնպես ներառական լիներ ու այսքան փայլող աչքեր ամեն օր տեսնեինք, ոնց որ այս երեք օրերի ընթացքում տեսանք»,- ասում է Հայաստանի 2022 թ.-ի բոչիայի բաց առաջնության հաղթող Վլադիմիրը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից։

 

 

Ս.թ. մարտի  1-ից 3-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ բոչիա հաշմանդամային մարզաձևի ուսումնամարզական հավաքը և 2022 թ.-ի Հայաստանի բոչիայի բաց առաջնությունը, որն  անցկացրեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Այս տարի Հայաստանի բոչիայի բաց առաջնությանը մասնակցեց շուրջ 8 թիմ և հաշմանդամություն ունեցող ավելի քան 30 մարզիկ։

 

Վիկտորիային հանդիպեցինք առաջնության բացման օրը։ Նա մրցաշարի փորձառու մասնակիցներից է և ցուցադրական ելույթների ժամանակ հաջողությամբ իրացնում էր գնդակի նետումները.

«Կարմիր գնդակներով եմ սիրում խաղալ, իմ սիրած գույնն է ու ինձ թվում է՝ հաջողություն է ինձ բերում»,- ասում է 15-ամյա Վիկտորիան, որն արդեն վեց տարի է, ինչ մասնակցում է մրցաշարին։

Վիկտորիան պատմում է, որ շատ է սիրում այս հավաքները, քանի որ նոր ընկերներ է ձեռք բերում, նաև հին ընկերներին հանդիպում. «Այստեղ շատ ուրախ է անցնում, հիմա մայրիկիս հետ եմ եկել,  իսկ տանն էլ եղբորս եմ սովորեցնում խաղալ»,- ասում է նա ու ժպտում։

Երկօրյա մարզական պայքարից հետո մարտի 3-ին հայտարարվեցին մրցանակակիրները, որոնք ստացան գավաթներ, մեդալներ, պատվոգրեր ու խրախուսական նվերներ։ Թիմային պայքարի հաղթողներն էին՝  «Հայկական ճամբար»-ը՝ 3-րդ տեղ, «Էմիլի Արեգակ»-ը՝ 2-րդ տեղ և առաջին մրցանակը վաստակած Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը։ Իսկ ահա անհատական մրցապայքարում հաղթող եռյակն էին Շուշանիկ Խաչատրյանը, Արթուր Մուրադյանը և Արտակ Դավթյանը։ Արտակը մրցաշարից հետո իր մեդալը փոխանցեց Մարտինին, նշելով, որ նա ավելի է արժանի այդ մրցանակին։

 

 

 

Շուշանը և՛ անհատական, և՛ թիմային պայքարում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց։

«Համառ պայքար էր, թիմերն էլ շատ ուժեղ էին, բայց  լավ էինք պարապել մեր ամբողջ թիմով, երևի դրա համար էլ հաղթեցինք»,- ասում է Շուշանը, որն արդեն երեք տարի է, ինչ մասնակցում է մրցումներին։ Մեր զրույցում նա նշեց, որ ամեն անգամ անհամբեր սպասում է մրցաշարին. «Այստեղ մեր ընկերներին ենք հանդիպում, որոնց հենց մրցաշարի օգնությամբ եմ ճանաչել, գրեթե բոլորին գիտեմ»,- ասում է Շուշանը և նշում, որ նոր մարդկանց էլ սիրով ընդունում են և ուրախ է, որ իրենց թիմն օր օրի մեծանում է։

 

Արթուրն ու Մարտինն էլ Գյումրիից էին եկել։ Չնայած առաջին անգամ էին մասնակցում, բայց արդեն երկրորդ մրցանակին էին արժանացել։ Մարտինը ոչ միայն բոչիայի առաջնությունում է հաջողություններ գրանցել, այլև ծանրամարտի պատանիների չեմպիոն է։

 

 

«Այստեղ ոչ միայն մրցում ենք միմյանց հետ, այլև դնում ենք մեր ողջ սերը, սա մենակ խաղ չէ, այլ փոխում է մարդկանց, նոր հնարավորություններ է ստեղծում,- ասում է Վլադիսլավը,- բոլորս էլ դժվարությունների միջով ենք անցել, որ այստեղ հասնենք, ու դրա համար բոլորս էլ արդեն հաղթող ենք, կարևոր չէ, թե որ տեղն ես զբաղեցնում՝ առաջին, թե հինգերորդ, քանի որ երբ տեսնում ես երջանիկ դեմքեր, հատկապես երեխաների դեմքեր, դու էլ ես քեզ երջանիկ զգում»։

Վլադիմիրն արդեն երեք տարի է, ինչ մասնակցում է մրցաշարին, այս տարի իրենց թիմն առաջին մրցանակին արժանացավ։ Ասում է, որ սպորտաձևի յուրահատկությունն այն է, որ, անկախ տարիքից, կարող ես մասնակցել, անգամ վեց-յոթ տարեկան երեխաները կարող են մրցել մեծերի հետ ու այդ հանգամանքը խաղն է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում.

«Սա մի փոքր տեղ է, որտեղ կարճ ժամանակով մոռանում ես անհարամությունների ու խոչընդոտների մասին, բայց շատ կուզեի, որ մեր հասարակությունը, միջավայրը, որտեղ ապրում ենք նույնպես ներառական լիներ ու այսքան փայլող աչքեր ամեն օր տեսնեինք, ոնց որ այս երեք օրերի ընթացքում տեսանք»։

 

Բոչիա մարզաձևի մասին

1984 թվականի նյու-յորքյան Պարալիմպիկ խաղերից հետո, բոչիան համարվում է պարալիմպիկ մարզաձև՝ նախատեսված ստորին և վերին վերջույթների կոորդինացիայի  խնդիր ունեցող անձանց համար: Խաղի արմատները գալիս են Հին Հունաստանից, որտեղ խաղացողները մեծ քարեր էին նետում դեպի թիրախ համարվող քարը: Բոչիա/ boccia/ անվանումը ծագում է լատիներեն “bottia” բառից, որ նշանակում է «գնդակ», եւ արտասանվում «բոտչա»: Ներկայում բոչիա խաղում են ավազով լցված գնդակներով` փորձելով գնդակները նետել թիրախ համարվող սպիտակ գնդակին որքան հնարավոր է մոտ:  Հաղթողը որոշվում է թիրախին ավելի մոտ գցած գնդակների քանակով: