Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրները վերլուծելու, առկա խնդիրները վերհանելու և դրանց կարգավորման հնարավոր ուղիներ առաջարկելու նպատակով մեզ անհրաժեշտ են հմուտ և բարձր որակավորում ունեցող ժողովրդագիրներ։ Ցավոք սրտի, մեր երկրի բուհերում «Ժողովրդագրությունը» որպես մասնագիտացում բացակայում է կամ դասավանդվում է որոշ ֆակուլտետներում ոչ բավարար չափով։
Որպես այդ խնդրի լուծմանն ուղղված քայլ, ս.թ. մարտի 9-ին, Երևանի պետական համալսարանում, կայացավ հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել ուսանողներին աշխարհի լավագույն կրթօջախներում և ուսումնական կենտրոններում ժողովրդագրության ոլորտում մի շարք անվճար կրթական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցեցին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, դասախոսներ, ուսանողներ և գործընկերներ Հայաստանից։
Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղությամբ պետության կողմից նախատեսվող բարեփոխումներին և սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը կարևորեց ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված առավել նպատակային միջոցառումների իրականացումը․
«Ժողովրդագրական գործընթացն ու առկա մարտահրավերներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են։ Նախաձեռել ենք ոլորտի համապարփակ ռազմավարության մշակում իրականացնել, որի շրջանակում արձանագրել ենք, որ Հայաստանում դեմոգրաֆիայի մասնագետների պակաս կա»,- նշել է նախարարը՝ ընդգծելով ոլորտում նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը, ինչին էլ կկարողանա նպաստել մագիստրոսական ծրագրի ներդնումը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս հնարավորությունները կլրացնեն Հայաստանում դեմոգրաֆիայի հետ կապված մասնագետների լուրջ բացը. «Երբ կրթական նոր ծրագիր ենք ներդնում, միշտ հարց ենք բարձրաձայնում, թե որտեղ են աշխատելու մեր ուսանողները։ Այս պարագայում կարող ենք վստահաբար ասել, որ աշխատանքի հարցը, գոնե մի քանի շրջանավարտների սերունդների համար լուծված է»։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշեց, որ անկախությունից հետո ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը. «Անկախությունից հետո մոտ մեկ միլիոն մարդ է արտագաղթել Հայաստանից, ծնելիությունը ցածր է պարզ վերարտադրությունից, ունենք ծերացող բնակչություն. այսօր 65 և բարձր տարիքային խումբը կազմում է բնակչության 12 տոկոսը, և ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց 2050 թ.-ին թիվը կրկնապատկվելու է»,- նշեց տիկին Հարությունյանը և առանձնացրեց ժողովրդագրության ոլորտի տեղացի մասնագետներ ունենալու անհրաժեշտությունը՝ քաջալերելով ներկա ուսանողներին անպայման օգտվել առաջարկվող կրթական հնարավորություններից, որոնք աշխարհի տարբեր ԲՈՒՀ-երում անվճար ուսանելու հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին։
Տեսակապով հանդիպմանն էր միացել նաև Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Վիշնևսկու անվան ժողովրդագրության ինստիտուտի փոխտնօրեն, «Ժողովրդագրություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Վլադիմիր Կոզլովը, որը ներկայացրեց իրենց ներկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով․ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու և քննարկելու կրթական ծրագրերի մանրամասները։